image

Հույսի և միասնության կոչ. Հարութ Ֆազլյանը ղեկավարել է Բաալբեկի փառատոնի գլխավոր համերգը

Հույսի և միասնության կոչ. Հարութ Ֆազլյանը ղեկավարել է Բաալբեկի փառատոնի գլխավոր համերգը

Լիբանանի Բեգաա դաշտավայրում գտնվող Բաալբեկ պատմական քաղաքում այս պահին ընթանում է Բաալբեկի ավանդական երաժշտական փառատոնը, որն այս տարի, համավարակի պատճառով, հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Հազարավոր հանդիսականներ հեռավար  հետևում են լիբանանահայ տաղանդավոր երաժիշտ Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ Լիբանանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի  համերգ-կոմպոզիցիային՝  «Դիմադրության ձայնը» խորագրով։ Երաժշտական կոմպոզիցան նվիրված է Լիբանանի և համայն աշխարհի այսօրվա աննախադեպ վիճակին: 

9000 տարվա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության ավերակների վրա գտնվող Բաալբեկ նշանավոր վայրում (որ Տիգրան Մեծի ժամանակ կոչվել է Արև-Քաղաք)  1955 թ.-ից անցկացվող միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվում է առանց հանդիսատեսի ներկայության:

Կազմակերպիչները փառատոնը համարել են պատմական, իսկ հայ երաժիշտ Հարութ Ֆազլյանի գլխավորած նվագախմբի՝ այս օրերին չդադարող աշխատանքը՝ համախմբման և նաև արվեստի միջոցով վերածնման խորհրդանիշ: Փառատոնին ողջույնի խոսքեր են հղել միջազգային այլ փառատոների կազմակերպիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից, նշելով, որ երաժշտական Բաալբեկը հույսի և միասնության կոչ է տարածում աշխարհում: