image

Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը:

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ:

Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական ու քաղաքացիական ոգու դրսևորումների:

Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն: Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց, քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից:

Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության, կրթության և այլ ոլորտներում: Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու, կլինեն նաև դժվարություններ՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:

Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և իհարկե, հանդուրժողականություն: Սրանք են հաջողության հասնելու բանալիները:

Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում: Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ անկախ մեր ծննդյան վայրից՝ ունենք մեկ հայրենիք, այդ հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնական ջանքերով: Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հենասյուների՝ մեր մշակությի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին:

Այս գործում, իհարկե, առանցքային դեր է կատարում մեր սուրբ եկեղեցին: Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր ողջ երկրի նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝ սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապօգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող հրշեջի, ոստիկանի, հացթուխի, տաքու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի, Ձեր բոլորի հետ:

Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար, նրանց, որ դեռ տուն չունեն, նրանց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում, մտահոգ եմ վիրավորների ու հիվանդների համար: Մաղթում եմ հոգսերի թեթևացում: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները, թող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը:

Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ՝ շատ պարզ նշանաբանը՝ կարողացել են ուրիշները, կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում, մենք կլինենք առաջինը:

Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքը և իրականացնել մեր բոլորի երազանքները:

Շնորհավոր Նոր տարի»: