image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Ախլցխա» պարային համույթի սաների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց   «Ախլցխա» պարային համույթի սաների հետ

 24 օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներին՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

 

Հայր Հակոբը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համույթը ծրագրում է չորսօրյա  պտույտ կատարել Արցախում և հանդես գալ կատարումներով, ապա հայցեց  Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց համույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ նրանց ելույթները մեծ բավականություն կպատճառեն արցախցիներին  և կոգևորեն: Նորին Սրբությունը նշեց նաև, որ համույթի անդամներն իրենց հերթին  անմոռանալի օրեր կանցկացնեն Արցախում, կքաջալերվեն ու կզորանան` տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը:

 

Գարեգին Բ Վեհափառը, իր հայրական օրհնությունը բերելով պատանիներին, գովեց ազգային ինքնությունը, նախնյաց հավատքը և սրբազան ժառանգությունը պահպանելու գործում նրանց նախանձախնդրությունը: Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին շարունակել ապրել ազգային ոգով ու գիտակցությամբ:

 

Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Ախալցիխեի հոգևոր տեսչությանը և բարերար հայորդիներին` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայրենիք նման ուխտագնացությունների կազմակերպման համար:

 

Հանդիպման ընթացքում պատանի ախլցխացիներն իրենց երաժշտական կատարումներով և ազգային պարերով ուրախացրին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արժանանալով նրա գնահատանքին և պարգևներին: