image

«Նստե՛ք տեղներդ» խոսքը Լիբանանում քաղաքական լարվածությունը բնորոշող արտահայտություն է դարձել

«Նստե՛ք տեղներդ» խոսքը Լիբանանում քաղաքական լարվածությունը բնորոշող արտահայտություն է դարձել

Անհայտ մարդիկ Բեյրութում գործող թուրքական դեսպանատան դռան վրա այսօր պաստառ են տեղադրել, որին  Թուրքիայի դրոշի ֆոնին կմախք է նկարված: Այդ մասին տեղեկանում ենք արաբական մամուլից: Պաստառի վրա արաբերենով գրված  է՝ «Ընթու քամեն ընդաբու»   (հայերեն՝ «Դուք  էլ  նստե՛ք տեղներդ»-խմբ.):

Արաբերենով այս արտահայտությունը  վերջին օրերին հաշթագ է դարձել սոցիալական ցանցերում: Օրեր առաջ «Հըզբոլլահի»   առաջնորդ  Հասան Նասրալլան,  դիմելով Իսրայելի  ղեկավարությանն ու Իսրայելին աջակցող տերություններին, ասել էր՝  «Նստե՛ք տեղներդ»: Արտահայտությունն անմիջապես թուիթերյան հաշթագի էր վերածվել, որի միջոցով «Հըզբոլլահի»  գաղափարակիցներն  ու    համակիրները  հազարավոր գրառումներ են կատարել:

Այսօր Բեյրութում Թուրքիայի դեսպանատան վրա տեղադրված պաստառը, օգտագործելով Նասրալլայի խոսքերը, ակնարկում է Բեյրութ-Անկարա՝ վերջին օրերին  լարված հարաբերությունները, որոնք բորբոքվել են Լիբանանի  հանրապետության նախագահ զորավար Միշել  Աունի  Օսմանյան  կայսրության մասին   կատարած  հայտարարություններից հետո։ Լիբանանի նախագահը «պետական ահաբեկչություն էր»  որակել  Օսմանյան կայսրության գործողությունները՝ 20-րդ   դարի  սկզբին:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը  բուռն   կերպով արձագանքել էր Լիբանանի նախագահի հայտարարարություններին՝ անմիջապես կանչելով Լիբանանում Թուրքիայի դեսպանին և բացատրություն պահանջելով նրանից:

Աունի խոսքին անդրադարձել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը: Նա անընդունելի է համարել  Լիբանանի նախագահի՝ Օսմանյան կայսրությանը հասցեագրած խոսքերը։

«Լիբանանի նախագահն ասում է, որ Օսմանյան պետությունը լիբանանցիների նկատմամբ պետական ահաբեկչություն է կիրառել։ «Պետական ահաբեկչություն» արտահայտությունը մենք կտրականապես մերժում ենք, դատապարտում և առարկում», - հայտարարել է Չելիքը։

Ըստ թուրք խոսնակի՝ Լիբանանի համար լավագույն կառավարման մոդելը կիրառել են հենց օսմանցիները, իսկ օսմանյան տիրապետությունից դուրս գալուց հետո գերտերությունները տարածաշրջանում գաղութացման քաղաքականություն են վարել։

Բեյրութ-Անկարա հարաբերությունները շարունակում են մնալ լարված: