image
Հրատապ լուրեր:

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին շնորհվեց ՍԱՀ պետական բարձրագույն աստիճանի շքանշանը

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին շնորհվեց ՍԱՀ պետական բարձրագույն աստիճանի շքանշանը

Նոյեմբերի 15-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արտաքին գործերի նախարարությունը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց Դամասկոսի «Four Seasons» հյուրանոցում:

Միջոցառմանը ներկա էին ՍԱՀ առաջին փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՍԱՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սիրիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, լրագրողներ:

Ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՍԱՀ առաջին փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝  ընդգծելով դեսպան Արշակ Փոլադյանի անգնահատելի ներդրումը հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում և հայ-սիրիական միջպետական հարաբերությունների պատմության մեջ։ Առաջին փոխարտգործնախարարը հավելեց, որ հայ դեսպանը շուրջ ութը տարվա պատերազմի ընթացքում չլքեց Սիրիան՝ դրանով իսկ արտահայտելով իր նվիրումը սիրիացի ժողովրդին։   

Ֆեյսալ Միկդադը ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի անունից դեսպան Արշակ Փոլադյանին հանձնեց ՍԱՀ բարձրագույն աստիճանի պատվավոր շքանշանը:

Ընդունելով բարձր պարգևը՝ դեսպան Արշակ Փոլադյանը շնորհակալություն հայտնեց Սիրիայի ղեկավարին՝ Բաշար ալ-Ասադին, պետական բարձրագույն շքանշանով պարգևատրելու համար: Դեսպանը նշեց, որ Սիրիայից հեռանալով իր հետ տանում է ամենաջերմ հիշողություններն այնտեղ անցկացրած դիվանագիտական աշխատանքային տարիների մասին: Դեսպան Փոլադյանն իր երախտագիտությունը հայտնեց նաև ՍԱՀ արտգործնախարարությանը և Սիրիայի պետական մյուս կառուցներին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության բարձր մակարդակի համար: Արշակ Փոլադյանը հաջողություն և խաղաղություն մաղթեց Սիրիային ու բարեկամ սիրիացի ժողովրդին:           

Միջոցառմանը հետևեց պաշտոնական ընթրիք ՍԱՀ ԱԳՆ կողմից՝ ի պատիվ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի:

Տեղեկանք.

ՍԱՀ գերագույն աստիճանի պատվո շքանշանը Սիրիայի պետական բարձրագույն պարգևն է, որն օտարերկրյա դիվանագետներին շնորհվում է բացառիկ դեպքերում։