image

Սիրիահայերի համար, երանի, Վերնիսաժի նման տեղ լինի` թեկուզ շաբաթը երեք օր. Հասմիկ Կարապետյան

Սիրիահայերի համար, երանի, Վերնիսաժի նման տեղ լինի` թեկուզ շաբաթը երեք օր. Հասմիկ Կարապետյան

2012 թվականին Հասմիկ Կարապետյանը ընտանիքով Սիրիայից Հայաստան էր եկել Նոր տարին դիմավորելու և այնուհետև հետ վերադառնալու նպատակով: Սակայն հաշվի առնելով, որ Սիրիայում պատերազմը սաստկացել է, գնդակոծություններ են եղել, հաստատվել են այստեղ:

«Մենք տուն ունեինք Հալեպում, որը գնդակոծվեց, երկու խանութ ունեինք Քեսաբում, Հալեպում երեխաներս պաղպաղակի խանութ ունեին, բայց բոլորը թալանվեցին: Մենք ժամանակավոր էինք եկել  այստեղ, բայց ստացվեց, որ մշտական հաստատվեցինք: Խանութների մեջ շատ ապրանք ունեի` հարյուր հազար դոլարի չափով ապրանք ունեի, բոլորը թալանվեցին, հիմա այստեղ ենք, կարևորը ողջ ենք»,-ասաց նա:

Տիկին Հասմիկը նշեց, որ Հայաստանում մնացին մինչև 2014 թվականը, այնուհետև տեղափոխվեցին Եվրոպա: «Հայաստանում եղած այդ երկու տարվա ընթացքում մենք փորձեցինք գործ դնել, մի կրպակ վարձեցինք, սակայն վարձը շատ թանկ էր, պայմանները լավ չէին և հաճախորդները քիչ էին և այդ խանութը փակեցինք: Ես, թեև չէի ցանկանում, բայց այստեղ շատ դժվար էր կյանքը և ստիպված տեղափոխվեցինք Շվեդիա»,-ասաց նա:

Հասմիկ Կարապետյանի գնահատմամբ`թեև Հայաստանը բոլոր հայերի «իսկական մայրն է», բայց այն պետք  է հավաքի բոլորին, հնարավորություններ ստեղծի, որ դուրս չգնան, սակայն սիրիահայերի հարցում իրեն պահեց «խորթ մոր» նման: «Այն օրերին, երբ պետությունը որոշ չափով չկարողացավ ընդգրկել սիրիահայերին, մեծամասնությունը Եվրոպա գնաց, թեև մենք մեր իսկական տուն էինք եկել: Մենք փախել էինք պատերազմից, իսկ պետությունը այն օրերին չկարողացավ մեզ որոշ չափով ընդգրկել, գոնե տան վարձ տար, որ մեր ապրուստը հեշտ լիներ դրա համար ասում եմ, որ մեր հայրենիքը խորթ մայր է, բայց փառք Աստծո այսօր իսկական մայր է»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս հանգիստ են, որ իսկական տանն են:

Հասմիկ Կարապետյանը  նշեց, որ այնուհետև Շվեդիայից վտարվել են և տասը ամիս է ինչ արդեն Հայաստանում են:  Ներկայումս նա ձեռքի աշխատանքներ է պատրաստում, սփռոցների վաճառքով է զբաղվում, ցուցահանդեսներում ներկայացնում: Նա ասաց, որ այդ գործով զբաղվել է  նաև Քեսաբում:

Նա ամենադժվար խնդիրը համարեց տան վարձի հարցը և նշեց, որ Սիրիայում բոլորն էլ սեփական տներ ունեին: «Այսինքն` ուտելիքի, ապրուստի հարցերը կարող ես լուծել, բայց տան վարձը բավական թանկ է և մեզ համար շատ դժվար է»,-ասաց նա:

Նա նշեց, որ չի ցանկանա այլևս երկրից հեռանալ: «Երանի մենք վաղուց եկած լինեինք, գոնե մեր տները, գործերը այստեղ լինեին, բայց լիահույս ենք և այս մայիսից արդեն շատ փոփոխություններ ենք զգում»,-ասաց նա և նշեց, որ իշխանափոխության առումով լիահույս են:

«Երբ մեկը սկզբունք ունի և դրա հիման վրա կաշխատի, ես այդ մարդուց չեմ վախենա, այլ ընդհակառակը իր կողքին կլինեմ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ Հայաստանում բիզնես միջավայրը այնպիսի չէ, ինչպիսին Սիրիայում էր, և բիզնեսի ճկություն չկա:

«Ես ցանկանում եմ աշխատել և դրա դիմաց պարտավորություններ ունենալ, այսինքն` հարկային դաշտը նորմալ եմ գնահատում, քանի որ պետությունը իրենից, մյուսից հարկեր չվերցնի, ապա այս պետությունը ինչպե՞ս է զարգանալու: Ես հարկերին դեմ չեմ, բայց սիրիահայերի պարագայում երանի վերնիսաժի նման տեղ լինի թեկուզ շաբաթը երեք օր` ուրբաթ, շաբաթ, կիրակի, որ կարողանանք մեր աշխատանքները ներկայացնել; Ես պատրաստ եմ հարկային վճարելու, քանի որ այդ գումարը մեզ բոլորինս է, սակայն խանութները շատ թանկ են և հիմա շատ ավելի թանկ է, քան հինգ տարի առաջ Ես չեմ ուզում պետությունը ինձ օգնություն տա, ընդհակառակը ուզում եմ իմ երկրում աշխատել և պարտավորություններ ունենալ»,- ասաց նա և նշեց, որ շատ լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր: