image

Երկու ամսվա համար եկանք, համարյա 7 տարի այստեղ ենք. սիրիահայ Ջորջ Քեոշկերյան

Երկու ամսվա համար եկանք, համարյա 7 տարի այստեղ ենք. սիրիահայ Ջորջ Քեոշկերյան

Երկու ամսվա համար եկանք, համարյա 7 տարի այստեղ ենք. Վերնիսաժում արծաթի վաճառքով զբաղվող սիրիահայ Ջորջ Քեոշկերյանը գոհ է իր բիզնեսից

 

Արծաթագործ Ջորջ Քեոշկերյանը 7-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Սիրիական պատերազմից հետո նրա ընտանիքը դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով, երբ պատրաստ էին անձնագրերը, որոշել էին երկու ամսով ժամանել Հայաստան, ստանալ անձնագրերը, զբոսնել հայրենիքում ու վերադառնալ Սիրիա: Բայց ստացվեց այնպես, որ հիմնական հաստատվեցին Հայաստանում:

 

«Երկու ամսվա համար եկանք, մնացինք, համարյա 7 տարի այստեղ ենք: Եկանք անձնագրերս վերցնելու, տղաս պիտի ծնվեր,  ծնվեց, և մնացինք այստեղ: Պատերազմը 100 տոկոսով պատճառ եղավ, որ հեռու մնանք Սիրիայից, պատերազմը համարյա վերջացավ, բայց հիմա լավ ենք, աշխատում ենք»,-Արևելք-ին պատմում է Քեոշկերյանը:

 

Նա այն փոքրաթիվ հայրենադարձներից է, որ չնայած դժվարություններին, դժգոհ չէ ո՛չ Հայաստանում ապրելու պայմաններից, ո՛չ այն գործունեության արդյունքներից, որ ծավալում է հայրենիքում, թեև աշխատանքը զերծ չէ դժվարություններից:

 

Ջորջ Քեոշկերյանը Վերնիսաժում արծաթեղենի վաճառքով է զբաղվում, սկզբնական շրջանում, երբ նոր էր հաստատվել Հայաստանում, փորձել է առանձին խանութում աշխատել, սակայն նորեկ սիրիահայի համար այն երկար չի տևել:

 

«Սկզբում խանութով սկսեցի, մեկուկես ամիս մնացի խանութի մեջ, չստացվեց, եկա ստեղ՝ Վերնիսաժ: Կարող էր ստացվել, բայց իմ պարագայում, որ, այո՛, հայրենիք եկել էինք, բայց ոչ մի մարդ չէր ճանաչում, նոր տեղ, նոր պայմաններ, մինչև մարդիկ ծանոթանան, իմանան՝ ինչ ես աշխատում, ոնց ես աշխատում, երկար ժամանակ է ուզում, իսկ այդ երկար ժամանակն էլ համբերություն է պահանջում, փող է պահանջում, հիմա գոհ ենք, թեև պայմանները մի քիչ դժվար են, որ ցրտին, տաքին կանգնում ենք, բայց աշխատում ենք»:

 

Աշխատանքի ծավալներն, իհարկե, անհամեմատելի են Հալեպի հետ, այստեղ եկամուտները նվազ են, իսկ ընտանիքը դեռ բնակարանի հարց չի լուծել, ու այս ամենը Քեոշկերյանի համար պատճառ չէ բողքելու: Իսկ բնակարանի, բիզնեսի ընդլայնման և այլ հարցերը դեռ վճռված չեն, քանի դեռ Սիրիայում իրենց խանութն ու տունը սպասում են տերերի որոշմանը:

 

«Խանութս վնասվել է, տունս լավ վիճակի մեջ է, բայց կյանքերս կորցրեցինք և եկանք ստեղ զրոյից սկսեցինք: Մինչև այն ժամանակ, որ դեռ տունս, խանութս Սիրիայում այդպես մնացել  են, չեմ կարող ասել, որ ինչ-որ բան որոշելու եմ ապագայի հետ կապված: Եթե կարողացա Սիրիայի ունեցավածքը վաճառել, կարող ենք այստեղ տուն, խանութ վերցնել»,-ասում է հայաստանաբնակ սիրիահայը, ում համար անընդունելի է եղել այլ երկրներում կեցության պայմաններ փնտրելու հեռանկարը:

 

«Կանադա, ԱՄՆ կարող է ականջին մի քիչ հաճելի է գալիս, որ այնտեղ լավ է, բայց ամեն տեղ էլ դժվարություն կա, նույն ինչ որ այստեղ էին անելու, պիտի գնան Կանադա, ԱՄՆ անեն, ինձ համար եթե համեմատություն տանես, ես այստեղ ավելի եմ նախընտրում, քան թե Կանադա, ԱՄՆ-ի սթրեսով կյանքը: Առաջին և ամենահիմնական բանը, որ հայրենիք է, երկրորդ , ամեն կողմ հայ են, օտար մարդ չկա, ուրիշ տեղ որ գնաս, խառնարան է, ամեն կողմից ժողովուրդ կա»,-բացատրում է Ջորջ Քեոշկերյանը:

 

Իսկ Հայաստանում իր երեխաների համար ապագա տեսնում է, եթե նրանք մեծանան ու ցանկանան ապրել հայրենիքում, ասում է. «Հիմա ինձ համար նորմալ է սա, աշխատում եմ, փառք ասծտո, չասեմ մեծ թվեր ենք աշխատում, բայց ապրում ենք: Իրենք թող որոշեն, մեծանան, հավանեցին, այստեղ թող մնան, աշխատեն, չհավանեցին, իրենք գիտեն, ես չեմ կարող  պարտադրել իրենց, Աստված տա, մինչ այդ այստեղ ավելի լավ պայմաններ լինեն, որ մարդիկ ետ գան»:

 

Նրանք, ովքեր եկել են Հայաստան, ըստ Ջորջ Քեոշկերյանի, կարողացել են հարմարվել տեղի պայմաններին, ինտեգրվել հայ ժողովրդին, ընդունել նրանց սովորություններն ու ապրելակերպը: «Երբ որ մարդ համոզված է լինում, որտեղ որ ապրում է, պիտի շարունակի ապրել, մի ձևով մի բան գտնում է կյանքը շարունակելու համար, ինքն էլ պայմաններին համակերպվում է, ինքն էլ սովորում է, սովորեցնում է, դա խնդիր չէ: Խառնվածների տարբերությունները չեն խանգարում»: