image

«Ես այստեղ եմ տեսնում իմ զաւակների ապագան» Լիբանանահայ հայրենադարձ Մհեր Պոյաջյան

«Ես այստեղ եմ տեսնում իմ զաւակների  ապագան» Լիբանանահայ հայրենադարձ Մհեր Պոյաջյան

Ես այդպես եմ սովորեցնում իմ զավակներին, որ մեր վերջին հանգրվանն այստեղ է, այստեղից ուր ուզում եք գնացեք, սովորեք, բայց հետ եկեք

 

15 տարի առաջ Մհեր Բոյաջյանը աշխատանքի բերումով Լիբանանից տեղափոխվեց Ստեփանակերտ, կարճ առաքելությունը փոխվեց հայրենադարձության. Ընդամենը 3 ամսով մնալու փոխարեն երկուսուկես տարի մնաց Արցախում, որից հետո տեղափոխվեց Հայաստան:

 

Բոյաջյանը հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուներից է, Վիվա սելլ ընկերության պաշտոնյա, որ այն ժամանակ գալիս էր հայրենիք՝ այստեղ ևս ոլորտում առաջընթաց ապահովելու, միջազգային փորձը ներդնելու նպատակով:

 

«Մեր ոլորտում տեսնում էինք հեռանկարներ, դրա համար վերցրել էինք պատասխանատվությունը՝ գալ այստեղ, գործող հիմնարկի մեջ աշխատել և զարգացնել ոլորտը, որովհետև այն  զարգացած չէր 15 տարի առաջ: Այսօր շատ մեծ առաջխաղացում և բարելավում կա, և միշտ զարգացման կարիք ունի, պետք է հետևես, համալրես նոր տեխնոլոգիաներով»,-ասում է Բոյաջյանը:

 

Մհեր Բոյաջյանի երեք զավակներից երկուսը ծնվեցին Հայաստանում, սա է իրենց տունը, այստեղ է ձևավորվել նրանց միջավայրը, ծնողների ծննդավայրը զավակներին կարող է օտար թվալ:

 

«Ես այստեղ եմ տեսնում իրենց ապագան, այսօր չգիտես՝ բարձրագույն ուսումից հետո ինչ որոշում կկայացնեն, բայց ես այդպես եմ սովորեցնում, որ մեր վերջին հանգրվանն այստեղ է, այստեղից ուր ուզում եք գնացեք, սովորեք, բայց հետ եկեք, ես այն անձերից չեմ, որ քաջալերեմ, որ այստեղից դուրս գնան»,-ասում է հայրը:

 

15 տարվա ընթացքում Հայաստանը տուն է դարձել, որի պայմանները ժամանակի ընթացքում ավելի են բարելավվել, համոզված է Մհեր Բոյաջյանը: Այն ժամանակ, երբ նոր էին տեղափոխվել, ավելի դժվար էր, հատկապես Արցախում, հիմա երկու հանրապետություններում էլ առաջընթացը նկատելի է:

 

Հետևաբար Բոյաջյանը կարծում է, որ հայրենիքում հիմա հնարավոր է նոր գաղափարներ իրագործել: Դեռ չի հասցրել հեռահաղորդակցության ոլորտից բացի այլ աշխատանք անել, բայց գաղափարը կա, ուստի վստահ է՝ իրագործելու ժամանակն ու առիթն էլ կգա: Ներկայացնում է.

 

«Ուզում եմ մարզական ոլորտը զարգացնեմ, ինձ համար հոգեհարազատ է, երիտասարդությունը խմբային խաղերու արդյունքներ ունենան, ոչ թե միայն անհատական մարզաձևերով զբաղվին, ունենան դահլիճներ, տեղեր, որ դպրոցի դասերից հետո կամ ամառային արձակուրդներին կարող են մարզվել»:

 

Լիբանանի փորձի մասին է պատմում, որտեղ բոլորը հնարավորություն ունեն դահլիճներում մարզվել, ակումբներ հաճախել, ինչի պակասը Հայաստանում տեսնում է: Կան մարզադպրոցներ, որոնք, սակայն, ոչ բոլորին են հասանելի, նշում է. «Եթե կան էլ, կամ դահլիճներն այն չեն, կամ այնքան թանկ են անդամավճարները, որ ամենին մատչելի չեն, դժբախտաբար ավելի էլիտարների է հասանելի, քան միջին ու միջինից ներքև դասակարգների համար, այն ծնողերը, որոնք ուզում են ակումբի նման տեղ գտնել, չկան»:

 

Իսկ Լիբանանի գաղութում այսօր այլ խնդիրներ ու դժվարություններ կան: Արդյո՞ք միայն հայրենասիրությունն է պատճառը, որ մեծ թվով լիբանանահայեր լքում են գաղութը: Բոյաջյանը սա պատճառներից մեկն է համարում, երկրորդը սա է.

 

«Լիբանանի պայմաններն այլևս այն չեն, ինչ որ էին 30 տարի առաջ, լինի քրիստոնեությունը,  հայությունը փոքրամասնություն է դառնում,  և վերջին 5-6 տարիներին Հայաստանը բարելավում է, և նրանք, մոտիկ լինելով և տեսնելով արաբական աշխարհի, մանավանդ Սիրիայի ճակատագիրը, չսպասելով, որ իրենք էլ հասնեն այդ ճանապարհին, հիմիկվանից արդեն այդ որոշում են կայացնում և տեղափոխվում»:

 

Այնուամենայնիվ, նա Լիբանանի հայ համայնքի համար վտանգ տեսնում է, բայց ոչ առաջիկայում. «5-10 տարի հետո չէ, բայց կա, այսօր փոքրամասնության փոքրամասնություն է դառնում հայերի քանակը, ճիշտ է, որ Միջին Արևեելքում տակավին միակ ուժեղ գաղութն է, բայց կամաց-կամաց ձուլում չասեմ, տեղափոխում կա, ու ոչ միայն Հայաստան, այլև Կանադա, Ավստրալիա, Եւրոպա, ընդհանրապես Լիբանանը քրիստոնեությունից դատարակվում է, ուր մնաց հայերի վիճակը»:

 

Իսկ Հայաստան տեղափոխված լիբանանահայերից ոչ բոլորն են, որ  Մհեր Բոյաջյանի նման հենց իրենց բնագավառներում են շարունակում աշխատանքը: Շատերը պատրաստ են տեղի պահանջարկին համապատասխան գործ ձեռնարկել ու կայանալ նոր ոլորտներում: