image

Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և պաշտպանության բանակի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, որին Ստեփանակերտից և շրջաններից մասնակցում է 8 թիմ:

Ռազմամարզական խաղերը բաղկացած են 5 մրցաձևերից` շարային պատրաստություն, «Կալաշնիկով» ինքնաձիգի ոչ լրիվ քանդում և հավաքում, պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն:

Միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել  Քրիստափոր Իվանյանի հուշարձանին, այնուհետև   հնչել է Արցախի օրհներգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

Նա ասել է, որ նման  խաղերը հիմք են դնում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման և բանակաշինության գործընթացին:

Վ. Բալայանը նշել է, որ այսօրվա հայոց բանակը զինված է այնպիսի ռազմական տեխնիկայով, որի ճիշտ օգտագործման համար անհրաժեշտ են բանիմաց, գրագետ զինվորներ: Դպրոցում ստանալով գրագետ կրթություն և դրանք տարեցտարի ամրապնդելով՝ երիտասարդները,  որպես արդեն գրեթե  պատրաստի զինվորներ, ներկայանում են պարտադիր զինվորական ծառայության:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ներկաներին շնորհավորել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի բացման առիթով  և  կարևորել նմանատիպ   միջոցառումների  անցկացումը:

Նախարարի խոսքով՝ անկախ նախասիրություններից և մասնագիտական կրթությունից, հայրենիքի պաշտպանությունը պարտադիր և պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար:

Ն. Աղաբալյանը նշել է, որ ապրիլյան պատերազմն  ապացուցել է, որ նոր սերունդն իր հայրերից ու պապերից ժառանգել է լավագույն որակներն ու արժանիքները՝ հայրենասիրություն, խիզախություն,   անկոտրում  կամք:

Նա  վստահություն է  հայտնել, որ այսօրվա խաղի մասնակից  պատանիները  հենց   այդ գեների կրողներն են:

ԱՀ ԿԳՍ նախարարության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ  Ստեփան Օհանջանյանն էլ իր խոսքում ասել է, որ այս տարվա «Արծվիկ» ռազմամարզական խաղերը նվիրված են Արցախյան շարժման 30-ամյակին, ինչը պարտավորեցնում է էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու  նվիրումով  մասնակցել այս միջոցառմանը՝  ֆիզիկապես  ու  բարոյապես   պատրաստ  լինելու    շարունակել մեր հայրերի ու ավագ եղբայրների պայքարի գործը:

Իսկ   խաղին մասնակից Հերհերի Ալիս Սիսեռյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Հարությունյանն իր  խոսքում  ընդգծել է, որ ամեն մի արցախցի,  անկախ   տարիքից   պիտի ֆիզիկական պատրաստություն և ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանա. դրան   նպաստում են Արցախում ամեն տարի անցկացվող «Արծվիկ» ռազմամարզական խաղերը:

Նշենք, որ մրցումները տևելու է 3 օր՝ մինչև մարտի 22-ը: