image

Պատասխանատվություն, բայց միայն օրենքի սահմաններում. Լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունի

Պատասխանատվություն, բայց միայն օրենքի սահմաններում. Լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունի

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ եւ Լիբանանի Խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բացառիկ հարցազրույց տվեց «Արեւելք»-ին։ Վերջին տասնամյակում լիբանանահայ քաղաքական կյանքում ազդեցիկ եւ կարեւոր դեր ստանձնած Բագրատունին խոսեց հատկապես ներհայաստանյան վերջին զարգացումների մասին՝ շեշտադրելով, որ այսօր ամեն բանից ավելի Հայաստանի իշխանությունները պարտավոր են կտրուկ քայլեր անելով՝ կասեցնել արտագաղթի վտանգավոր երեւույթը:

 

Նա նաեւ անդրադարձ կատարեց վերջին շաբաթների ընթացքում Հայաստանին հուզող քաղաքական գործընթացներին՝ նկատել տալով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես դատաիրավական համակարգի ճանապարհով՝ հեռու մնալով քաղաքական պատվեր կատարելու միտումներից:

Ստորեւ «Արեւելք»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հակոբ Բագրատունու խոսքի ամփոփ տարբերակը, իսկ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: 

 

Անկախ նրանից, թե ո՞վ է հանցավորը՝ պատոնյա՞, թե՞ քաղաքացի, պետք է պատասխանատվության ենթարկվի միմիայն անկախ դատական համակարգի միջամտությամբ, համոզված է լիբանանահայ պատգամավոր, ՀՅԴ անդամ Հակոբ Բագրատունին:

 

Անդրադառնալով հայաստանյան հետհեղափոխական իրավիճակին՝ Լիբանանի Մեթն շրջանից պատգամավոր ընտրված Բագրատունին ներկայացրել է նախկին իրավիճակից ազատվելու, դատական անկախ համակարգի ձևավորման, ինչպես նաև արտագաղթի կանխման իր տեսլականը:

 

«Ժամանակն է, որ Հայաստանում վերանա հարստահարումի իրավիճակը, արգելակվեն փտածության կամ արտագաղթի տուն տվող պատճառները»,- համոզված է քաղաքական գործիչը:

«Սա մեր սպասումն է, մենք՝ իբրև Դաշնակցություն, հրապարակավ ազգի առաջ արտահայտվել ենք խորհրդարանում, մամուլում, թե մեր զանազան բանախոսությունների, հանդիպումներ ընթացքում՝ պահանջելով, որ մեր հայրենիքի տարբեր ժամանակների իշխանությունները ականջալուր լինեն ժողովրդի պահանջներին, դասակարգային խոր հեռացումները կարողանան անցկացնել և ստեղծել արդարության վրա հիմնված այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրեն դրսևորել համաձայն իր կարողությունների»,-ասում է Բագրատունին:

 

Ժամանակը, որ անցել է Թավշյա հեղափոխությունից հետո, կարճ է, հետևաբար հասարակությունը համբերատար պետք է լինի՝ ամբողջական արդյունքներ տեսնելու համար, իսկ այն, ինչ արդեն արվում է, միայն ու միայն օրինական, իրավական համակողմանի լուծումներ պետք է ստանա, մեր զրույցի ընթացքում այսպես մեկնաբանեց լիբանանահայ գործիչը: 

 

Մասնավորապես Մարտի 1-ի գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի և այլոց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ինչպիսի՞ լուծում է ակնկալում, նկատո՞ւմ է խտրական մոտեցում, օրինակ, մյուս նախագահների նկատմամբ, հարցին ի պատասխան Բագրատունին ասում է.

 «Ուզում ենք հավատալ, որ ներկա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ, անհրաժեշտ ստուգումներով, դատարանի անկախ միջամտություններով և գործընթացով հանցավորները կարող է  հրավիրել պատասխանատվության, ով որ լինի հանցավորը, որ ժամանակի մեջ որ գործած լինի, առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահ կլինի կամ ով որ է և ինչ պաշտոնի վրա որ է, այն պայմանով, սակայն որ հարգվեն պետության Սահմանադրությամբ ճշտված հիմունքները, սկզբունքները, ժողովրդավարական պայմանները և մարդկային իրավունքները, մի բան, որ ես ենթադրում եմ, որ իշխանությունները ժամանակի ընթացքում կկարողանան անել»,-կարծում է լիբանանահայ հայտնի քաղաքական գործիչը, նկատի ունենալով, որ ամենաշատ քննարկվող հարցերից է դատական համակարգի անկախությունը, լիարժեք անկախություն դժվար է պատկերացնել, սակայն անհնար չէ ունենալ, պետք է առողջ դատական համակարգ ձևավորել, որը ևս պատասխանատվություն կզգա օրինականությունը պահպանելու:

Անօրինականությունը երկրում թերևս արտագաղթի ծնունդ տված հիմնական պատճառն է, հիմա, երբ հանրության շրջանում տրամադրությունները փոխվում են, պատրա՞ստ է քաղաքացին հայրենադարձության: Բագրատունին կարծում է, որ սրա նախադրյալը արտագաղթի կանխումն է: 

«Հայրենադարձը ասելու է՝ ինչո՞ւ արտագաղթ կա հայրենիքից, մենք ինչո՞ւ պիտի  հայրենադարձություն անենք: Հայրենադարձությունը հայրենասիրական զգացումներից է բխում, այսօր, դժբախտաբար, արժեհամակարգային նոր դրույթի մեջ հայրենասիրությունը և տնտեսական պայմանների բարելավումը, հայրենադարձությունն ու այլ արժեքները միմյանց  հակոտնյա են, հետևաբար պետք է գտնել միջին լուծումը, որ կանխելով կամ նվազեցնելով արտագաղթը՝ միաժամանակ հայրենադարձությունը քաջալերվի»:

 

Հարցազրույցը՝  Վարդուհի Արզումանյանի