image

Սիրիահայ բարերարը հովանավորել է հայաստանցի երիտասարդ ստեղծագործողների

Սիրիահայ բարերարը հովանավորել է հայաստանցի երիտասարդ ստեղծագործողների

Բյուզանդ 3 հասցեում՝ «Մասուր» սրճարանի հարևանությամբ բացվել է ինքնատիպ մի ցուցահանդես, որը կրում է  «Ուղեղի խաղեր՝ մտքի աչքերով» խորագիրը: Ցուցահանդեսի կազմակերպիչը «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն է, իսկ հովանավորը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիահայ բարերար Գաբրիել Չեմբերջյանը: Նա, հավանելով երիտասարդ ստեղծագործողների գաղափարը՝ նրանց տարածք է տրամադրել ցուցահանդեսի համար, ինչպես նաև հովանավորել է մրցանակային ֆոնդը:

«Ուղեղի խաղեր՝ մտքի աչքերով» ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին ձևավորված և նկարազարդված մանեկեններ, որոնք նախօրոք բաժանվել էին մի խումբ ստեղծագործողների՝ առաջարկելով իրենց մտքի թռիչքով ձևավորել: Արդեն ձևավորված մանեկեններից պրոֆեսիոնալ ժյուրին պետք է ընտրեր երեք լավագույն աշխատանքները: Ցուցահանդես-մրցույթի բացմանը «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Օսաննա Քարամյանն «Արևելքին» ասաց, որ ցուցահանդեսն իր բնույթով նորամուծություն է մեր մշակութային կյանքում, ինչը անչափ ոգևորել է նաև երիտասարդներին, նրանք գործի էին դրել անսպառ երևակայություն: Մասնակից երիտասարդները Երևանից և մարզերից էին, թվով՝ 35 հոգի 17-22 տարեկան ստեղծագործողներ, որոնք մանեկենները ձևավորել էին ամենատարբեր թեմաներով՝  օգտագործելով կոլաժային, գրաֆիկական և այլ ժանրեր:  Մրցույթի արդյունքում ժյուրին ընտրեց  երեք լավագույններին: Առաջին մրցանակը (250 հազար դրամ), շնորհվեց Գեղարքունիքի Ծովասար գյուղից նկարչուհի-դիզայներ Անի Շահբազյանին, երկրորդ մրցանակին (150 հազար դրամ) արժանացավ երևանցի ստեղծագործող Աշոտ Վարդանյանը

ը, իսկ երրորդ մրցանակը ստացավ  Արմավիրի մարզից Գևորգ Արշակյանը (100 հազար դրամ):  

Նշենք նաև, որ «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2018 թվականին և նպատակ ունի նպաստել արվեստի ու մշակույթի հանրահռչակմանն ու ստեղծագործողներին:

Ամենատարբեր ձևավորումներ ստացած մանեկենները  Բյուզանդ 3 հասցեում կցուցադրվեն նաև հունիսի 5-ին:


  

Առաջին մրցանակի արժանացած Անի Շահբազյանը՝ աշխատանքի հետ

 

Երկրորդ մրցանակին արժանացած Աշոտ Վարդանյանը՝ «Տիրացում» խորագրով աշխատանքի հետ

 

Երրորդ մրցանակակիր Գևորգ Արշակյանը և «Ընտանիք» աշխատանքը

 

«ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Օսաննա Քարամյանը հայտարարում է հաղթողների անունները: 


Լուսանկարները՝ «Արևելքի»