image
Հրատապ լուրեր:

Այս տարի Հայաստան այցելությունների աննախադեպ թիվ է գրանցվել

Այս տարի Հայաստան այցելությունների աննախադեպ թիվ է գրանցվել

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս տարի զգալիորեն աճել է դեպի Հայաստան օտարերկրյա քաղաքացիների այցելությունների (այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով) թիվը:

 

Նրա խոսքով՝ 2017թ. առաջին 6 ամիսներին Հայաստան այցելությունների նախնական թիվը կազմել է 1,35 մլն, որը 24,3%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Իսկ այս տարվա հունիսի ցուցանիշն անցած տարվա հունիսի համեմատ աճել է 27,7%-ով:

 

Միաժամանակ, զբոսաշրջային նպատակով այցելությունների ցուցանիշը 2017թ. առաջին 3 ամիսներին գրանցել է 18,2% աճ՝ կազմելով 298 533:

 

«Սրանք աննախադեպ բարձր թվեր են, եւ մեզ համար շատ դրական արդյունք է: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել գոնե կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը եւ դրա համար տարվում են լուրջ աշխատանքներ»,- նշել է նա:

 

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ ամենամեծ զբոսաշրջիկների հոսքերը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից: Աճի հետաքրքիր դինամիկա են դրսեւորել նաեւ Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Կանադայից եւ Իսպանիայից (200%-ին մոտ) եկող զբոսաշրջային հոսքերը:

 

«Դեռեւս հոկտեմբերին նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ մենք աշխատում ենք: Դրանք են՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արեւմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ մենք ունենք ուղիղ չվերթներ, Գերմանիան, որն ունի արտագնա զբոսաշրջության ամենամեծ թիվը, Արաբական ծոցի երկրներ, Սփյուռքը: Այս տարի ուսումնասիրում ենք նոր շուկաներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ճապոնիան»,- ընդգծել է նա:

 

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ նախատեսվում են տարատեսակ միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ դեպի Հայաստան օտարերկրացի լրագրողների այց, միջազգային հայտնի լրատվականների անդրադարձ մեր երկրին, փառատոնների անցկացում եւ այլն: