image

Սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է. Սևակ Արծրունի

Սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է. Սևակ Արծրունի

Ինչպես հայտնի է, երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ է արել, իսկ երեկ ու այսօր պարբերաբար հրետակոծել է հայկական դիրքերը: Կատարվածը, «Արեւելքի» խնդրանքով մեկնաբանել է հրապարակախոս Սևակ Արծրունին. 

 

 

-Պարոն Արծրունի, ինչպե՞ս կմեկնաբանեք  սահմանային վերջին զարգացումները:


-Իմ կարծիքով սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է: Ռուս-թուրքական բանակցությունների վրա, Լիբիայի և Սիրիայի, Իրաքի փաթեթներին, հիմա կարծես  ավելանում է  Հայաստանը: 

Էրդողանի նպատակն է կետ առ կետ,  եթե ոչ դե յուրե ապա դե ֆակտո խախտել Լոզանի պայմանագրի բոլոր կետերը, որովհետև Լոզանը Առաջին աշխարհամարտի ժամանակ կործանված Օսմանյան կայսրության և փոխարենը պարտադրված Թուրքիայի Հանրապետության հիմնաքարն է: Նպատակն է վերանայել Թուրքիային պարտադրված սահմանները և Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում:

Էրդողանի այս ճանապարհը  հետապնդում է հիմնական երկու ուղի.

Առաջին. շրջանցել Մուսթաֆա Քեմալի ժառանգությունը և, պատմության հոսանքին հակառակ նավարկելով, վերադառնալ 19-րդ դարի Օսմանյան կայսրության իրավիճակին:

Հասկանալով, որ նման քաղաքական նպատակ իրագործել հնարավոր չէ օրենքի ուժով, Էրդողանը հույս է դնում ռեալ պոլիտիկի ճանապարհով, հիմնականում բռնության և ռազմական գործողություններով հասնել Օսմանյան կայսրությունը աշխարհաքաղաքական դաշտ վերադարձնելու փաստացի իրավիճակին:

Երկրորդ. նա, լարելով հարաբերությունները Հունաստանի հետ, մտնելով Սիրիա, Իրաք և Լիբիա, բաժին պահանջելով Միջերկրական նավթահորերից և գազի պաշարներից, Սաուդյան Արաբիայից համաիսլամական Խալիֆաթի դրոշը վերցնելով, երկրում կրոնապետություն հիմնելով, վերաիսլամացնելով Սուրբ Սոֆիան, և տասնյակ այլ ցուցադրական ու հիմքային գործողություններով, իրականում դրժում է Լոզանում ստանձնած Թուրքիայի Հանրապետության պարտավորությունները և անցում կատարում դեպի Օսմանյան պետություն: Իսկ Օսմանյան կայսրության դիմաց առաջին հերթն կանգնած է ռուսական զենքը:

 

Մեր՝ հայերիս խնդիրը մեկն է, լինել իրավիճակի տերը, բայց չտրվել հայրենասիրական միֆերին:

Այսինքն պահանջատեր լինել Թուրքիայից՝ Օսմանյան հայության կապիտալի վերականգնման և Հայաստանի ու Փոքր Ասիայի ապաշրջափակման պահանջով, ՀՀ֊Արցախյան և Հյուսիս Արևելյան ճակատում լինել անսասան հարձակողական իսկ Ռուս-հայկական ռազմական համագործակցության մեջ՝ կայուն նախաձեռնող:

Ամենակարևորը՝ բոլոր կողմերին ցույց տալ, որ հայությունը չի կրկնելու հին սխալները, և որ ինչքան էլ շատ լինեն ներքին ճեղքվածքները, ազգային իրավունքի և հայ զորականի շուրջ ազգը մեկ ամբողջություն է: