image
Հրատապ լուրեր:

«Հայաստանը հզոր երկիր է, որովհետեւ Հայաստանում հզոր ժողովուրդ է ապրում». Սեւակ Արծրունի

«Հայաստանը հզոր երկիր է, որովհետեւ Հայաստանում հզոր ժողովուրդ է ապրում». Սեւակ Արծրունի

Զրույց «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ եւ համակարգող Սեւակ Արծրունու հետ.

 

-Պարոն Արծրունի, լայն հասարակությունն առցանց ծանոթանում է այս օրերին Ձեր եւ Ձեր գործընկերների ներկայացրած «Մեր Հնարավոր Ապագան» գրքին եւ նրանում ամփոփված գաղափարներին: Մենք, կարդալով, իրոք շատ բան ենք բացահայտում, հասկանում Ձեր նպատակների հիմքը, բայց մի հարց, այնուամենայնիվ, առաջանում է՝ արդյո՞ք այստեղ նկարագրված նպատակներն իրականանալի են: 


-Ձեր հարցի հիմքում, այս պահի հիասթափություններն են, իսկ այդ հիասթափութունների աղբյուրը մեր օրերի արժեհամակարգային ճգնաժամն է: Հասկանալի է, բայց դա խաբուսիկ է, եւ չի արտահայտում իրերի իսկական վիճակը: Մի սխալվեք, մեր ազգը շատ հզոր, աննկարագրելի հզոր ներուժի է տիրապետում:  Հավատացեք, դա այդպես է: Հայաստանում այսօր ապրում է անկոտրում կամքի տեր, ավանդական արժեքների վրա ամուր կայացած, ստեղծագործ, աշխատասեր եւ հաղթանակած ժողովուրդ: Մեր հասարակությունը ոչ միայն հզոր է, այլ նաեւ գիտակցում է իր ուժն ու արժեքը, նա 1918 թվականից հետո պարտություններ թույլ չի տվել, մերժել է անցյալի  ստրկամտական բոլոր հակումները: Հայաստանն իրոք հզոր երկիր է, որովհետեւ Հայաստանում հզոր ժողովուրդ է ապրում: Հարյուր տարում ճահիճներից ու անապատներից որբերի ազգը հասել է այստեղ, եւ հիմա չունի այլ տարբերակ, քան ապրել մոլորակի ամենաառաջադեմ պետությունների հետ քաղաքակրթական հավասար դիրքերում: Ներքաղաքական ներկա հիասթափեցնող մթնոլորտը չի կարող ծածկել մեր ազգային հզոր ներուժը, որն արդեն երեսուն տարի համբերատարության, խոհունության, քաջության, հայրենասիրության հաշվին հատել է բոլոր ճգնաժամերը․․․ Մեր ժողովուրդի մոլորակային առաջընթացը կանգնեցնել չի կարողանում հարյուրավոր միլիոններ հաշվվող համաթուրքական զանգվածը: Դա պատմագիտական ճշգրիտ տվյալ է: Ահա թե ինչու ես չեմ կասկածում որ մեր ծրագիրը ոչ միայն իրատեսական է, այլեւ ժողովրդի ներուժի ընթացքին համազոր, եւ ուրեմն՝ անշրջանցելի:


-Պարոն Արծրունի, իսկ ինչի՞ հաշվին է դա եւ ամենակարեւորը ինչպե՞ս:


-Հենց ժողովրդի բնական ներուժի հաշվին: Մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի գոյատեւելու եւ զարգանալու հզորագույն կամք, օրվա ստեղծած խնդիրները դիմակայելու վճռակամություն, սակայն նաեւ՝ որպես քաղաքակիրթ, արժանապատիվ հասարակություն ապրելու շնորհ: Ամենակարեւորը, մեզանում ամուր նստած է հնարամտությունը, որը հասնում է, մեր նախագծում աշխատող բոլոր հայեցագետների համոզմամբ, անվերահսկելի ներուժի: Ահա այս երկու իրողությունների հաշվին ենք իրականացնելու այս նախագիծը:

Հիմա Ձեր երկրորդ հարցը․ ինչպե՞ս. այն պահին, երբ մեզանում կձեւավորվի մոլորակի եւ հայրենիքի վտանգվածության գիտակցությունը, այդ իսկ պահին Հայաստանում կսկվի քաղաքակրթական զարթոնք: Մենք «Մեր Հանարավոր Ապագան» առցանց արշավով փորձում ենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցների մեջ արթնացնել այդ գիտակցությունը: Մեզանում ծայրաստիճան ուժեղ է վտանգի պահին համախմբվելու եւ գերիրական ներուժ արարելու տաղանդը: Մենք ուզում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա տնտեսագետների հաստատած հետեւյալ տեսությունը․ մարդկային հասարակության առաջընթացի շարժիչ ուժը ո՛չ տնտեսական հարստությունն է, ո՛չ ժողովրդագրական տվյալը, այլ՝ գաղափարը: Իսկ վտանգի ու սպառնալիքի պահին հնարամիտ մարդու մոտ նոր կացություն ձեւավորող գաղափարների հեղում է տեղի ունենում: Մեր ծրագիրն իր մեջ Ազգային Ծրագրի շերտեր է պարունակում, իսկ ազգային ծրագիրը իրականացնում է անհատն իր հնարամտությամբ: Մեր նպատակն է, ինչպես արդեն բոլորին հայտնի է, հիմնադրել կայուն բնակավայրեր, որտեղ կապրեն կայուն, կազմակերպված համայնքներ, եւ այդ համայնքների առօրյա կյանքին մաս կկազմի մոլորակային ճգնաժամի վարչարարությունն ու համաշխարհային քաղաքակրթության զարգացումը:


-Իսկ պետությո՞ւնը. ակնկալո՞ւմ եք պետության մասնակցությունը:


-Անշուշտ կունենանք պետության աջակցությունը ամեն քայլափոխի, սակայն շարժման տերը կլինի ժողովուրդն իր բոլոր խավերով: Մնում է հայ մարդը ազատագրվի պահի բարդույթներից, ազատագրվի եւ վերագտնի իր հայեցի տաղանդը: Այսքան․․․ պարզ: