image

Եթե ահազանգը չհնչեցնենք, գալու է մի ժամանակ, երբ կտեսնենք, որ չենք կարող վտանգից դուրս գալ. Կարո Փամ

Եթե ահազանգը չհնչեցնենք, գալու է մի ժամանակ, երբ կտեսնենք, որ չենք կարող վտանգից դուրս գալ. Կարո Փամ

Սիրիահայ Կարո Փամբուկչյանը երկար տարիներ ի վեր հաստատվել է Լիբանանում, ոսկերչությունն ընտանիքի ապրուստի միջոցն է, իսկ ոսկե ձեռքերը, որոնցով հոգում է այդ ապրուստը, կարող են նույնքան լավ ծառայել ամենուր, լինի Լիբանանում, Ամերիկայում, թե Հայաստանում:

 

Ուրեմն ինչո՞ւ չփորձել նույնն անել հայրենիքում, հատկապես եթե հիմա Միջին Արևելքն իր լավագույն օրերը չի ապրում, փոխարենը Հայաստանի ապագայի նկատմամբ հավատով է լցվել:

 

«Գիտեի, որ մի ժամանակ պիտի գա, որ ես հայրենիք պիտի գտնվեմ: Թավշյա հեղափոխությունը շատ ավելի հույս տվեց, հիմա ուզում եմ կարողություններս հայրենիք բերել ու իրագործել: Կարծում եմ, որ կարող եմ հայրենի հողին վրա իմ գործն իրագործել, ուզում եմ, որ ինձանից հետո սերունդները հաստատվեն հայրենի հողի վրա, քան մնան թափառական, իմ մեծ հայրս,  կամ իր հայրը չկարողացան իրագործել, իրենց չեմ մեղադրում, պայմաններն այդպես բերեցին, ինչ որ մեծ հորս հետ պատահեց գաղթի պատճառով, նույնն էլ տեղի է ունենում Լբանանի կամ Սիրիայի մեջ»,-«Արևելք»-ին պատմում է  Կարո Փամբուկչյանը:

 

Փամբուկչյանը երկու անգամ է եղել հայրենիքում՝ 1999 և 2006թ-ին, բայց իր երեխաները Հայաստանում են մկրտվել. սա կարևոր դրվագ է համարում զավակների համար. այսպիսով նրանց ամուր կապել է հայրենիքի հետ, կարծում է հայրը՝ հպարտությամբ նշելով.

 

«21 տարեկան տղաս, 19 տարեկան աղջիկս ունին այդ հիշատակը, որ կնքվել են հայրենիքում, տղաս՝ Էջմիածնում, աղջիկս՝ Մարինե վանքում, իր անունն էլ Մարինե է՝ ի պատիվ վանքի»:

 

Հիմա զավակներն այդ գիտակցությունն ու հոգևոր կապն ունեն հայաստանի հետ, համոզված է Փամբուկչյանը, դրանում մեկ անգամ ևրս համոզվել է, երբ որդու երրորդ այցից հետո Հայաստան զրուցել է նրա հետ:

 

«Երբ վերադարձավ, հարցրի տպավորությունը, իր մի խոսքը ինձ համար զորավոր ցնցիչ բան էր, ասաց, որ պիտի մտածենք հող կամ տուն առնենք հայրենիքի մեջ:  Սա հաստատում է, որ ինքն էլ ուզում մի բան հաստատել հայրենիքում»,-պատմում է հայրը:

 

Որդու և իր ցանկությունն իրագործելու նպատակով որոշել է առաջիկայում 15 օրով այցելել Հայաստան. ծանոթանալ աշխատելու ու ապրելու պայմաններին, գնահատել իր հնարավորություններն ու առաջիկա մեկ տարում արդեն հստակեցնել քայլերը: Կարծում է, որ ամենաուշը 1 տարի անց արդեն հաստատված կլինեն Հայաստանում՝ ասյպիսով մեկնարկ տալով այն վերադարձի, որ, կարծում է՝ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է անի:

 

«Այս իրադարձություններից հետո իմ անձնական մտածումս այն է, որ պետք է ներկա լինեմ,  ես միայնակ  ի՞նչ պիտի անեմ, բայց ամեն սփյուռքահայ պիտի ներկա լինի: Հավատում եմ, որ  իմ արհեստի նկատմամբ կա մի բաժին, որ Լիբանանի մեջ հազվագյուտ է, ես տիրացել եմ այդ աշխատանքին, համոզված եմ, որ կարող եմ մի նորություն բերել հետս»:

 

Բայց նաև գիտակցում է, որ ամեն ինչ չէ, որ այդքան դյուրին է, կան դժվարություններ, որոնք հաղթահարելի է համարում, կան բացասական կողմեր, որոնք վստահորեն զիջում են այլ երկրում ապրելու վատ կողմերին:

 

«Այստեղ գաղութը վերջ չունի: Վտանգ կա, այո, սփյուռքի գոյատևելը մեծ վտանգ է, ես իմ համոզումով, իմ շփումներով, մարդկանց  մտքերը շոշափելով՝ տեսնում եմ, որ գոյատևելու մեծ վտանգ կա: Այսօր  ձուլումից ավելի կան շատ ուրիշ հարցեր, որոնք մեզ չեն պատկանում: Եթե ահազանգը չհնչենենք, գալու է մի ժամանակ, երբ կտեսնենք, որ չենք կարող վտանգից դուրս գալ, որքան շուտ, այնքան լավ հաջորդ սերունդը փրկելու, Նոյան տապանը հաստատվելու քայլ պիտի առնենք»,-կարծում է լիբանանահայ ոսկերիչը:

 

Ինքն ուներ ԱՄն մեկնելու հնարավորություն, մայրը ԱՄՆ քաղաքացի է, սակայն գիտակցելով հանդերձ՝ Լիբանանից դուրս գալուց հետո ԱՄՆ-ում ապրելու առավելությունները, չի գնացել: դա իր համար երբևէ երազանք չի եղել, երազանք է մնում Հայաստանում ապրելը, որն իրագործելու ճանապարհին է: