image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց  Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանի 18 սաների հետ:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ներկայացնելով այս տարի հոգևոր հաստատություն մուտք գործած ուսանողներին, նշեց, որ ճեմարանի առաջին լսարանցիների հետ Ամենայն Հայոց Հայրապետի ամենամյա հանդիպումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: Հայր Գարեգինը նշեց, որ նման հանդիպումները ոգեշնչում են երիտասարդներին և առավել խանդավառում իրենց ուսումնառության մեջ:

Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանականներին ուսումնառության տարիները լավագույնս ծառայեցնել գիտելիքներ ամբարելու և հոգևոր առաքելության պատրաստվելու համար:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր սպասավորությունն ազգին, Եկեղեցուն և Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն ճանապարհներից է:

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցականի կերպարին` պատգամելով սաներին հետևել մեր Փրկչի և Հայ Եկեղեցու լուսավոր վարդապետների օրինակին և ամենայն նախանձախնդրությամբ ու նվիրումով իրենց անձերը ծառայեցնել ի փառս Հայոց Եկեղեցու և ի մխիութարություն բարեպաշտ ժողովրդի: Նորին Սրբությունը հավելեց, որ ժողովրդի հարգանքին ու սիրուն հոգևորականը կարող է արժանանալ միայն հովվական կյանքում դրսևորած իր խոնարհությամբ, նվիրումով և անձնազոհության ոգով:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ճեմարանականներին` մաղթելով բարեհաջող ուսումնառություն հոգևոր հաստատության կամարների ներքո:

Հանդիպման առիթով Հայոց Հովվապետն ապագա եկեղեցականներին ընծայեց Նոր Կտակարաններ: