image

Եթե այստեղ գործ լինի, ես վստահ եմ, որ մարդիկ կվերադառնան. Քահքեյան Դալիթա

Եթե այստեղ գործ լինի, ես վստահ եմ, որ մարդիկ կվերադառնան. Քահքեյան Դալիթա

Քահքեյան Դալիթան Սիրիայից Հայաստանում հաստատվել է ամուսնու հետ 2014 թվականին: Arevelk.am կայքին նա պատմեց, որ այստեղ պատրաստում է արևելյան խմորեղեն, սիրիական զարդեր և Նալբանդյանի փողոցի վրա առևտրի կետում վաճառում դրանք: «Հայաստանում գտնվելու չորս տարիների ընթացքում ես տարբեր միջոցառումների եմ մասնակցել և հիմա մեր գործը քիչ-քիչ արդեն առաջ գնում է»-ասաց նա:

Նա նշեց, որ ամուսինը հիվանդ է և չի կարող աշխատել, իսկ Կարմիր խաչը այս անգամ մերժել է օգնություն տրամադրել: «Երբ նոր էինք եկել Կարմիր Խաչից օգնություն ստացել ենք, սակայն այս անգամ չգիտենք, թե ինչ պատճառով մերժվել ենք և գիտեմ, որ շատ սիրիահայերի են մերժել: Տանը միայն ես եմ աշխատում, իսկ ամուսինս դեղորայքի խնդիր ունի, տանը վարձը դժվարանում ենք տալ»,-ասաց նա:

Նա պատմեց, որ Սիրիայում ապրում էինք յոթ հոգանոց ընտանիքում և միայն ամուսինն էր աշխատում և բոլորին պահում: Նա նշեց, որ հիմա երեխաները մնացել են Սիրիայում և իրենք ամուսիններով Հայաստան եկել էին երկու ամսով, սակայն հաշվի առնելով, որ Սիրիայում վիճակը ավելի է վատացել, ստիպված մնացել են: Նա ասաց, որ երեխաները ևս արդեն մտածում են գալ Հայաստան:

«Մենք այստեղից միտք չունենք ոչ մի տեղ գնալ, այստեղ սովորել ենք: Ընդհանրապես երկրից երկիր տեղափոխվելը պատերազմից հետո հեշտ չէ, մենք ինչ ունենք թողեցինք Սիրիայում: Ես հույս չունեմ, որ Սիրիան այլևս կշտկվի , արդեն քանի տարի է պատերազմը շարունակվում է»,-ասաց նա:

Քահքեյան Դալիթան հիմնական խնդիրը համարեց տուն չունենալու հարցը: «Միայն տան հարցն է անհանգստացնում: Մի քանի ամիս մնում ես, հետո տան տերը հանում է, կամ վարձն է թանկացնում և ինչ այստեղ ենք արդեն հինգերորդ տունն ենք տեղափոխվում»,-ասաց նա:

Սիրիահայը նշեց, որ շատ սիրիահայ ծանոթներ ունի, որոնք Հայաստանից հեռացել են աշխատանքի բացակայության պատճառով: Նկատեց, որ հայաստանցիները ևս աշխատանքի խնդիր ունեն,  դա բոլորի համար խնդիր է, ուստի անհրաժեշտ է աջակցություն տրամադրել, գործարաններ բացել, որ մարդիկ աշխատեն:

«Հայաստանի միակ խնդիրը դա է, մնացած բոլոր տեսանկյունից Հայաստանը շատ լավ է, թե՛ ապահովության առումով, թե՛ մարդիկ են լավը: Եթե այստեղ գործ լինի, ես վստահ եմ, որ մարդիկ կվերադառնան` Ամերիկայից էլ, Կանադայից էլ, Եվրոպայից էլ և ամեն տեղից»,-ասաց նա