image
Հրատապ լուրեր:

Հայրս վաճառեց Մոսուլի մեր տունը, որ օգնի հայերին. Մարալ Դաբաղյան

Հայրս վաճառեց Մոսուլի մեր տունը, որ օգնի հայերին. Մարալ Դաբաղյան

Մեծ Ներգաղթի ժամանակ Սփյուռքում դերակատարություն ունեցած հայերի պատմությունները շատ են ու բազմազան: Նրանցից մեկի՝ Խոսրով Դաբաղյանի մասին պատմում է դուստրը՝ ամերիկաբնակ  Մարալ Դաբաղյանը. «Իմ հայրն ունեցել է Ցեղասպանությունից փրկված հայերին բաժին ընկած բազում ճակատագրերից մեկը: Նա՝ Խոսրով Դաբաղյանը, ծնվել է  Տիգրանակերտում՝  1909-ին, բայց հանգամանքների բերումով նրա  անձնագրում իբրև ծննդյան թվական նշվել է 1912-ը:  Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքը նախ գնացել է Սիրիայի Ղամիշլիի և Մարտինիի շրջանները, իսկ հետո՝ Մոսուլ:

Հորս հոր անունը Միհրան Դաբաղյան էր, Տիգրանակերտի մաքսատանը ղեկավար պաշտոն է զբաղեցրել:  1915-ի ապրիլյան  ցեղասպանության օրերին մի օր գործի է գնացել ու այլևս նրան չեն տեսել Տիգրանակերտում… Հայրս, իր մայրը, մորաքոյրը, վերջինիս ամուսինն  ու քույրը, ուրեմն հաստատվել են Մոսուլում: Հորս  մորաքույրը զավակ չի ունեցել և հորս որդեգրել է Մոսուլում,  հետևաբար հայրս ապրել է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ,  որոնք Մուսուլում հիմնել են գինու առաջին գործարանը:  Հետո հորս ուղարկել են Հալեպ, որտեղ ուսանել է Հալեպի Ամերիկյան քոլեջում, ստացել է  երկրաչափության մասնագետի վկայական:  Մուսուլի մեջ էլ հայրս  ամուսնացել է մորս՝ Սիրանույշ Ամիրյանի հետ: Մորս մայրն էլ՝ Լուսընթագը, Էրզրումում էր ծնվել,  իսկ մորական պապս՝ Դանիել Ամիրյանը, ծնվել է Սղերդում:  Մորական պապս երբ Մոսուլ է գնացել, մի շենք է վերցրել և այն երիտասարդները, որոնք ջարդից փրկվում Մոսուլ էին գալիս՝ առանց ծնողների, որբ, բոլորին այդ շենքում տեղ է տվել: Այդտեղ պահել է այդ երիտասարդներին, մինչև ոտքի կանգնեն, մի տեղ հասնեն:  Դանիել պապս  հացատուն է բացել  Մոսուլում և այդ եկամտով պահել է այդ որբ հայերին:  

Գալով  հորս, ասեմ, որ նա Մոսուլում դառնում է քաղաքի գլխավոր երկրաչափը: 1947-ին երբ ներգաղթ է կազմակերպվում դեպի Հայաստան,  հայրս ներգաղթի հանձնախմբի անդամ է լինում, շատ-շատերին օգնում է, որ գնան Հայաստան:  35-38 տարեկան էր հայրս այդ ժամանակ և ամեն ինչ անում էր, որ դեպի հայրենիք գործը հաջողությամբ պսակվի: Նա,վաճառում է նույնիսկ իր տունն ու օգնում բոլոր այն ընտանիքներին, որոնք ներգաղթում են Հայաստան: Նա շատ հայրենասեր, հայաստանասեր էր, Հայաստանի օգնության հանձնախմբի մեջ էլ դերակատարում է ունեցել: Երբ փոքր էի՝ հիշում եմ, ամեն օր անպայման հայկական ռադիո էր լսում:  Հայրս ոչ միայն սիրահարված էր Հայաստանին, այլև  միշտ  մտածում էր, որ եթե այս օտար երկրներից մի օր մեզ դուրս հանեն, մենք տեղ ունենք գնալու:  Իսկապես այդպես է, և այս օրերին  նույն մտքերը ես եմ ունենում.. Այսպես, հայրս ցավոք սրտի վաճառեց իր տունն ու օգնեց Հայաստան գնացողներին: Ինչու եմ ասում՝ ցավոք սրտի, որովետև երբ հայրս օգնեց հայերին ներգաղթել, ուրիշ հայեր գնացին, առարկեցին, բողոքեցին, ասացին որ այդ մարդը  կոմունիստ է, և  հորս պաշտոնազուրկ արեցին: 

Մյուս կողմից էլ լավ էր, որ հայրս երկրաչափի գործից զրկվեց այդ ժամանակ, քանի որ այլ առաջարկություններ ստացավ: Քանի որ նա լավ անգլերեն էր խոսում՝ Հալեպի Ամերիկյան Քոլեջում ուսանած լինելու շնորհիվ,  Գերմանիայից ու Անգլիայից շինարարական ընկերություններ հորս լավ գործեր առաջարկեցին, և հայրս  այդ գործերի շնորհիվ հարստացավ: Մայրս երբեմն պատմում էր, որ շատ է հուզվել, նեղվել, որ  հորս գլխավոր երկրաչափի պաշտոնից հանել են, բայց փաստորեն, դա ամենալավ բանն էր, որ պատահել էր իրեն:  1958-ին  իսլամական մեծ հեղափոխություն  եղավ Մոսուլում.  այդ օրերին, պատկերացնում եք,  մի քանի անձիք  մարդ բերեցին մեր տուն, որ հորս վնասեն,   և մենք 1960-ին փոխադրվեցինք Բաղդատ: Հայրս մինչև 1966 թվականը Բաղդատի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շրջանային վարչության անդամ էր,   իսկ 1970-71-ին՝  Բաղդատի ՀԲԸՄ ատենապետը:   Այդ պաշտոնում նրա աշխատած տարիներին շատ հայեր էին գալիս օգնություն խնդրելու՝ հիվանդի բուժման, ամուսնության և հազարումեկ հարցերով,  հայրս միության գործերի մեջ չէր մտցնում այդ խնդրանքները,  իր գրպանից էր տալիս: Շատ է օգնել: Երբ տուն էր գալիս, մայրս միշտ հորս կատակով ասում էր՝ լա՛վ է, շապիկդ վրադ եկար տուն: Այդպիսի մարդ եղած է իմ հայրը, որ մահացել է 1993-ին: Ես 1969-ին արդեն դուրս էի եկել Իրաքից,  Անգլիա էր գնացել՝ դոկտորական ուսումս շարունակելու՝ իմունոլոգիայի գծով: Հետո ես իհարկե մորս բերեցի Լոս Անջելես՝ ինձ մոտ:

Ես ամբողջ կյանքում ապրում եմ հորս մասին հիշողություններով, նա մեծ դեր է ունեցել իմ մասնագիտության գործում, քաջալերել է, որ ես Իրաքում իմ չսիրած գործը՝ դեղագործի գործը թողնեմ և գնամ ու ավելի բարձր ուսում ստանամ, որովհետև ես այդպես էի ուզում: Շատերն են հիշում Խոսրով Դաբաղյանին, նրա արա գործերը, նրա հիշատակը միշտ վառ է»: