image

Որ երկիր, որ գնաս, այդ երկրի գլխարկն ես հագնելո. Րաֆֆի Կույումջյան

Որ երկիր, որ գնաս, այդ երկրի գլխարկն ես հագնելո. Րաֆֆի Կույումջյան

Բարձր ճնշման ռետինե խողովակների արտադրությամբ զբաղվող Րաֆֆի Կույումջյանը «Արևելք»-ին ներկայացրեց, որ  Սիրիայից Հայաստան է եկել 2012 թվականի հուլիս ամսին: «Խնդիրները կային մինչև մենք մեր շուկան, հաճախորդները ունեցանք, դժվար էր սկզբից, բայց հիմա ամեն ինչ նորմալ է, մեր շուկան ունենք, ամեն ինչից գոհ ենք: Ամեն ոլորտում շատ մրցակցություն կա»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը բիզնեսի համար բարենպաստ է:

Խոսելով սիրիահայերի խնդիրների մասին նա նշեց, որ հիմնական խնդիրը բնակարանի հարցն է, բնակարանի վարձն է: «Այնտեղ հիմնականում 80 տոկոսը ամեն մարդ իր տունը, սեփականությունը ուներ, վարձեր չունեին, եկամուտը այնտեղ ավելի բարձր էր, իսկ այստեղ ծայրը ծայրին ենք հասցնում»,-ասաց նա:

Րաֆֆի Կույումջյանը նշեց, որ Հայաստանում սկզբից մեզ շատ աջակցել են իրենց, շատ ջերմ ընդունել: «Մենք պատերազմից էինք եկել, բոլոր տեսակի մարդիկ հանդիպեցինք այստեղ, բայց մեծամասնությունը լավ մարդիկ էին, բավականին օգնեցին բոլորն էլ, շատ բարեհամբույր ընդունեցին»,-ասաց նա:

Հարցին, թե ներկայիս իշխանությունից ինչ սպասելիք ունեք, նա ասաց, որ ամենամեծ սպասելիքը կապված է հարկերի, մաքսատուրքերի հետ: «Կցանկանայինք, որ իշխանությունը ուշադրության կենտրոնում պահեր փոքր ու միջին բիզնեսը, առավել ևս   մեր պարագայում, քանի որ  մենք նոր ենք սկսել իրականացնել ամեն ինչ Հայաստանում: Մեր կառույցները նոր են, ուզում ենք, որ մի քիչ շունչ առնենք, սկսենք նորմալ աշխատանքներ ունենալ,  ծավալները մեծացնել, այնուհետև նոր ինչ տեղացին տալիս է, այնպես էլ մենք: Ցանկանում են ներկայումս մատչելի պայմաններ լինեն, որ մենք մեր գլուխը կարողանանք պահել»,-ասաց  նա:

Նա նշեց, որ իր ապագան կապում է Հայաստանի հետ և եթե հեռանալու լիներ, ապա վաղուց կարող էր գնալ: «Ես 2012 թվականին եկա այստեղ, այդ ժամանակ շատ ավելի մեծ հնարավորություններ կային, որ ես կարող էի գնալ, բայց ես հայրենասեր, ազգը սիրող մարդ եմ, ես նախընտրում եմ, որ իմ երեխաները այստեղ մեծանան: Ես իմ հողը, հայրենիքը, ամեն ինչ սիրում եմ, ինձ համար «բարի լույս» բառը հազար հատ  good morning արժե, ինձ համար բարի լույս բառը շատ մեծ արժեք ունի: Ես փողոցով, որ քայլում եմ, կարծես իմ տանը լինեմ, իմ սրտին ջերմ տեղ է Հայաստանը»,-ասաց նա:

Րաֆֆի Կույումջյանը նշեց, որ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր Հայաստանում եկամուտ չլինելու պատճառով հեռացել են Հայաստանից և  օրինակ բերեց, որ եղբայրը աշխատում է  Արաբական Միացյալ Էմիրություններում, թեև ընտանիքը Հայաստանում է: «Նա երկու երեխա ունի, այդ երեխաները հորից հեռու են մեծանում, քանի որ Հայաստանում աշխատանք չի կարողացել գտնել: Հիմնական պատճառը դա է: Ընկեր ունեմ, որ եկավ Հայաստան գործ դրեց, կարգավորեց, սարքավորումներ ներկրեց և ցանկանում էր այստեղ մնալ, բայց ասաց, որ ոչ ժողովրդի հետ է կարողանում ընտելանալ, ոչ էլ երկրի պայմաններում և հիմա Կանադայում է»,-ասաց նա:

Րաֆֆի Կույումջյանը նշեց, որ  այստեղ ամեն մարդ չի կարող համակերպվել: «Մի ասացվածք կա` ասում է՝ որ երկիր որ գնաս, այդ երկրի գլխարկն ես հագնելու, ամեն մարդ այդ գլխարկը չի կարող հագնել, ամեն մարդու չափ չէ: Ես հարմարացրեցի, մի քիչ նեղ էր, բայց արդեն լավ է»,-ասաց նա:

Ըստ նրա` Հայաստանը սպառողական երկրից պետք է դառնա արտադրող երկիր, որ մեր մթերքը օգտագործենք:  «Մնում է, որ մենք դրսից հումքը կարողանանք բերել, արտադրել ու արտահանել արտադրանքը: Ես չեմ կարողանում արտահանել, քանի որ թանկ է նստում»,-ասաց նա և նշեց, որ եթե մի քիչ պայմանները մատչելի լինի, իր արտադրանքը կարող է դուրս արտահանել: