image

Հայկազյան համալսարանը գիտաժողովների նյութերի հրապարակմամբ վավերացնում է համայնքնրի պամտությունը

Հայկազյան համալսարանը գիտաժողովների նյութերի հրապարակմամբ վավերացնում է համայնքնրի պամտությունը

Մոտ 100 մլն-ոց բնակչություն ունեցող Եթովպիայում այսօր ապրում է ընդամենը 80-100 հայ՝ իր ինքնությամբ, լեզվով ու կրոնով: Դպրոց էլ ունի, թեև առանց աշակերտների: Համայնքի պատմությունը ներկայացնելու համար Հայկազյան համալսարանում մայիսի վերջին կայացած գիտաժողովին մասնակցել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչ, 60-ականներից մինչ այսօր այդ համայնքի պատմության կենդանի վկա Վարդգես Նալբանդյանը:

 

Գիտաժողովին, որը կրում էր «Եգիպտոսի, Եթովպիայի և Սուդանի հայերը»  խորագիրը, մասնակցել է նաև հայաստանցի պատմաբան Արտակ Մաղալյանը:  Առաջինն, ինչ ամենաշատն է տպավորել նրան, հենց Վարդգես Նալբանդյանի ներկայությունն ու պատմություններն են եղել Եթովպիայի փոքրիկ համայնքի մեծ կենսագրության մասին:

 

«Շատ ներկայանալի մարդ էր, որը Եթվպիայի հայ համայնքի պատմության կենդանի վկա կարծես լիներ, ինքը իրադարձություններին քաջատեղյակ էր, ահագին բաներ պատմեց, որոնք մեր համար նորություն էին, երեկոյան դասախոսությամբ հանդես եկավ: Նաև  Եթովպիայի արքունի ոսկերիչի դուստրն էր մասնակցում, ում հայրը Եթովպիայի հայտնի թագավոր Հայլե Սելասիեի ոսկերիչներից մեկն է եղել և նրա պատվերով զարդեր էր պատրաստել, այդ զարդեր նկարները ներկայացրեց»,-տպավորություններով կիսվեց Արտակ Մաղալյանը:

 

Հատկապես տպավորվել է այս երկրի հայ համայնքի՝ ինքնության պահպանման համար տարած պայքարով, հեշտ չի եղել գոյատևել բազմազգ ու բազմամարդ երկրում, որտեղ 72 ազգություններ են ապրում: «Մեր հայրենակիցը կատակով ասաց, թե հայերին Եթովպիայում համարում են 73-րդ ազգը»,-ասում էպատմաբանը, իսկ դա արդեն իսկ պատիվ է մի քանի տասնյակ հայերի համար, ովքեր չեն պատրաստվում զիջել, պահպանում են լեզուն, թեև հակառակն էլ չի փորձում ապացուցել հայ պատմաբանը: Ասում է.

 

«Ոմանք արդեն չեն խոսում հայերեն, բայց հիմնականում հայախոս են,  այսինքն՝ այդ փոքրաթիւվ հայերի ինքնապահպանման պատմությունն է: Հայկական հարուստ ժառանգություն կա, մանավանդ 20-րդ դարից՝ Ցեղասպանությունից  հետո, բավական հայրենակիցներ են հաստատվել ու իրենց ունակությունների շնորհիվ կարողացել են բարձր դիրքերի հասնել: Մի շարք գանձապետներ, ոսկերիչներ են եղել, քանի որ Արևմտյան Հայաստանից գնացած են եղել, ժառանգներին հայկական ոգով են դաստիարակել, ամուսնություններն իրար մեջ են»:

 

Այլ է իրավիճակը Սուդանում, որտեղ հայերի ժառանգությունը կա, բայց հայեր չկան այլևս, իսկ գիտաժողովին նրանց պատմությունը ներկայացրել են հայաստանցի պատմաբաները: Հայերի թվով ու պատմությամբ ամենահարուստը Եգիպտոսն է՝ 6 հազար բնակիչներով, հայկական 6 եկեղեցով, ազգային 3 վարժարանով, մշակութային, բարեգործական և մարզական միություններով։

 

«Եգիպտոսից բավական ներկայացուցչական պատվիրակություն էր եկել, երևի մեկ տասնյակ մասնակիցներ կային, ինչպես տարիքով, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Կային Կահիրեից և Ալեքսանդրիայից: Այդ առումով շատ համապարփակ էր, երկու քաղաքների հայ համայնքի մասին էլ տեղեկություններ ստացանք, ու շատ ողջունելի է, որ երիտասարդներ կային, մասնագետներ կային, որոնք ժամանակակից իրավիճակը ներկայացրին համայնքի, մշակութային, զբաղվածության առումով, համալսարանական ընդգրկվածության, մամուլի առումով, շատ հետաքրքիր էր: Ալեքսանդրիայի մասնակիցը համայնքի վիճակը ներկայացրեց, թե ինչպես է փոքր համայնքը ինքնության համար պայքարում Եգիպտոսում»,-նկարագրում է գիտաժողովին ներկա գտնված հայաստանցի պատմաբանը:

 

Գիտաժողովը, որն անցկացվել է, առաջինը չէր, մինչև այդ Հայկազյան համալսարանում տեղի են ունեցել նույնատիպ կոնֆերանսներ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի և այլ համայնքների ժառանգության վերաբերյալ: Հայ պատմաբանը կարևորում է դրանց անցկացումը՝ շեշտելով. «Հայկազյան  համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը» շատ մեծ և շնորհակալ աշխատանք է կատարում  համայնքների պատմությունը  նման կերպով ներկայացնելու: Այլ բան է, երբ հայաստանյան ուսումնասիրողներով գրում ենք համայնքի մասին արխիվային նյութերով, այլ բան է, երբ ողջ կյանքն այնտեղ ապրած մարդը պատմում է որպես բնակիչ, կենդանի վկա, և նրանք հասարակական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող մարդիկ են»:

 

Գիտաժողովներին հաջորդում են նյութերի հրապարակյումը հատորյակների տեսքով, այսինքն՝ թղթին են հանձնվում այն համայնքների պատմությունները, որտեղ գուցե տասնյակ տարիներ անց այլևս հայեր չեն լինի, և այս հայերի պատմությունները կդառնան կարևոր վկայություններ պատմաբանների համար:

 

«Մի քանի տասնամյակ հետո կարևորագույն  սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող հրատարակություններ կլինեն, համայնքներով զբաղվողների համար սեղանի գիրք կլինեն, հետո էլ պետք է նկատի ունենալ, որ այդ համայնքներն ամեն դեպքում հայախոս չեն, կամաց-կամաց հայերենի նվազում կա, ու շատ կարևոր պատմագիտական նշանակություն ունի»,-վստահ է Արտակ Մաղալյանը: