image

Ոչ մի եկամուտ չի կարող արդարացնել թշնամու հետ գործ ունենալը. Կարեն Վարդանյան

Ոչ մի եկամուտ չի կարող արդարացնել թշնամու հետ գործ ունենալը. Կարեն Վարդանյան

Վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հայերն իրենց պատկանող խանութներից հանում են թուրքական արտադրության ապրանքները։ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Կարեն Վարդանյանը, որ նման կոչ էր հնչեցրել և այդ մասին պատմել էր նաև սոցցանցերում, պատասխանում է «Արեւելքի» հարցերին.

 

-Ո՞ւմ նախաձեռնությամբ որոշվեց թուրքական ապրանքները դուրս բերել հայկական վաճառատներից:


-Նախ ասեմ, որ արդեն տարիներ ի վեր հայկական հեռուստատեսությունը սոցիալական հոլովակ է ցուցադրում` կոչ անելով չգնել թուրքական ապրանքներ, որովհետև այս առևտրի եկամուտի մեկ մասը օգտագործվում է զենքի արտադրության մեջ, որը հետագայում փաստացի գործածվում է մեր սահմանները պաշտպանող զինվորի դեմ: Նույնիսկ սա նկատի ունենալով, կարծում եմ, որ մենք մեծ մասամբ թուրքականը մերժելու անհրաժեշտ գիտակցությունը չունենք. փաստը` 88-ից սկսված Արցախյան ազատամարտը և առավել ևս` Հայոց Եղեռնը: Երկրորդը քիչ ավելի ցավալի և տարակուսելի է, որովհետև թուրքական ապրանքներ են ներկրում ընկերություններ, որոնց տերերը Եղեռնի զոհերի ուղղակի ժառանգներն են: Այս պահին տեղի ունեցողը կարծում եմ, որ ավելի շուտ արձագանքն է ազերիների արարքների` իրենք (ցավոք առաջինը) Մոսկվայում արգելեցին իրենց պատկանող վաճառքի սրահներում հայկական ապրանքների առևտուրը: Մեր արածի նպատակի մասին արդեն սոցցանցերում տարածված իմ տեսանյութի մեջ խոսել եմ` նույնիսկ մեկ սենթ մեր դեմ ակտիվորեն կռվող թշնամուն չտալն է, որ նույնիսկ մեկ փամփուշտ մեր տված գումարով չպատրաստվի:

 

-Վերջին օրերին արտասահմանում ընթացող հայերի հավաքները Ադրբեջանը տարբեր ձևերով փորձեց խանգարել. Դուք որևէ վտանգ տեսնո՞ւմ եք հայության համար, և կոնկրետ ԱՄՆ-ում տեղական իշխանությունները ի՞նչպես արձագանքեցին կատարվածին:


-Ադրբեջանցիների կամ թուրքերի հակազդեցությունը վտանգավոր է. ապացույցը՝ առանձին հայերի վրա խմբով հարձակումներն ու ծեծն են: Կարծում եմ իրենք ներքին պահանջ չունեն համախմբվելու, բայց իրենց պետությունը այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է` ազգային ինքնության գաղափար ծնեցնելու համար: Նույնը վերաբերվում է ակտիվ լոբբինգին,  այստեղ միայն կարող եմ ուրախանալ, որ հայկական կազմակերպությունները, հայ դեսպանատների հետ միասին, ակտիվորեն զբաղված են մեր խնդիրները միջազգային մակարդակով հասանելի դարձնելու գործով: Հավանաբար այս կազմակերպություններն ավելի տեղյակ են, թե ինչպիսին է ամերիկյան շրջանակների արձագանքը տեղի ունեցածին:


-Հայկական խանութների տերերի արձագանքը ապրանքները հանելու այդ կոչին, ինչպիսի՞ն էր ընդդիմացողներ չեղա՞ն, ասելով, որ սա, ի վերջո, բիզնես է:

 

-Ընդհանուր հարցում չեմ արել, բայց իմ իմացած հայկական խանութների տերերը հիմնականում դրական են մոտեցել թուրքական ապրանքները հանել կոչերին, գաղափարին. մեր խնդիրը հասկացնելը պետք է լինի այն հայ գործարարներին որոնք անմիջապես Թուրքիայից ապրանք են ներկրում, որ ոչ մեկ գումար կամ եկամուտ չի կարող արդարացնել քո նախնիներին սպանած, քո եղբայրների հետ կռվող և քո զավակներին ոչնչացնել կամեցող թշնամու հետ գործ ունենալը: