Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնարկ մարմնի անդամներից մեկի՝ իրավաբան Սարո Բենգլյանի (իսկ մինչ այդ էլ՝ մարմնի այլ անդամների) հրաժարականից հետո Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայան այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան: Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրից: Պոլսո «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ հանդիպումը տևել է կես ժամից ավելի, նրան դիմավորել և ճանապարհել են պատրիարքական տեղապահ Սահակ եպս Մաշալյանն ու պատրիարքարանի այլ պատասխանատուներ: Ստամբուլի կուսակալն իր այցի նպատակը չի հայտնել պատրիարքարանի մուտքի մոտ հավաքվածներին, միայն ասել է, որ պատրիարքի ընտրության ժամանակը մոտենում է և այցը դրան է առնչվում: Պատրիարքարանն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլի կուսակալի՝ պատրիարքարան այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չի լինելու:
Նշենք, որ երեկ հրաժարական ներկայացրած Սարո Բենգլյանը, Նախաձեռնարկ մարմնի անդամ լինելուց բացի ստանձնել էր նաև այդ կառույցի մամլո պատասխանատուի գործը: Տեղեկացանք, որ պատրիարքական ընտրությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրա հրաժարականն աղմուկ է առաջացրել ընտրություններին հետևող պոլսահայ համայնքում: Շատերն այս հրաժարականը մեկնաբանում են Նախաձեռնակ մարմնի աշխատանքի ոչ լիակատարությամբ, թեև իր՝ Սարո Բենգլյանի աշխատանքը գնահատվում էր գերազանց:
Հիշեցնենք, որ Նախաձեռնակ մարմինը կազմավորվել էր այս տարվա հուլիսին՝ նախապատրաստելու պատրիարքի ընտրությունը: