image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պապական նվիրակին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց պապական նվիրակին

11 հուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին:

 

Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորեց վերջինիս նշանակման առիթով և մաղթեց արդյունավոր գործունեություն:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հանդեպ ջերմ սիրո մասին:

 

Գարեգին Բ Կաթողիկոսը հույս հայտնեց, որ նորանշանակ պապական նվիրակը ևս աշխույժ ջանքեր կգործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ:

 

Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար: Պապական նվիրակը նաև Սրբազան Քահանայապետի սերն ու զորակցությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ուղիներին:

 

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց պապական նվիրակին՝ մաղթելով Աստծո օգնականությունն իր սրբազան առաքելության մեջ:

 

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: