image

Փաշինյանի կառավարության թիվ մեկ խնդիրը՝ վերադարձնել կորսված հեղինակությունը. Տոքթ. Րաֆֆի Պետիկյան

Փաշինյանի կառավարության թիվ մեկ խնդիրը՝ վերադարձնել կորսված հեղինակությունը. Տոքթ. Րաֆֆի Պետիկյան

Սփյուռքը եւ թավշյա հեղափոխությունը. Եւրոպայի հայկական համագումարը ողջունում է նոր իշխանության բացահայտումները, իսկ առաջիկայում կքննարկի հեռանկարները

Գերմանիայում բնակվող հայ բժիշկ, Եւրոպայի հայկական համագումարի վարչության անդամ եւ Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Րաֆֆի Պետիկյանը ավելի քան 20 տարի հետեւում է հայաստանյան զարգացումներին ոչ միայն հեռվից, այլեւ անմիջական շփումներով այն հայերի հետ ովքեր արտագաղթում են Գերմանիա: «Ինձ համար անակնկալ չէին բացահայտումները, որովհետեւ աշխարհը փոքր է, եւ կաշառակերությունը բացահայտ երեւույթ է: Ոչ միայն անխնա կաշառակերությունն է, իշխանության ուժի անխնա շահագործումն է, ընտրակաշառքներն են, ազատ արտահայտվողների դեմ  ճնշումներն են. դրանք անակնկալ չէին, բացահայտ երեւույթ էին: Եթե նայենք միջազգային կազմակերպությունների տվյալները, կտեսնենք, թե որ տեղն է զբաղեցնում Հայաստանը»,- ցավով է շեշտում Րաֆֆի Պետիկյանը:

 

Վստահեցնում է, որ Հայաստանում սկսված հեղափոխության առաջին օրից սատարել է Փաշինյանին ու այն հայ ժողովրդին, որ հավատով դուրս էր եկել պայքարի սեփական իրավունքների համար: Հիմա ժամանակն է հաջորդ կարեւոր քայլի. «Որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաջողվի իր շուրջ համախմբել ազնիվ մարդիկ, որոնք հետո չփոխվեն, երբ իշխանության գան, նույն սխալները չանեն, կարողանան վերադարձնել կորսված հեղինակությունը թե’ հայության մոտ, թե’ սփյուռքի մոտ, թե’ ամբողջ աշխարհում: Հայաստանի ժողովրդի համար կարողանա նոր արեւ ծագել»:

 

Հավատ ունի այս ամենի հանդեպ, հակառակ դեպքում երկրում այլեւս անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել, որը չպետք է կրկնվի: Նախկին ուժերի վերականգնումը կնշանակի Հայաստանի կործանում, ինչը թույլ տալն անկարելի է, նաեւ հույս ունի, որ անհնար է:

 

«Նախկին իշխանությունը հուսով եմ, չունի շանս վերականգնվելու, կամ բիրտ ուժով պիտի վերականգնվի, ես մի հայ մարդ չեմ տեսել սփյուռքում` հայաստանցի հայ, ոչ թե պնակալեզները, որ գալիս են Սերժ Սարգսյանի հետ, մեդալ են կախում, նկարվում են, չեմ տեսել մեկը, որ Սերժ Սարգսյանի հանդեպ համակրանք ունի: Եթե հին իշխանությունը կարողանա իր ուժերը վերականգնել, Հայաստանի համար վերջ է,  այսինքն՝ իրենք պիտի սկսեն նորից թալանել, կլանել, կեղեքել, եւ ադ սիստեմ չէ, հայ ժողովրդի համար ապագա չի կարող լինել: Աս մի քանի տարվա մեջ մի հատ ոհմակ միլիարդներով փող է գողանում ժողովրդից,  ժողովուրդը աղքատ  վիճակի մեջ է ապրում, նույնիսկ բանակի ապրանքներն է գողանում»,- վստահ է Եւրոպայի հայկական համագումարի վարչության անդամը:

 

 

Անկախ վտանգներից, ներկա իշխանությունը պետք է հանգուցալուծման հասցնի սկսած գործը, դյուրին չէ, սակայն հավատում է, որ ջանքերն արդյունք են տալու. «Սկզբունքը ճիշտ է,  բայց չի նշանակում, որ, ասենք, Հայաստան հիմնադրամը սխալ կառույց է, դրա համար այս մաքրագործումը ճիշտ եմ տեսնում, անհրաժեշտ եմ տեսնումշ եւ կառույցների մեջ շատ խոսվել է այս մասին, քննադատվել է, բայց մի մասն ասում է` մենք պիտի շարունակենք Հայաստանին օգնել եւ հույս ունենք, որ այդ օգնությունը հասնի»:

 

Իսկ այդ սփյուռքը, որ ամենն իմանալով՝ շարունակում է մտածել օգնելու մասին, հիմար չէ կամ անհասկացող, պարզապես ուզում է օգնել ու հավատում է, որ հիմա այլեւս փոխվելու է իրավիճակը:

 

«Սփյուռքի անվստահությունը Հայաստանի նկատմամբ նոր չի, Սփյուռքը հիմարների հավաքածու չի, որ մի քանի ղեկավարների մի քանի մետաղի կտոր են տալիս` որպես մեդալ, եւ սփյուռքը կաշառում են»,- ասում է Եւրոպայի հայկական համագումարի Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչը:

 

Իսկ Եւրոպայի հայկական համագումարը յուրովի է արձագանքելու իրավիճակին, առաջիկայում կանցկացվի համագումար, որի շրջանակներում կքննարկվի «Սփյուռքը եւ թավշյա հեղափոխությունը»:

 

«Սեպտեմբերի վերջ` Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ, մի հատ համագումար է կազմակերպվում Գերմանիայում: Նյութի առաջին մասը պիտի լինի սփյուռքը եւ թավշյա հեղափոխությունը, սփյուռքը ինքը մաքրագործման կարիք ունի, նման հեղափոխության , վերակառուցման, սփյուռքը ինքն էլ փտած է երեք ավանդական կուսակությունների ձեռը, մաշված է, եւ երրորդ հարցը, թե ինպիսի Հայաստան է պատկերացնում»,- ասում է կառույցի պատասխանատու ներկայացուցիչը:

 

Նա փոխանցում է նաեւ Հայաստանում կատարվածի հանդեպ արձագանքները՝ ասելով. «Օրինակ, ես Գերմանիա եմ, տիկին Մերկելը եւ մյուսները շատ տպավորված են, ասում են, թե աշխարհի պատմության մեջ հրաշալի հեղափոխություն էր՝ առանց արյուն թափելու, առանց բիրտ ուժ գործածելու, եւ իրենք` Եւրոպայի կառույցները, այն անձերը, որ ժողովրդավարության հավատում են, բոլորը անհրաժեշտ են համարում, չէին ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերուն, բայց ասում էին, որ հրաշալի հնարավորություն է: Անգամ այստեղ ապրող ազերիների հետ, թուրքերի, պարսիկների հետ եմ խոսում,  իրենք  հիանում են այս հեղափոխությամբ, ասում են` մեր երկրներում էլ անհրաժեշտությունը կա նման հեղափոխության»: