image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց  Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրաշատ տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ ընտանիք, համախբված Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ, նոր տարում շարունակելու է իր գործուն նպաստն ու ներդրումը բերել Ս. Էջմիածնի առաքելության իրականացման սրբազան գործում:

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի երիցագույն աշխատակիցներից տիար Նորայր Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետի 20-ամյա գահակալության տարիներին հետևողական կերպով իրագործվել են բազմաթիվ ծրագրեր քարոզչական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինության ոլորտներում: Պրն. Խաչատրյանը Նորին Սրբությանը բարեմաղթեց ուժ, եռանդ և հաստատակամություն ազգի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար:

Այնուհետև Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, իր ուրախությունը հայտնելով ավանդական դարձած հանդիպման կապակցությամբ, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին նվիրյալ ծառայության համար, որի շնորհիվ արդյունավորվում է Ս. Էջմիածնի առաքելությունը, պայծառանում Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին: Մասնավորապես, 2019 թվականը Ընտանիքի տարի հռչակելու առիթով Մայր Աթոռի կողմից կանցկացվեն հասարակության մեջ ընտանիքի արժևորման, ընտանեկան արժեքների և ամրության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Նորին Սրբությունը տեղեկացրեց ընթացիկ տարում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, Մայր Տաճարի ու Վեհարանի հիմնանորոգության աշխատանքների և եկեղեցական նոր ծրագրերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ իրենց կյանքում: