image

Նախարարությունը ոչ թե պետք է փակվի, այլ ամեն երկրում իր ներկայացուցչությունն ունենա. Սիրիահայ

Նախարարությունը ոչ թե պետք է փակվի, այլ ամեն երկրում իր ներկայացուցչությունն ունենա. Սիրիահայ

Երբ պատերազմը սիրիահայերին կանգնեցրել էր երկընտրանքի առջև՝ լքե՞լ բնակավայրը, թե՞ տեղափոխվել որևէ երկիր, Ջոզիկյանների ընտրությունը միաշանակ էր՝ Հայաստան, իսկ Հալեպը լքել ստիպված էին, քանի որ կորցրել էին ամբողջ ունեցվածքը: Խաչիկ Ջոզիկյանը կնոջ ու երեք զավակների հետ հաստատվեց հայրենիքում, ժամանակ չունեին երկար մտածելու. Գործել էր պետք: Խաչիկ Ջոզիկյանը նախ «Օգնիր եղբորդ» բարեգործական կազմակերպության մեջ որպես կամավոր ընդգրկվեց, ապա զավակների հետ որոշեց աշխատել զբոսաշրջության բնագավառում:

 

«Տարիքը նկատի առնելով, նյութական ներդրման բացակայությունը ևս՝ ստիպված ես տուրիստական ճյուղի մեջ աշխատեցի, քանի որ արաբերենին լավ էի տիրապեում: Շրջապատը շատ մեծ էր, սկսեցինք ներգնա տուրիստներ ընդունել, հետևեցինք զանազան դասընթացների, ես ու երկու երեխաներս աշխատում ենք այդ ճյուղի մեջ, բերում ենք տուրիստներ Լիբանանից ու ԱՄԷ-ից»,-Արևելքին պատմում է 65-ամյա սիրիահայը:

 

Բացի դրանից, նաև Սիրիայի դեսպանատանը կից գործող Սիրիայի համայնքը ներկայացնող մարմնի անդամ է, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել բոլոր այն սիրիացիներին, ովքեր իրավաբանական կամ այլ խնդիրների են բախվում: 9 անդամներից բաղկացած մարմնի նպատակն է այնպիսի աջակցություն ցույց տալ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ցանկության դեպքում վերադառնալ Սիրիա: Իսկ շա՞տ են այդպիսի քաղաքացիները, Խաչիկ Ջոզիկյանը պատասխանում է.

 

«Չենք կարող ճշտել, որովհետև տակավին Սիրիայի վիճակը հանդարտ չէ, ժողովուրդը շատ վնասներ է կրել, բնակարանները քանդված են, գործատեղեր չունեն, չենք կարող ասել՝ քանի տոկոս կվերադառնա Սիրիա: Կան, բայց դեռ հստակ չէ»: Հստակ չէ նաև իրենց որոշումը, բայց որ Հայաստանում ևս կայանում են, սա ցույց է տալիս այն աշխատանքը, որ կատարում են հայրենիքում:

 

Խոսում է նաև Հայաստանի կողմից Սիրիային աջակցության այն ծրագրի մասին, որն ուղղված է պատերազմական երկրի վերականգնմանը: Սիրիան ժամանակին Հայաստանի կողքին է եղել, այսօր հայաստանը պարտք ունի կատարելու և սիրով է փորձում իրականացնել:

 

«Հայաստանի կառավարությունը տեղյակ է, որ վերականգման աշխատանքների մեջ ներդրումներ պիտի լինեն, և առյուծի բաժինը վերաշինության ճյուղում հանձնված է Հայաստանին, պատվիրակություն մեկնեց Սիրիա, որպեսզի օգնեն, և հնարավորություն է տրված, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իր հնարավորությունների չափով օգնի: Դրանք լինեն սնունդ, առողջապահական աջակցություն, թե ականազերծման աշխատանքներ: Սիրիայի կառավարության կողքին աշխատում ենք և ուզում ենք այս համադրումը ամենալավ ձևով առաջ գնա»,-նշում է հալեպահայ գործիչը:

 

Նա նշում է, որ հայտարարված են մրցույթներ այն հայ գործարարների համա, ովքեր պատրաստակամ են աջակցել Սիրիային, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում հաստատված սիրիահայերին, ապա վերջիններս, նրա համոզմամբ, կարողացել են իրենց դրսևորել, միայն քաղաքական կյանքում դեռ լիարժեք չեն ներգրավված:

 

«Մի շատ նուրբ հարց կա. Տակավին սիրիահայը լիիրավ ներգրավված չէ  հայաստանյան քաղաքական դաշտում, այո, հետևում ենք, պետության հետ ենք, բայց մեզ չի հետաքրքրում՝  ով է եղել, ինչ է եղել ղեկավարությունը: Մենք ներքին խոհանոցին տեղյակ չենք, բայց գոհ ենք, որ փոփոխություններ են տեղի ունենալու, ամեն ինչ լավ պիտի լինի: Օլիգարխ, բան որ օգտագործում ենք, այդքան էլ չի հետաքրքրում սիրիացուն, սիրիացին եկել, իր գլուխն է պահում,մենք աշխատող, ստեղծող ժողովուրդ ենք, երկրի գույնը փոխող ժողովուրդ եղանք: Հայաստանցին և սիրիացին շատ մոտ հարաբերությունների մեջ են, և երկու ներգաղթներն էլ, որ եղել են 46 և 60-ականներին, մեր սիրիահայերն են եկել, տեղավորվել Հայաստանում, դրա համար թե հայաստանցին գրկաբաց ընդունեց, թե սիրիահայը օտար չզգաց»,-ներկայացնում է Հայաստանի ակտիվ քաղաքացին:

 

Նրա համոզմամբ, սփյուռքի հետ աշխատանքը պետք է շատ ավելի նպատակային լինի, որպեսզի հնարավոր լինի ամրապնդել Հայաստան-սփյուռք կապը բոլոր առումներով, իսկ սփյուռքի նախարարության փակումը ընդունելի կլինի, եթե այն պատճառ չդառնա աշխատանքի ծավալների կրճատման: Բացատրում է այսպես.

 

«Պետք է լինեն մարդիկ, որոնք լավատեղյակ են գաղութի ներքին կյանքին, օրինակ Հալեպում գործում են երեք կուսակցություն, 11 համայնք, 15 ներկայացուցչություն կա, սփյուռքի նախարարության ներկայացուցիչը, որ գնում է այս քաղաքը, պետք է լավատեղյակ լինի համայնքին, որովհետև բոլորն էլ հին, թրծված մարդիկ են, որոնց հետ պետք է նախ լեզու գտնել, որ փոխհարաբերական կապը ճիշտ ընթանա: Չես կարող գնալ ու քոնը պարտադրել, պետք է նրանց հետ ճիշտ աշխատել, որ ամեն մեկն իր չափով ներդրումը բերի հայրենիքին, և հակառակը»: Այսինքն՝ ըստ նրա՝ սփյուռքի նախարարությունը պետք  յուրաքանչյուր երկրում ունենա իր ներկայացուցչությունը, որպեսզի իսկապես հնարավորև լինի օգտագործել սփյուռքի ուժը:

 

Իսկ եթե որոշվի, որ Սփյուռքի նախարարությունը պետք է ԱԳՆ-ին կից վարչության կարգավիճակ ձեռք բերի, ապա դա չպետք է լինի կրճատումների հաշվին: Նշում է. «Եթե 50 հոգու փոխարեն 10 հոգի աշխատեն, դա սխալ է, որովհետև գործը մեծ է, այսօր եթե ասում ենք՝ Հայաստանում  3 մլն ժողովուրդ կա, դրսում 9 մլն կա, ուրեմն պետք է կարողանալ այդքանին մոտ համապատասխան անձինք ունենա»,-կարծում է Խաչիկ Ջոզիկյանը: