image
Հրատապ լուրեր:

Ախր ուրիշ տեղ Բուրջ Համուդ չկա. Լիբանանահայ դոկտոր-պրոֆեսոր Հրաչ Բարսումյան

Ախր ուրիշ տեղ Բուրջ Համուդ չկա. Լիբանանահայ դոկտոր-պրոֆեսոր Հրաչ Բարսումյան

Ախր ուրիշ տեղ Բուրջ Համուդ չկա. Լիբանանահայ դոկտոր-պրոֆեսոր Հրաչ Բարսումյանի մտահոգությունները հայրենիքի ու սփյուռքի վերաբերյալ

 

Լիբանանահայ Հրաչ Բարսումյանը, ով տասնամյակներ շարունակ Հայկազյան համալսարանում բնագիտություն է դասավանդել, այժմ արվեստի, մասնավորապես կինոյի և թատրոնի հարուստ շերտերն է բացահայտում, թեև տարբեր պարբերականներում հրապարակվող նրա հոդվածներում ու հուշագրություններում արծարծվում են նաև բնագիտությանն ու այլ ոլորտներին առնչվող թեմաներ:

 

Արևելք-ի հետ զրույցում իզուր չէ, որ վաստակաշատ պրոֆեսորը սփյուռքում հայապահպանման դժվարությունների հետ մեկտեղ, ի հայտ է բերում նաև տխուր իրողություններ: Հեշտ չէ ինքնությունը պահպանել, բայց դա ավելի հուսալի կլիներ, եթե չլիներ վարժարաններում տիրող վիճակը, որն, ասում է, ինքն ապրել է, որի միջով անցել է ու այսօր վերածել է հուշերի:

 

Գոց բակին մէջ կարկտան

տնօրէնը վառ, կրքոտ

զինուած գանակով մ'երկայն

կը պատժէ ոտքեր վէրքոտ

Ապա Վարդան ապա Տէր Զօր

Ապա ունայն հանապազօր

Տափատներ կարճ ու փոշոտ

Մանուկ մտքեր վարանոտ

Սխալ բան մը կար այնտեղ:

 

Սա Բարսումյանի «Հուշամատյան»-ից հատված է, իրականում նա լուրջ վտանգներ է տեսնում, սփյուռքում մշակույթն ապրում ու փոխակերպվում է, ինքն, ասում է, այն սերնդին է պատկանում, որ սեփական մաշկի վրա է զգացել ««հայապահպանման» անբանիմաց քաղաքականության ավերները: Մշակույթի զարգացման հնարավորությունները իհարկե մեծապես տարբերվում են մի գաղութից մյուսը: Հարկ է յուրաքանչյուրը  քննել յուրովի»,-ասում է Հրաչ Բարսումյանը:

 

Իսկ կազմակերպություններն, ովքեր ստանձնել են հայ մշակույթի պահպանման առաքելությունը, ըստ նրա, լուրջ մարտահրավերների առջև են կանգնած: Բարսումյանը համարում է, որ հիմնական խնդիրը որակյալ կադրերի պակասն է: «Մշակույթը հիմնականում հենվում է ոչ այնքան տվյալ գաղութում ապրող գրագետների և արվեստագետների, որքան բավարար թվով «կիսա-մտավորական» մարդկանց առկայության վրա: Մարդիկ, որոնք պիտի կարդան գրքերն ու մամուլը, նայեն թատերական ելույթները և այլն: Կարելի է ասել, թե անհրաժեշտ է ունենալ «կրիտիկական  զանգված»: Այդ զանգվածը գնալով նվազում է:  Հիմնական է նաև կազմակերպության տեսլականը: Սա արդեն քաղաքական հարց է»,-ասում է Հայկազյան համալսարանի նախկին դասախոսը:

 

Բարսումյանն այսօր կադրային խնդիր տեսնում է նաև Հայաստանում: Հեղափոխությունը կայացավ, նոր իրավիճակ ստեղծվեց, բայց մտահոգություն ունի, որ շարժումը կարող է ձախողվել: Պատճառը հետևյալն է. «Իրավիճակը, իհարկե, ոգևորել է գրեթե բոլորին: Բայց կոնկրետ իրագործումների ուշացումը արագ տանում է դեպի հիասթափության: Նոր նշանակվող կադրերը մեզ չեն տպավորում իրենց բանիմացությամբ: Այս հատկապէս վերաբերում է մշակույթի և սփյուռքի նախարարություններին: Մտահոգիչ են նաև բանակի սպառազինումը և պետության արտաքին քաղաքականությունը»,-դիտարկումներն է ներկայացնում լիբանանահայ գործիչը: 

 

Ոչ միայն հիմա, այլև ապագա տասնամյակներում նա չի տեսնում սփյուռքահայերի մեծ ներհոսքի հնարավորություն դեպի Հայաստան: Ինքն անձամբ Լիբանանից հեռանալու մասին շատ է մտածել, բայց ասում է. «Կյանքն այստեղ այնքան է դժվար, որ հեռանալու մասին ամենքը մտածում են ամեն պահ: Ես սովորել եմ Անգլիայում, բայց վերադարձել եմ: «Ախր ուրիշ տեղ Բուրջ Համուդ չկա»: Հեռանալու գլխավոր պատճառը, կարծում եմ, որ անորոշությունն է: Վերջին շրջանում նաև տեղի ունեցող արյունոտ մակընթացությունը»:

 

Անկախ դժվարություններից, կարծում է, որ լիբանանահայ գաղութը դեռ երկար տարիներ կշարունակի մնալ սփյուռքի կորիզը, եթե ֆիզիկական գոյությունը չվտանգվի: Այնինչ Հայաստանը սփյուռքի կարիքը շատ է զգում, մանավանդ այն դեպքում, երբ երկրի թշնամին ինքն է փորձում սեփական գաղութը կազմավորել:

 

«Ես կարծում եմ, որ արհեստական գաղութների կազմավորումը դավադրական տեսությունների դասին է պատկանում: Թրքական պետությունը, իհարկե, կփորձի արդեն իսկ գոյ գաղութները զորակոչել: Չգիտեմ, թե որքանով կհաջողվի այդ: Արտասահմանում ապրող թուրքերի մեջ խոշոր համեմատություն են կազմում այլախոհները»,-նշում է Բարսումյանը:

 

Սփյուռքը պատմական երևույթ է, սկսել է կազմվել առնվազն մի հազարամյակ առաջ: Մենք իմանում ենք Կիլիկիո և այլ ուժեղ գաղութների պատմությունը: Ասում է.  «Իհարկե ցանկալի է որ ներգաղթ կազմակերպվի: Ենթադրում եմ, սակայն, որ սփյուռքահայերի փոքր տոկոսը կհաստատվի Հայաստանում: Հայաստանում եղել եմ յոթն անգամ, Սովետի օրով և հենց առաջին տարին: Սփյուռքահայերի հանդեպ հայաստանցիների վերաբերմունքը, մեղմ ասած, քաջալերական չի:  Սփյուռքը չի գոյացել երեկ և չի վերանալու վաղը: Հարկ է հաշվի նստել այն իրականության հետ, որ արտասահմանում երևի մի քանի տասնամյակ գոյատևելու են բազմատիպ և բազմազան սփյուռքահայեր, որոնք տարբերվում են ոչ միայն հայրենի հայերից,  այլև իրարից»: