image

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպման ընթացքում Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում դրական դինամիկայի ամրապնդման, ինչպես նաև Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հեռանկարների շուրջ:

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը ընդգծել են համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում կողմերը գոհունակություն են հայտնել գերատեսչությունների միջև համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ` նշելով արտաքին քաղաքական նպատակների արդյունավետ իրականացման համար երկու նախարարությունների ղեկավարների և համապատասխան ստորաբաժանումների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման անհրաժեշտությունը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Տեսանյութ՝  https://www.youtube.com/watch?v=gu8i3s4kG3o&feature=youtu.be