image

«Մեր կյանքը դժվար է, ամեն քայլափոխի նահատակ տղայիս պատկերն եմ տեսնում... » հալեպահայ Անի Ելանքյոզյան

«Մեր կյանքը դժվար է, ամեն քայլափոխի նահատակ տղայիս պատկերն եմ տեսնում... » հալեպահայ Անի Ելանքյոզյան

«Արևելք»-ի հարցերին պատասխանել է հալեպահայ Անի Ելանքյոզյանը. նա Դեյր Զորում նահատակված սիրիական բանակի զինվոր Ջորջ Ասսալայի մայրն է:

 

-       Տիկին Անի, ինչպե՞ս է այժմ վիճակը Հալեպում, ի՞նչ դժվարություններ, հարցեր, խնդիրներ ունի ժողովուրդը:

 

-       Հալեպի վիճակը բավականին լավ է, բայց մենք, որ զավակ ենք կորցրել, դժվարությամբ ենք դիմանում այս վիճակին: Երբ փողոց եմ դուրս գալիս, տղայիս` նահատակ Ջորջի պատկերն եմ տեսնում, թաղամասի ամեն անկյունում իր հիշատակները կան, շատ դժվար է, չեմ կարող բացատրել: Մենք միշտ հույսով էինք ապրում, որ մեր զավակը կվերադառնա, բայց... ինչ ասենք, այսպես է զինվորությունը:

 

 

-       Ձեզ համար մեծ վերք եղան Հալեպի դեպքերը, պատերազմը, զավակ կորցնելը... ի՞նչ պայմաններում զոհվեց Ձեր որդին, որտե՞ղ զոհվեց և ինչպե՞ս լսեցիք այդ չարագուշակ լուրը:

 

-       Տղաս`Ջորջը, երեք տարի և  երեք ամիս առաջ զոհվեց` Դեյր Զորի Ջաբալ Սարդե շրջանում: Նա Սիրիայի բանակի զինվոր էր և  6 տարի էր արդեն, որ իր զինվորական ծառայությունն էր իրականացում: Մեզ պատմեցին, թե այն դասակը, որտեղ ծառայում էր մեր որդին, առավոտյան ժամը 08:30-ին զինվորական առաքելությամբ այլ շրջան էր գնացել, ահաբեկիչները հարձակում էին գործել իրենց վրա, նա թնդանոթի վրա էր, այսինքն, երբ հարձակվել են, նա պատերազմել է  ահաբեկիչների դեմ և առավոտյան ժամը 09:00-ին զոհվել: Մահվան վայրը Դեյր Զորի Ջաբալ Սարդե շրջանն է:

Զավակիս կորցրի 2016-ի հունիսի 4-ին: Լուրը մենք ստացանք շաբաթ օրը, գիշերվա ժամը 10:30-ին և այդպիսի լուր ստանալը դժվար էր, շատ դժվար...

 

 

-       Այսքան պատերազմից հետո, այսքան ավերածություններից հետո, մտածու՞մ եք Սիրիայից հեռանալ և ուրիշ երկիր գնալ, թե՞ Ձեզ համար Սիրիայում մնալը վերջնական որոշում է:

 

-       Ես երկու զավակ ունեի` Էնթոնին և Ջորջը: Մեծ զավակս 10 տարի արտասահմանում էր, նոր է եկել, միացել մեզ:

Ջորջի մահվանից հետո, այո, մեր վիճակը շատ դժվարացավ: Բայց մեծ զավակս եկավ և համոզեց, որ հայրենիք տեղափոխվենք և որոշեցինք Հայաստան գնալ: Այստեղ դժվար է ապրելը` բոլոր առումներով, ցավը մեծ է, վերքը` անբուժելի, կյանքը` դժվար:

Մոտ օրերս պետք է Հայաստան գնանք, չգիտենք՝ այնտեղ ինչպես պետք է դասավորվի մեր կյանքը, բայց մեր հայրենքին է:

 

 

-       Հիմա, որ ետ եք նայում անցյալին, ի՞նչ եք մտածում որպես Մայր: Ի վերջո, Ձեր զավակը կռվեց ահաբեկիչների դեմ, որպես հայ մայր՝ ի՞նչ պատգամ ունեք, ի՞նչ զգացումներ ունեք այդ դեպքից հետո:

 

-       Ես զավակ կորցրած մայր եմ, ճիշտ է, նահատակի մայր եմ, բայց վերքը շատ խորն է, սփոփելը` դժվար: Ես դեռ նոր եմ սկսում համոզվել, որ որդիս այլևս չպիտի գա...: Որպես նահատակի ծնողներ, մենք հպարտ ենք իրենով: Նա ահաբեկիչների դեմ կռվելով է նահատակվել, թնդանոթի վրա: Հերոս կորցրինք, բայց ինքը միշտ կապրի մեր սրտերում:

 

 

-       Հայությունն արդյոք ապա ունի՞ Սիրիայում, որևէ կերպ մտահո՞գ եք Սիրիայի հայության  ապագայով, մտավախություններ ունե՞ք:

 

-       Այսօր Սիրիայում հայության թիվը նվազել է և կյանքն առաջվա նման չէ: Կյանքը դժվարացավ: Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա այդ մասով հստակ պատասխան չունեմ, միայն գիտեմ, որ յուրաքանչյուրն իր պայմաններով է շարժվում: Այլ խոսքով՝ նրանք, ովքեր կարողանում են, մեկնում են այստեղից, իսկ նրանք, որ որոշակի պայմանների բերումով ստիպված են այստեղ ապրել, իրենց կյանքը շարունակում են Սիրիայում: