image

Նուիրեալներ. «Գնում ենք տղերքին բերելու». Հետախոյզ Էրիքը իր կեանքի գնով փրկած է հրամանատարին

Նուիրեալներ. «Գնում ենք տղերքին բերելու». Հետախոյզ Էրիքը իր կեանքի գնով փրկած է հրամանատարին

 

News.am-էն կը կարդանք 

Հետախոյզ Էրիք Եգանեանը իր ընկերներուն հետ Հատրութի շրջանին մէջ կրցած է բազմաթիւ անգամ անցնիլ հակառակորդի կողմը եւ դուրս բերել 178 զինուորներ: Այս մասին Եռաբլուրի մէջ պատմած է  նահատակի մօրաքոյրը՝ Սուսաննա Դաւթեանը:

«Ինքը թիկնապահութեան դասերի գնաց ու սկսաւ ինքնակրթուել, յետոյ գնաց խաղաղապահ զօրքեր: Ասում էինք դուրս արի, չլսեց մեզ, ինքն իր գործը սիրում էր:

Հետախոյզ էր, զանգում էր տուն, ասում էր՝ չզանգէք, գնում եմ քնեմ, իբր, ու գնում էին գիշերով երեխէք էին փրկում: Իր ընկերն է ասել, որ 178 երեխայի են փրկել: Գիշերը նրանց կողմն են անցել, ասել են՝ երեխէք, ինչքան կը տեղաւորուէք մեքենայի մէջ, թէկուզ իրար վրայ, նստէք: Իսկ էդ օրը իր կեանքի գնով ինքն իր հրամանատարին է փրկել: Դէպքը ամսի 21-ին է եղել:

Ապրիլեանի մասնակից էլ է եղել, հենց Թալիշում են եղել: Ոչ մի բան չի բարձրաձայնել իր արածների մասին, բայց իր պատուոգրերի մէջ դա կայ: Էս հիմա ինչ ասում եմ, իր ընկերներն են պատմել: Հիմա նոր պատուոգրերը տեսանք, զարմացանք»,-ըսած է տիկին Սուսաննան:

Իսկ Էրիքի մայրը՝ Սաթենիկ Դաւթեանը նշած է. «Գիտէինք, որ Հատրութում է, չէինք պատկերացնում, ինքն էլ ոչ մի բան չէր ասում: Ասում էր՝ լրիւ լաւ է, հանգիստ մնացէք: Էդ օրը «Վիլիսով» գնալիս են եղել, մէկ էլ տղաս հասկացել է, որ թուրքեր են դիմացը: Էդ պահին կանգնել են ու սկսել կռիւը: Նրանք հայկական հագուստով են եղել, մենակ զէնքից են հասկացել, որ թուրք են: Դէ նրանք շատ են եղել, իսկ իրենք 4 հոգով: Բացի տղայիցս, միւսները հրաշքով փրկուել են»:

Նաեւ տեսանիւթ կայ, թէ ինչպէս Էրիքն ու ընկերները գիշերով ճանապարհ ինկած են դէպի հակառակորդի կողմը «Հերոսներին տեսէք, գնում ենք տղերքին բերելու, 15 հոգի մնացել են էն կողմում»,-կը լսուի տեսանիւթին մէջ: