image

chai-khana. Մուսուլմանի կյանքը քրիստոնյա Հայաստանում

chai-khana. Մուսուլմանի կյանքը քրիստոնյա Հայաստանում

Մասնագիտությամբ լեզվաբան 36-ամյա իրանցի Մարյամ Թորաբին մեկ տարի առաջ որոշեց տեղափոխվել Հայաստան: Նրա` Երեւան գալու նպատակը տարբերվում է իր բազմաթիվ հայրենակիցների այցելություններից: Եկել է նոր լեզու սովորելու և նոր մշակույթին ծանոթանալու համար: Սակայն, որպես պահպանողական մուսուլմանի, Մարյամի համար աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում ապրելը մարտահրավերներով լի է:

Իրանի ավանդապաշտ Սպահան քաղաքում ապրող Մարյամի ընտանիքը ուրախ չէր, երբ առաջին անգամ իմացավ դստեր` լեզվաբանական կրթությունը Երեւանի պետական համալսարանում շարունակելու եւ դրա համար կրթաթոշակ ստանալու լուրը:

«Նրանք ասում էին օտար, այն էլ քրիստոնյա երկրում մուսուլման աղջիկը չի կարող միայնակ ապրել: Նաև շեշտում էին, որ ես շատ դժվարություններ եմ ունենալու»,-պատմում է Թորաբին, ով այդ ժամանակ Սպահանի պետական համալսարանում լեզվաբանության դասախոս և միևնույն ժամանակ ուսանող էր,-«Ծնողներս նախընտրում էին, որ ես մնայի իմ հարազատ քաղաքում, աշխատեի և սովորեի այնտեղ: Դժգոհ էին, բայց քանի որ որոշումս կայացրել էի՝ եկա»:

Հայաստանը թեպետ սահմանակից է երեք մուսուլման երկրների (Ադրբեջան, Իրան եւ Թուրքիա), տեղի մուսուլման բնակչությունը չափազանց փոքր է ` պաշտոնական վիճակագրության (2011 թ.) համաձայն 3 մլն բնակչությունից ընդամենը 812 մարդ է իսլամադավան: Հայերի մեծամասնությունը (շուրջ 95%) քրիստոնյաներ են եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ: Հաճախ հավատքը տեսնում են որպես ազգային ինքնության մաս:

Մարյամի խոսքով՝ ժամանակի ընթացքում նա «հարմարվել է տեղի սովորություններին», նաև ձեռք է բերել շատ հայ ընկերներ, բայց ընդունում է, որ «սկզբում բարդ է եղել»:

Մարյամը Հայաստանում մշտապես գլխաշոր է կրում: Ասում է, որ դա «անսովոր է տեղացիների համար» եւ երբեմն տարօրինակ կերպով են նայում իրեն: Փորձում է անտեսել այդ հայացքները:

Սնվելու խնդիրը Հայաստանում ապրելու հաջորդ լուրջ մարտահրավերն է: Մյուս մուսուլմանների նման, Թորաբին երբեք խոզի միս չի ուտում եւ սնվում է միայն իսլամական ավանդույթներով պատրաստված հալալ մսով: Հայաստանն ունի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն, բայց պարբերաբար անհրաժեշտ է լինում ստուգել՝ արդյոք ձեռք բերված միսը հալալ է, թե ոչ:

«Այդ առումով մի փոքր բարդ է մուսուլմանի կյանքը Հայաստանում»,-ասում է Թորաբին՝ հավելելով, որ ամեն դեպքում իր ծնողներն այն եզրակացությանն են, որ Հայաստանը ապահով երկիր է:

 



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում