image

Շուշան Պետրոսյան. Մեծ տարբերություն կա Թուրքիայում պատմամշակութային վայրեր այցելող եւ այնտեղ առեւտրով զբաղվող հայերի միջեւ

Շուշան Պետրոսյան. Մեծ տարբերություն կա Թուրքիայում պատմամշակութային վայրեր այցելող եւ այնտեղ առեւտրով  զբաղվող հայերի միջեւ

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն  ԱԺ-ում կառավարության հետ  վերջին հարցուպատասխանի ժամանակ  մտահոգվել էր,   թե որքանո՞վ է Թուրքիայում հայկական պատմամշակութային վայրեր զբոսաշրջության նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված՝ հաշվի առնելով թուրք-քրդական օրեցօր մեծացող հակամարտությունը։

Ի պատասխան պատգամավորի հարցի,  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ  ԱԳՆ-ն մշտապես տարբեր իրադարձությունների հետ կապված զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին՝ մեկնել կամ չմեկնել տվյալ վայրերը: 

«Արեւելքի»  այն հարցին, թե ինչքանո՞վ է ճիշտ մտահոգվել միայն պատմամշակութային վայրեր զբոսաշրջության մեկնած հայերի ճակատագրով, այն դեպքում, երբ Թուրքիայում բազմաթիվ հայեր են բնակվում եւ վտանգը սպառնում է բոլորին, այդ թվում  այն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներին,  ովքեր տարիներ շարունակ անօրինական կարգով ապրում եւ աշխատում են Թուրքիայում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց.

«Կարծում եմ մեծ տարբերություն կա Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձաններ այցելող հայի ու Թուրքիա հանգստի մեկնած հայի միջև։ Մեծ տարբերություն կա Թուրքիայում առևտրով ու բիզնեսով զբաղվող հայի ու ծագումը, տոհմի պատմությունը, ակունքները փնտրող հայի միջև։ Ես անշուշտ մտահոգ եմ առհասարակ հայի համար, բայց հատկապես նշածս վերջինները  ինձ հոգեհարազատ են, իսկ Թուրքիայի բյուջեն կլորիկ գումարներով համալրող հայի տեսակն ինձ համար անընդունելի է։ Այդ գումարներով զենք է արտադրվում հենց մեր դեմ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում ապրող հայերին, ոչինչ ասել չեմ կարող , իրենց ընտրության հարցն է։ Ծպտված են, ազգանունները փոխած, հիմնականում ինտեգրված թուրքական կենցաղին, մշակույթին։ Այս խնդիրն ունի երկու մոտեցում. մեկն այն է, որ չեն ուզում կորցնել կապն իրենց տան, անցյալի , միջավայրի հետ (ամեն գնով), միուսն էլ ուղղակի ամորֆ , անտարբեր մոտեցումն է։ Սա ընտրության հարց է։ Տուն թողնել գա՞լ ։ Այո , Աստվածաշունչը ,գրքերը հագուստների տակ պահած , փրկած ու փրկված հայերն են ցայսօր ապրում աշխարհով մեկ ու հայեր , որ չեն մոռանում իրենց արմատները , հիշում են պապի սովորեցրած միակ հայերեն բառը , ու թուրքի անվան տակ, հավատափոխ, թուրքի հետ ապրում են...ընտրության հարց է, գոյության կռիվ ու հայի ողբերգություն»։

Շուշան Պետրոսյանը նաեւ հավելեց, որ այս հարցով հետաքրքվողները տեղյակ պետք է լինեն, որ տուրիստական գործակալությունները միշտ նույն մշակված ու հաստատված քաղաքներով են անցնում (հյուրանոց, հուշարձաններով հարուստ վայրեր), որոնցից , Մարդինը , Վանը , Դիարբեքիրն  ու շատ այլ տեղեր ուղղակի պարտադիր վայրերից են:  Աժ-ում իր հարցի մեջ պատգամավորը հիշեցրել էր, որ որոշ վայրերում պարետային ժամ է, իսկ Վանում գիշերն անհանգիստ է եղել: