image

Հրեա բարձրաստիճան պաշտոնյաները ներողություն են խնդրել հայերից՝ հրեա ծայրահեղականների արարքների համար

Հրեա բարձրաստիճան պաշտոնյաները ներողություն են խնդրել հայերից՝ հրեա ծայրահեղականների արարքների համար

Այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարան  են այցելել  և Երուսաղեմի Հայոց Պատրիարք  Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հետ հանդիպել  Քնեսեթի անդամ և Հին Երուսաղեմի Հրեական թաղամասի բնակիչ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, ոստիկանության սպաներ,  Երուսաղեմի միջմշակութային կենտրոնի տնօրեն Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը: «Արևելքը» պատրիարքարանից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել հունիսի 8-ին Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանի սաների վրա հրեա ծայրահեղականների կատարած հարձակման համար և քննարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երևույթները  կանխելու համար:

 

Ինչպես տեղեկացրել էինք՝ մոտ մեկ ամիս առաջ հերթական միջադեպն էր գրանցվել հայերի և հրեաների միջև: Ծայրահեղ հրեաները, ինչպես հայտնի է՝ չեն հանդուրժում այլ ազգերի ներկայությունը Հին քաղաքում և թքում են նրանց վրա, որին հաջորդում է ծեծկռտուքը: Տասնյակ տարիներ շարունակվող այս միջադեպերն արդեն սովորական են դարձել Երուսաղեմում: Միայն հայերի հետ արդեն հարյուրից ավելի նման բախումներ են եղել: 

«Արևելքի» տեղեկություններով՝  հայոց պատրիարքարանը համապատասխան կառույցներին նախկինում առաջարկել է  հրեական կրոնական դպրոցներում՝ եշիվաներում վերացնել մյուս կրոնների հանդեպ սերմանվող ատելությունը և քարոզել մարդասիրություն, ինչպես նաև Քնեսեթին առաջարկել է համապատասխան օրենքի նախագիծ մշակել ու ընդունել, ըստ որի այլ ազգերի վրա թքող հրեաները քրեական պատասխանատվության կենթարկվեն: