image

Միջազգային մրցանակը ստանալիս թուրք գիտնականը շնորհակալություն է հայտնել հայ ընկերոջը

Միջազգային մրցանակը ստանալիս թուրք գիտնականը շնորհակալություն է հայտնել հայ ընկերոջը

Մաթեմատիկայի հանրայնացման գործում ունեցած ներդրման համար միջազգային «Լիլավատի» մրցանակն այս տարի շնորհվել է թուրք մաթեմատիկոս Ալի Նեսինին: Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսը «Լիլավատի» մրցանակը կոնգրեսի չորս մյուս հեղինակավոր մրցանակների շարքում  ընդգրկել է 2010 թվականին: Մրցանակը «Լիլավատի» է անվանվել նույնանուն մաթեմատիկական տրակտատի պատվին, որը գրել է 12-րդ դարի հնդիկ մաթեմատիկոս Բհասկարան:  Մրցանակը կազմում է մեկ միլիոն հնդկական ռուփի,հովանավորն է հնդկական  Infosys  ՏՏ ընկերությունը:

Այս տարի մրցանակը շնորհվել է երրորդ անգամ:

Թուրք մաթեմատիկոսի կողքին մրցանակը ստանալու պահին կանգնած է եղել հայ գրող Սևան Նշանյանը, և Ալի Նեսինը հայտնել է, որ մրցանակի համար պարտական է շատերին, բայց առաջին հերթին՝ իր հայ ընկերոջը: Մոտ տասը տարի առաջ Ալի Նեսինը Սևան Նշանյանի գյուղում  (Թուրքիայում)  հիմնել է մաթեմատիկական կենտրոն և մաթեմատիկան երիտասարդների շրջանում տարածելու անձնվեր աշխատանք ձեռնարկել:

 

Թուրք մաթեմատիկոս Ալի Նեսինը

 

Կիսավեր այդ գյուղը կառուցել է Սևան Նշանյանը՝ հիմնելով հանգստյան տներ, արվեստի, գիտության կենտրոններ՝ այնտեղ հրավիրելով ազատ մտածողությամբ թուրք գիտնականների: Թուրքիայի նշանավոր այս գյուղը՝  Շիրինջեն, աշխարհում հայտնի է նաև  «Մաթեմատիկայի գյուղ» անվանումով: 

«Ալին իմ ընկերն է, 40 տարի առաջ մենք միասին նաև բանտ ենք նստել՝ մեր քաղաքական հայացքների համար: Նա Թուրքիայի ազատ մտածող մտավորականներից է: Ես մրցանակի ժամանակ պետք է իր կողքին լինեի»- «Արեւելքին» հայտնեց Սևան Նշանյանը, որ  Ռիո դե Ժանեյրո է մեկնել ոչ օրինական փաստաթղթերով, մասնակցելու Մաթեմատիկայի Միջազգային կոնգրեսին: Նշանյանը, ինչպես հայտնի է, անցյալ տարի փախել էր թուրքական բանտից և ապաստան գտել Հունաստանում: Նա կրկին կվերադառնա Հունաստան, և ինչպես հայտնեց «Արևելքին», Շիրինջեի պես մի գիտական գյուղ էլ Հունաստանում է հիմնել, քանի որ չի կարող ապրել առանց գիտության տարածման: 


Այս առթիվ Սևան Նշանյանի հետ հարցազրույցն՝ առաջիկայում:

 

 

 

 

Տեսանյութում Ալի Նեսինը պատմում է Մաթեմատիկայի գյուղ հիմնելու դժվարին աշխատանքի մասին.