Օրերս Բեյրութում կյանքից հեռացավ սփյուռքահայ արվեստի նվիրյալներից մեկը՝ տաղանդավոր քանդակագործ Զավեն Խդշյանը: Արվեստագետի մահն առիթ եղավ կրկին խոսելու նրա մասին և արժեվորելու քանդակագործի կյանքն ու գործունեությունը: Մտքի թռիչքն էր, որ քանդակագործ Զավեն Խդշյանի ստեղծագործություններից յուրաքանչյուրը դարձնում էր առանձնահատուկ, դրանց հաղորդում ինքնատիպություն: Երևակայության թևերով նա կարողանում էր կերպավորել քանդակը: Զավեն Խդշյանի դուստրը՝ Դարիա Խդշյանը (Հադիչյան) Արևելք-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպես էին ծնվում հայրիկի աշխատանքները, հատկապես դրանցից մեկն է առանձնացնում, որը խոսում է Զավեն Խդշյանի մտքի սլացքի մասին:
«Սուրբ Շարբել քանդակն է դրել եկեղեցու դիմաց, և եղել է առաջինը, որ իր երևակայութամբ այդ հայտնի սրբի դեմքն է արել: Հիմա մեկ ամսում հարյուրավոր անձինք բարձրանում են այնտեղ, աղոթում, ուխտ անում: Կարծում եմ, որ հայրիկիս ամենամեծ գործը, որ թողեց, ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված Եղեռնի հուշարձանն է, Բիքֆայայում, որ 13,30 մետր է և ներկայացնում է հայ ազգի վերածնունդը: Սլացք կա մեջը, զգում եմ՝ հորս ողջ հոգին ու ու փիլիսոփայությունն այդ արձանի մեջ է, այն պատկերում է հորս ամբողջ հոգեկան աշխարհը, թե նա ինչ տեսակ էր մտածում: 1915թ-ին մեր ազգի կրած ողջ չարչարանքն այդտեղ տեղ է գտել»,-պատմում է դուստրը:
Դարիան նկարչուհի է, զբաղվում է նաև թատերարվեստով, ասում է, որ հայրիկի օգնությամբ նա ճանապարհ հարթեց դեպի նկարչություն, քանդակագործ հոր յուրաքանչյուր խորհուրդ թանկ է գնահատել արվեստի ճանապարհն ընտրելիս: «Հայրս ինձ շատ քաջալերեց ու իր քաջալերանքով ճանապարհ բացեց ինձ համար: Մինչև իր առողջական վիճակի վատանալը, ես ինչ որ նկարում էի՝ իր կարծիքն էի հարցնում, լավ ուղղություն է տվել, իբրև ժառանգություն՝ ինձ է փոխանցել արվեստը»,-ասում է նա:
Լիբանանյան լավագույն գեղարվեստի բուհերում դասավանդած արվեստագետ Զավեն Խդշյանը ոչ միայն իր դստերը, այլև բազմաթիվ արվեստասեր երիտասարդների է ուղեկցել արվեստի ուղի: Նրանցից ոմանք այսօր, դստեր վկայությամբ, արդեն ճանաչված քանդակագործներ են:
Դյուրին չէր հասնել նման հաջողությունների, հատկապես օտար միջավայրում, հավատացնում է Դարիան, սակայն տաղանդի ուժով հնարավոր է նաև հասնել այն վաստակին ու գնահատականին, որին արժանի ես: Հենց այդ տաղանդն է առաջնորդել ճանաչված քանադակագործին: Նկարչուհին ասում է. «Երբ որ հայն իր երկրում չէ, շատ դժվար է հասնել արդյունքի: Օտար երկրում միշտ էլ նախընտրությունը տրվում է տեղացիներին, բայց հայրիկիս արվեստն այնքան մեծ էր, որ հասավ այնտեղ, ուր որ պետք է հասներ, թեև ոչ այնքան, որքան արժանի էր, քանի որ օտար երկրի հանգամանքը կար»:
Ինչպես բոլոր հայերի, այնպես էլ Խդշյանի երազանքն էր հայրենիքի հետ ամուր կապ ունենալ, ինչը հասցրեց իրագործել: Աղջիկը պատմում է. «Իր ամենամեծ երազը Հայաստան գնալն էր, և շատ ուրախ եմ, որ դա կարողացավ իրականացնել, հայաստանյան քաղաքացիություն էլ ունեցավ, հակառակ, որ չկարողացավ վերադառնալ, բայց երբ գնաց, շատ գեղեցիկ հիշողություններով, ուրախությամբ ու խանդավառությամբ եկավ, պատմեց: Երբ ես փոքր էի, այն ժամանակ դժվար էր Հայաստան գնալը, հայրս տառապում էր, մորս հետ միշտ այս խոսակցությունների մեջ էին, մինչև որ վերջին շրջանում հրավերը եկավ, ու վերջապես իր հայրենիքը տեսնելու երազն իրականացավ»:
Հայրենիքի երազն իրականություն դարձավ, սակայն շատ գործեր, որոնք դեռ կարող էին ծնվել, անավարտ մնացին: 86 տարեկանում էլ նա շարունակում էր ստեղծագործել, միտքն ու երևակայությունը չէին դադարում աշխատել, այդ մասին է վկայում նրա անավարտ թողած գործը՝ Ադոնիսի և Աֆրոդիտեի քանդակի մանրատիպը, որն այդպես էլ չհասցրեց վերածել մոնումենտալ գործի: «Մակետն արել էր, ուզում էր մեծ ծավալով քանդակել, բոլոր հաշվարկներն արված էին, այնքան մեծ պիտի լիներ, որ այստեղ՝ Լիբանանի ծովեզերքին գտնվող հայտնի խոշոր ժայռի վրա դրվեր: Շատ էր խոսում այդ մասին, դյուրին չէր, ճարտարապետության հետ էլ կապ ուներ, բոլոր ծախսերը, հաշիվներն արել էր, բայց դժբախտաբար չկարողացավ իրականացնել»,-ասում է արվեստագետի դուստրը՝ ափսոսալով հոր կիսատ մնացած գործերի համար: