image

Բելգիայի Անտվերպեն քաղաքի քաղաքապետական ընտրություններում առաջին հայազգի թեկնածուն

Բելգիայի Անտվերպեն քաղաքի քաղաքապետական ընտրություններում առաջին հայազգի թեկնածուն

Բելգիայի երկրորդ քաղաքում՝ Անտվերպենում 2000-3000 հայ է ապրում, համայնքը մեծ չէ՝ ձևավորված նախորդ դարի երկրորդ կեսից, հիմնականում սիրիահայեր են, պոլսահայեր, իրանահայեր: Փոքր համայնքի հայ մտավորականների ջանքերով այստեղ մի շարք հարցեր են լուծվել՝ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ու հայ համայնքին առնչվող այլ խնդիրների:

 

90-ականների վերջին համայնքում հաստատված հայաստանցի Մինասյաններն էլ, ովքեր «Նուարդ» մշակութային միությունն էին հիմնել,  չկարողացան զերծ մնալ քաղաքական անցուդարձից, մաս կազմեցին դրանց լուծման, ինչպես օրինակ, համայնքում Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի տեղադրում, Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ Եվրոպառլամենտում բանաձևի ընդունում

 

Մշակութայինից ակամա քաղաքակյան գործունեության անցած հայազգի գործիչ Շահնուր Մինասյանն ուներ Բելգիայում այս ամենը շարունակելու հնարավորություն, իսկ երբ Բելգիայի իշխող «Նոր Ֆլամանական դաշինք» կուսակցությունից Անտվերպենի քաղաքապետական ընտրություններին մասնակցելու առաջարկություն եղավ, Մինասյանը չհրաժարվեց՝ այն համարելով ավելի հուսալի լծակ հայկական խնդիրները բարձր մակարդակներում ներկայացնելու համար:

 

Արևելք-ին տված հարցազրույցում նա պատմել է այս տարվա հոկտեմբերի 14-ին կայանալիք քաղաքապետական ընտրություններում իր մասնակցության, նախապտրաստական աշխատանքների, ծրագրերի ու հաղթանակի հնարավորությունների մասին:

 

«Կուսակցությունը իշխող կուսակցություն է, և քաղաքապետն ինքն է առաջարկել մասնակցել: Նա նաև հանդիսանում է կուսակցության նախագահը: Բավական հզոր պոտենցիալ և որոշիչ դեր ունեցող  կուսակցություն է: Համաձայնեցի, որպեսզի մեր հարցերն ավելի լավ մասշտաբով կարողանանք բարձրացնել և լուծել»,-ներկայացնում է Մինասյանը՝ շեշտելով, որ երկրի պետական որոշիչ դերակատարում ունեցող պաշտոնյաները մաս են կազմում այս կուսակցության: Բելգիական երեք մեծ՝ Կանաչների,  Աշխատավորական  և Նոր Ֆլամանական դաշինք կուսակցության նախագահները մաս են կազմում այս քաղաքական ուժի, որը նաև Մինասյանի լոբբիստական ջանքերի շնորհիվ լավ ծանոթ է հայկական հարցերին ու ազգային փոքրամասնությունների խնդիրներին:

 

«Կուսակցությունը աջ լիբերալ կուսակցություն է, ազատական արժեքներին դավանող, հայկական հարցերին միշտ աջակվել, է, Ցեղասպանության ճանաչում, Արցախ այցելություն և այլն: Ավեդի մեծ թափով պիտի աշխատենք այդ ուղղությամբ, ավելի մեծ ճանաչում բերելու Արցախի հարցում, այցելությունները շատացնելու և այլն: Նույնիսկ որոշակի կենցաղային հարցերով կարողանանք օգտակար լինել հայրենակիցներին: Ծրագիրը պատրաստման փուլում է»,-ներկայացնում է քաղաքային խորհրդականի թեկնածուն:

 

Ծրագիրը պատրաստվում է, իսկ այս ընթացքում հաշվարկվում են հաջողության հնարավորությունները. առաջին գրավականը կուսակցությունն է, երկրորդը՝ հայ համայնքը, որը մեծաթիվ չէ, սակայն ներկայացված է բոլոր ոլորտներում, վստահեցնում է բելգիահայ գործիչը: «Ընտրությունը այն քաղաքական երևույթներից է, որտեղ քանակը որակ է,  այդ առումով թուրքերը, արաբները ավելի հետաքրքորություն են ներկայացնում կուսակցությունների համար, առաջին անգամ պիտի նաև հայ մասնակցի, մեր քանակը համեմատաբար փոքր է, բայց հայերը շատ էնտուզիազմով են, ոգևորված, վստահաբար զգում եմ ազգակիցներիս աջակցությունը իմ թիկունքին, բայց նաև աշխատում եմ այլ փոքրամնասնությունների հետ, մասնավորապես եզդիների հետ, որոնց աջակցությունը միշտ ունեցել եմ, նրանք էլ իմը, համատեղ շատ ծրագրեր ենք արել, նաև քրդերի, ասորիների»,-ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Սահմանային հարևաններ” ծրագրի Բելգիայի ներկայացուցիչը:

 

Եթե հայ համայնքի կեսն էլ մասնակցի, հաջողության կարող է հասնել, ընտրություններն այս երկրում բացառապես համամասնական ընտրակարգով են, սակայն քաղաքացին կարող է ռեյտինգային կարգով ընտրել իր նախընտրած թեկնածուին, հետևաբար Մինասյանը նշում է. «Ես 37-րդ տեղում եմ մեր ցուցակում, երկրորդ սյունյակի ամենաներքևի մասում, այսինքն՝  մեջտեղում է իմ անունը, հեշտ է գտնելը., և ռեյտինգային ցուցակով կարող է ես ընտրվեմ, բայց 20-րդ տեղում գտնվողն, օրինակ, չընտրվի, այս առումով այդ 37-ը շատ վատ տեղ չթվա»:

 

Իսկ որքանո՞վ կարող են խոչընդոտել ու հակաքայլեր ձեռնարկել թուրք-ադրբեջանական ուժերը ընդդեմ հայազգի թեկնածուի: Մինասյանն այս հարցում մտահոգություններ չունի, հիմնավորում է, թե ինչու. «Ընտրությունները այստեղ համամասնական են, այսինքն՝ հակաքարողզչությունը պիտի լինի մեր կուսակցության դեմ, չեմ կարծում այդտեղ լուրջ հաջողություններ ունենա, ազգային թեմաներն այդ առումով այստեղ չեն շոշափվում: Բելգիան, նաև Ֆլամինիան ընդունել են Հայոց Ցեղասպազնությունը, այդ առումով մենք խոցելի չենք, իրենք են խոցելի: Իրենց երբ հարցնում են՝ ընդունո՞ւմ եք Հայոց Ցեղասպանությունը, թե ոչ, չգիտեն՝ ինչ պատասխանեն: Եթե ասեն այո, միանգամից կտապալվեն ազգակիցների աչքի առաջ, ասեն՝ ոչ, ուղղակի կդատապարտվեն բելգիական հասարակության կողմից»,-հավաստիացնում է Անտվերպենի քաղաքապետարանի ընտրոթյուններում առաջին հայազգի թեկնածուն: