image
Հրատապ լուրեր:

Ստամբուլի հայաստանցիները նոր դպրոցական շենք կունենան

Ստամբուլի հայաստանցիները նոր դպրոցական շենք կունենան

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան վարժարանը եկող ուսումնական տարում կտեղափոխվի նոր մասնաշենք: «Արևելքի» այս տեղեկությունը հաստատեց վարժարանի փոխտնօրեն Դավիթ Խաչատրյանը, նշելով, որ վարժարանի ներկայիս շենքային պայմաններն անբավարար են դասապրոցես անցկացնելու համար, և երկար սպասումներից հետո, հայաստանցի աշակերտները վերջապես նոր շենք կունենան, որը նախկինում եղել է դպրոց և նախատեսված է դպրոցական գործունեության համար, ի տարբերություն Հրանտ Դինքի անվան վարժարանի ներկայիս շենքի, որը եկեղեցու գետնահարկում է գործում: 

2003-ից Ստամբուլի Գում Գամփու թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցում գործող հայկական վարժարանում  սովորում են Ստամբուլ աշխատանքի նպատակով տեղափոխված հայաստանցիների 144 երեխաներ, դպրոցին կից բացվել է նաև մանկապարտեզ: Կրթական հաստատությունը Հայաստանից դուրս գործող միակ դպրոցն է, որտեղ դասերն անցկացվում են ըստ ՀՀ կրթական ծրագրի: Այն պաշտոնապես գրանցված չէ, բայց Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում դպրոցի գործունեությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ  Պոլսո պատրիարքարանի և ՀՀ կրթության նախարարության միջև կնքված հուշագրի, Հրանտ Դինքի անվան վարժարանի աշակերտներն իրավունք են ստացել Հայաստան տեղափոխվելուց հետո իրենց ուսումը շարունակել Հայաստանի դպրոցների համապատասխան դասարաններում:

Դպրոցը նոր մասնաշենք տեղափոխելու գործում, ինչպես տեղեկացանք, մեծ է եղել Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ջանքերը, աջակցել են նաև պոլսահայ բարերարներ:  

Հայաստանցի աշակերտները նոր ուսումնական տարում սովորելու են Գում Գափուի Պողոսյան-Վարվառյան դպրոցում, որը ժամանակին փակվել է, իսկ արդեն, ըստ նոր ձեռք բերված համաձայնության, պիտի նորոգվի, կահավորվի և տրվի հայաստանցի աշակերտներին: 

Դպրոցի փոխտնօրենը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ անկախ ամեն ինչից, Ստամբուլում ապրող հայաստանցիների նպատակակետը մեկն է՝ իրենց երեխաներին վերադարձնել Հայաստան: