image
Հրատապ լուրեր:

Կորոնավիրուսը մեզ էլ այցելեց

Կորոնավիրուսը մեզ էլ այցելեց

Անուշ Թրվանց

 

 

Covid-19-ը ներխուժեց նաև մեր ընտանիք: Չնայած անվտանգության կանոնների պահպանմանը, անվերջ ախտահանումներին, դիմակ կրելուն, շփումների նվազեցմանը, պարզվեց  վարակվել ենք՝ ամուսնուս թեստը դրական ցույց տվեց: Մինչև թեստ հանձնելը արդեն ուներ կորոնավիրուսին բնորոշ նշաններ՝ ջերմություն, մարմնի կոտրտվածություն, քթըմպանի բորբոքում… Դադարեց հոտ զգալ, գլխացավեր և ակնագնդերի ցավեր  ի հայտ եկան…  Մեր կապը  տեղամասային բժշկի հետ էր, քանի որ նախարարությունը նոր էր կորոնավիրուսով հիվանդների բուժման և  նրանց հսկման պարտականությունը դրել պոլիկլինիկաների վրա: Տեղամասային բժիշկը խորհուրդ տվեց ջերմիջեցնող և ցավազրկող ընդունել և սպասել, քանի դեռ ջերմությունը բարձր չէ:  Բնականաբար, հեռվից կապ էինք  պահում նաև այլ բժիշկների հետ: Բելգիայում ապրող մեր ծանոթ բժիշկներից մեկը խորհուրդ տվեց քթըմպանը բացելու համար խոտաբույսերով ինհալացիա անել, մեկ այլ բժիշկ խորհուրդ տվեց   անսահման հեղուկներ ընդունել: Ամուսինս հիվանդանալուց առաջ երկար հեծանիվ էր վարել և մրսել, ախտանիշները բոլորը վերագրեցին դրան, բայց ենթատեքստով նաև ասում էին, որ չվախենանք, եթե կորոնավիրուս լինի:  Եվ երբ ջերմությունը երրորդ օրը չիջավ, անմիջապես  կողմնորոշվեցինք ի՛նչ անել՝ առաջինը շտապեց թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ): Հետազոտությունը ցույց տվեց միակողմանի թոքաբորբ, որը, ըստ մասնագետի, նման էր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբին: Մասնավոր բժշկական կենտրոնում, որտեղ կատարել էր հետազոտությունը, խորհուրդ տվեցին գնալ թեստավորման: Թեստը հանձնեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երկու օրից պատասխանը հայտնեցին՝ դրական: Բայց  այդ ընթացքում սկսեցինք նշաններ ունենալ նաև ես ու երեխաները: Երեխաները ջերմում էին, ունեին գլխացավեր, կորցրել էին հոտի զգացողությունը, ես հազում էի, ունեի ջերմություն…  Ասեմ, որ ամուսինս Նորքից տուն եկավ չափազանց թևաթափված. այն, ինչ տեսել էր ընդունարանում՝ հերթերը, անկանոնությունը, թեստ հանձնողների մեծ թիվը խիստ ընկճել էին նրան:

Ամենաջղայնացնողն իհարկե այն էր, որ Շտապ օգնություն  հիմնականում դժվար էր միանալ (մայիսի 30-ի երեկոյան, օրինակ, երկու ժամ փորձել եմ), իսկ միանալու դեպքում էլ խորհուրդ էին տալիս կապվել տեղամասային բժշկի հետ: Մայիսի վերջի այն չորս ոչ աշխատանքային օրերն էին, տեղամասային որոշ բժիշկներ նույնիսկ աշխատանքային օրերին հաճույքով չեն աշխատում, ինչ մնաց՝ ոչ աշխատանքային օրերին: Նման ծանր բեռ դնել հյուծված պոլիկլինիկաների և այնտեղ ցածր աշխատավարձով աշխատող բժիշկների վրա, իմ կարծիքով, համաճարակի դեմ պայքարում գլխավոր սխալներից մեկն էր, ինչը հետագա բոլոր օրերին համոզվեցի մեր սեփական օրինակով:

Բարեբախտաբար պոլիկլինիկայում ունենք շատ լավ մանկաբույժ, որ հեռվից հսկում էր երեխաների վիճակը, բուժում նշանակեց, սիրելի բժշկուհի Աիդա Ասատուրյանն էլ Կանադայից էր խորհուրդներ տալիս: Երեխաները՝ 17 և 12 տարեկան տղաներս, երրորդ օրն արդեն հաղթահարեցին, այսօր չնայած դեռ հոտ չեն զգում, բայց ջերմություն  և գլխացավեր չունեն,  դեղերը պետք է ևս երկու օր շարունակեն (բուժում ընդունում են մայիսի 31-ից): 

Երեկ ես, բարձր ջերմությամբ նույնպես գնացի թոքերի հետազոտության, և ԿՏ-ն նույնպես վիրուսային ծագման թոքաբորբի սկիզբ ցույց տվեց:   Օջախները դեռ նոր են, ինչը նշանակում է՝  հավանաբար հեշտ կհաղթահարեմ: Այս հիվանդության դեմ պայքարում, իհարկե, գլխավորը լավատեսությունն է և խուճապի չմատնվելը, մանավանդ, երբ ունես լավ ու մտահոգ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, որոնք ամեն վայրկյան ուժ են տալիս, և կորոնավիրուսն ու նրա հարուցած թոքաբորբը հեշտ հաղթահարելի են թվում: Այսօր արդեն այգու ցանկապատերի արանքից ստացա առաջին ծաղկեփունջս և քաղաքի մյուս ծայրից ընկերուհիներիս ուղարկած հակավիրուսային մի դեղ, որ չէի գտնում ոչ մի տեղ:   

Իսկ հիմա այն հակասություններից մեկը, որ ես մեր օրինակով հանդիպել եմ կառավարության որդեգրած քաղաքականության մեջ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից մայիսի 31-ին՝ թեստի պատասխանից մեկ օր հետո մեզ զգուշացնում են չտեղաշարժվել, քանի որ չնայած ընտանիքում մեկ հոգի ունի դրական պատասխանով թեստ, բայց բոլորս դիտարկվում ենք  որպես  վիրուսակիրներ և իրավունք չունենք  տեղաշարժվելու:  Հաջորդ առավոտյան իմ ինքնազգացողությունը վատանում է, շտապ օգնությունը հորդորում է կապվել տեղամասային բժշկի հետ, տեղամասային բժիշկը նորից սկսում է նույն ծանոթ սցենարը՝ ջերմիջեցնողներ  է նշանակում (ինչպես ամուսնուս դեպքում),  բայց ես  կանխազգում եմ, որ կարող է   թոքաբորբ սկսվել (ինչպես ամուսնուս դեպքում) և բնականաբար, ես պիտի խախտե՞մ օրենքը և իմ ոտքով  գնամ թոքերս հետազոտելու: Ծանոթ է չէ՞ որ կովիդային ծագման թոքաբորբը հաճախ, մանավանդ՝ սկզբում, չի կարող երևալ պոլիկլինիկայի առաջարկած ռենտգեն հետազոտությամբ: Այդպես էլ անում եմ, և մասնավոր բուժկենտրոնում ախտորոշում  են այն, ինչ ենթադրում էի… Իհարկե, բոլոր այս քայլերս կատարում եմ խիստ պաշտպանված,  հերթով ախտահանելով ձեռնոցներս ու մակերեսները, ինչին դիպչում էի՝ հարուցելով շատերի զարմանքը, ոմանց՝ վախը երևի: Դիմակի տակ էլ հազս երբեմն պոռթկում էր, բայց ես ուրիշ ելք չունեի այդ պահին:  Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք վատ են զգում և մասնավոր կենտրոններ գնալու հնարավորություն չունեն,  շտապ օգնությունն էլ խորհուրդ է տալիս սպասել: Ու այդպես շատերի վիճակը բարդանում է հենց տանը... 

Հարցերը շատ են. դրանցից մեկն էլ, իհարկե, տանը նշանակված բուժումների շատ թանկ լինելն է՝ մի քանի հակաբիոտիկներ  պետք է համադրել հակավիրուսայինների,   այլ դեղերի, վիտամինների հետ, իսկ կան բազմաթիվ ընտանիքներ, ուր վարակված են  բոլորը, ունեն ախտանշաններ, և բոլորն էլ պետք է տանը բուժում ստանան…  Ես իհարկե, այստեղ դեղերի և բժիշկների անուններ չեմ գրի, յուրաքանչյուրի բուժումը, կարծում եմ, խիստ անհատական է: Քանի որ վիրուսը նոր է,  յուրաքանչյուր բժիշկ ունի այս թոքաբորբին մոտենալու և  բուժելու իր ձևը:

...Հիմա տանն ենք, բուժումները ստանում ենք,  առևտուրը և դեղերը գնում  ենք առցանց, չենք շփվում ոչ մեկի հետ,  առաքիչներին խնդրում ենք բերածը թողնել այգու մուտքի մոտ և գնալ, բժիշկների հետ կապը հեռակա է: Տեղամասային բժշկուհին չի այցելում, հավատացնում է, որ շատ ծանրաբեռնված է, ծանր հիվանդներին է այցելում, և որ ինքն ամեն անգամ վերնահագուստը հագնելուց, հանելուց, ախտահանելուց մեծ անհարմարություն է զգում, ախտահանիչ միջոցներն էլ բավարար չեն…  Պատկերացնում եմ:  Ու չգիտեմ, եթե այսպես շարունակվի, ինչքա՞ն կդիմանան պոլիկլինիկայի բժիշկները, կկարողանա՞ն բարձրացնել բեռը, արդենիսկ երևում է, որ չեն կարողանում: Գո՞ւցե վերանայվի հիվանդներին բուժկենտրոններում պահելու հարցը, գո՞ւցե նոր կենտրոններ գործի դրվեն կամ մարդկանց դեղերը ուղարկեն տուն...   

Վստահ եմ՝ այս պահին դրսում բազմաթիվ ախտորոշված վիրուսակակիրներ կան, քանի որ բոլորը չեն, չէ՞ որ պատրաստ են ամեն ինչ առցանց գնել, կամ չունեն ինչ-որ մեկը, որ կարող է բերել սնունդ, դեղ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Ահա այդ պատճառով էլ մարդիկ դուրս են գալիս և վարակում բազմաթիվ մարդկանց՝ հաճախ չպահելով անվտանգության կանոնները:  Նրանց մեծ մասը, ի դեպ, թույլ զգալով, ջերմությամբ և հազալով է դուրս գալիս:  Այստեղ ծագում է հարցը՝ իսկ ո՞ւր մնաց բջջային հավելվածով մարդկանց հետևելու ծրագիրը:  Ինքս, այդ որոշումն ընդունելու օրերին կողմ եմ եղել նման հավելվածի գործադրմանը, հասկանալով, որ եթե ընտրություն է գնում անձնական տվյալների և առողջության միջև, բնականաբար, պետք է ընտրել վերջինը: Այդ թեման մնաց համաճարակի դեմ պայքարում ամենաքննարկված  թեմաներից մեկը, իսկ այսօր հավելվածը չի գործում… Մինչդեռ, ինչպես գիտենք, Չինաստանը համաճարակը հաղթահարեց հենց նման ծրագրերի շնորհիվ: Բազմաթիվ հարցեր այս օրերին պտտվում են անպատասխան, թվում է՝ անցնող երեք ամիսների ընթացքում բոլոր հնարավորությունները քննարկվեցին, իսկ հիմա, որ հասել ենք ամենադժվար շրջանին, վարակվածները մեծ թիվ են կազմում, մի տեսակ շվարած իրար ենք նայում, խուճապի ենք մատնվել…  Վստահ եմ՝ այս պահին պետք է մի կողմ դնել բոլոր բացասական հույզերը, սոցիալական ցանցերում վիրավորանքները, անհիմն մեղադրանքները… և դադարեցնել այլևս այն քարանձավային բարբաջանքները, թե կորոնավիրուս չկա: Կա, և այն այցելում է անսպասելի, ինչքան էլ հավատում ես, որ քեզ կշրջանցի...  Հուսամ արագ կհաղթահարենք: