image

Հետպատերազմյան Հալեպի կրթական խնդիրներն ու «սպիտակ ջարդի» սպառնալիքը. Հարություն Սելիմյան

Հետպատերազմյան Հալեպի կրթական խնդիրներն ու «սպիտակ ջարդի» սպառնալիքը. Հարություն Սելիմյան

Հալեպում գործող 14 դպրոցներից ոչ մեկը հետպատերազմյան տարիներին չի փակվել: Աշակերտների թիվը կտրուկ նվազել է, դպրոցական շենքերի մի մասը՝ հրթիռակոծվել, սակայն այս ամենը պատճառ չի եղել դրանք գոցելու, պատմում է ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Հարություն Սելիմյանը:

 

«Մի շարք ազգային վարժարաններ հրթիռակոծվեցին և դպրոցաշենքերը կորցրեցին: Այսօր հայ առաքելական համայնքի վարժարանները, որ Ազգային վարժարաններն են, խտացվեցին 3 տարբեր վարժարանների մեջ: Խնդիրը միայն շենքը կորցնելը չէ. գաղութի թիվը նվազեց: Գիտեք, որ ունեինք մոտ 50 հզր հայություն Հալեպում, բայց այսօր առավելագույն, մի քիչ չափազանցված թիվ պիտի ասեմ՝ 15000 հայություն ունենք»,-պատմում է Հարություն Սելիմյանը:

 

Բոլոր համայնքներն են հրթիռակոծություններից անմիջապես հետո վերսկսել դպրոցների վերականգնման աշխատանքները՝ չկորցնելով հույսը, որ համայնքը պիտի շարունակի իր բնականոն կրթական գործընթացը Հալեպում. Սա միակ երաշխիքն է չարտագաղթած հայության հույսը վառ պահելու, հակառակ պարագայում, ավետարանական համայնքի ղեկավարը վստահ է, շատ ավելին կլիներ գաղթողների թիվը:

 

«Կրթական համակարգի բաց մնալը օգնեց, որ հայ ժողովրդի այսօրվա մնացած թիվը ապահով կարողանա իր զավակները կրթության ասպարզում պահել»,-վստահ  է ավետարանական համայնքի ղեկավարը:

 

Վերջին տարում եղել են նաև վերադարձողներ՝ Հայաստանից, Բեյրութից, մեկ-երկու՝ ընտանիք նաև Կանադայից, բայց սրան զուգահեռ ավելացել է մեկնողների թիվը, ասում է Հարություն Սելիմյանը: «Այս ամառ կային բավական մեծ թվով մարդիկ, որոնք արտագաղթի ծրագրերի էին մասնակցել, հասել էր հերթը, և հիմա գաղթում են Կանադա: Չեմ կարծում, որ եկողների հետ հավասարակշռվում է պատկերը, բայց համեմատության մեջ 100-ին 10 աշակերտների թվի աճ կարալի է ակնկալել»,-ասում է նա:

 

Պատերազմը պատճառ եղավ նաև կրթական ծրագրերի վերանայման: «Այսօր աշակերտները ապրում են պատերազմի հոգեխոց, և իրենց հոգեբանական ներաշխարհը բավական անհավասարակշռված է, ապագայի վերաբերյալ ունեն իրենց անձնական իղձերը, ծրագրերը, փափագները, որոնք երբեմն հասանելի են, երբեմն՝ ոչ: Հետևաբար մեր մարտահրավերները երկուսն են. Մենք տակավին փորձում ենք ստեղծել օազիս այս փոթորկալից իրականության մեջ, և ուզում ենք ընդգծել հայեցի և քրիստոնեական կրթությունն ու դաստիարակությունը: Ունենք մեծ հույս, որ գալիս սերունդը պիտի դաստիարակվի և վերամշակվի այս տագնապալի իրականություններից հետո»,-կարծում է վերապատվելի Սելիմյանը:

 

Այս ամենի իրագործման համար ևս մեկ խնդիր ունեն. Հայրենավարտ ուսուցիչների պակասը, թեև նրանք, ովքեր աշխատում են, դա լավագույն ձևով են կատարում, վստահեցնում է նա: Բոլոր ջանքերը ներդրնում է նաև համայնքը՝ արաբական միջավայրում հայ լեզուն պահպանելու ուղղությամբ: Ասում է.

 

«Դպրոցների ճանապարով փորձում ենք երեխաների ու ընտանիքների մեջ արմատավորել հայ լեզուն, մշակույթը, պատմությունը, ավանդույթները, լրացուցիչ նշանակություն ունեն ակումբները ևս, եկեղեցիների երիտասարդական ու պատանեկան խմբակները, որոնք իրենց բարենպաստ ազդեցությունն ու ներդրումը ունեն, եթե մենք ամբողջ աշխատանքը տանենք և ծրագրով մեր երեխաների շրջանում չկիրարկենք լայնածավալ հայապահպանաման ծրագիր, լուրջ վտանգի առջև կկանգնի գալիք սերունդը, կարծում եմ, որ պետք է աչալուրջ հետևենք, թերացում չարձանագրենք որևէ բնագավառում, որովհետև նվազագույն թուլացումը կարող է բացթողում առաջացնել, որով մենք կվտանգենք հայեցի կրթությունը»:

 

Հարություն Սելիմյանը մտահոգ է սիրիահայերի այն զանգվածի համար, որը, այսպես կոչված, երկրորդ սփյուռքացում է ապրում: Մեծ թիվ են կազմում Եւրոպա կամ արևմուտք գաղթողները, որոնց վրա, վստահ է,  հոգեբանական ազդեցություն է գործում նաև աշխարհագրական հեռացումը: «Միջին Արևելքի մեջ մեր պատմական Հայաստանի և գրավյալ հողերի աշխարհագրությունից ետ չենք, և մերձավոր ներկայությունը հիշողությունը թարմ է պահում, իսկ երբ արևմուտք են գնում, շատ ավելի վտանգված եմ համարում լեզուն, մշակույթը, կենցաղավարությունը, ավանդույթներ: Մտավախություն կա, որ մեր երեխաները այլևս հայրենենով արտահայտվելը, հայ մշակույթով զբաղվելը ավելորդապաշտություն պիտի համարեն, և այս վտանգը իրականության մեջ  մահացու վտանգ է, «Սպիտակ ջարդը» սա է»,-կարծում է Արևելք-ի զրուցակիցը: