image

Փաբերի աշխատանքի սահմանափակումը հարված է զբոսաշրջությանը. Լիբանանահայ գործարար

Փաբերի աշխատանքի սահմանափակումը հարված է զբոսաշրջությանը. Լիբանանահայ գործարար

Երևանի մի շարք գարեջրատների ու փաբերի աշխատակիցներ անակնկալի են եկել, երբ վերջին օրերին երեկոյան ժամերին իրենց են այցելել մի խումբ ոստիկաններ ու կարգադրել այսուհետև ուշ ժամերի՝ երեկոյան 23.30-ից հետո դադարեցնել աշխատանքը: Այս մասին «Արևելք»-ին հայտնեց լիբանանահայ Սևակ Դավիդյանը, որ 8 տարի առաջ վերադառնալով հայրենիք՝ որոշել է փաբ հիմնել:

«Մեր առջև այս խնդիրը միշտ էլ կար, նորություն չէր, բայց այս օրերին միանգամից սրվեց ոստիկանության միջոցով, ինչը զարմանալի էր:  Ամեն տարի 24 ժամվա արտոնագիր է տրվում մեզ, բայց  վերջին շրջանում ոչ մեկին չի տրվել: Միանգամից եկել և դրել են այս խնդիրը: Չէինք սպասում»,-ասում է Սևակ Դավիդյանը:

Նա մասնագիտությամբ ֆոտոլրագրող է, բայց, վերադառնալով Հայաստան, ընտրել է այս բնագավառը, որի շնորհիվ պահում է ընտանիքը և նպաստում  երկրում փոքր ու միջին բիզնեսի, ինչպես նաև՝ զբոսաշրջության զարգացմանը: Մտահոգություն է հայտնում, որ փաբերը երեկոյան ժամերին զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերն են և ըստ նրա, եթե երեկոյան 11.30-ից հետո դադարեցնեն գործունեությունը, այլևս անիմաստ կլինի այն շահագործել:

«Եթե մենք ուզում ենք նոր Հայաստան կերտել ու նոր սկիզբ դնել, դրա համար առաջին բանը, որ հայտարարեց կառավարությունը, փոքր և միջին բիզնեսի գործունեությունը խթանելն էր, զբոսաշրջությունը զարգացնելու
հարցն է: Երևանի կենտրոնում գտնվող մեր փաբը միջազգային ճանաչում ունի,  տուրիստները գալիս են մեզ մոտ, այդ խավն է մեր հիմնական այցելուն:  Իսկ զբոսաշրջիկը գալիս է այդ ժամից հետո, երբ իր ցերեկային ծրագիրն ավարտում է, նա  երեկոյան 11-ից հետո տեղ չունի գնալու, մի քանի կարաոկե  և սթրիփթիզ  կա, այսինքն՝ մենք այդ մշակո՞ւյթն ենք ցույց տալու տուրիստներին: Ինչ վերաբերվում է աղմուկին, ապա կոնկրետ մեր փաբի վերևում  ոչ մեկը չի ապրում,   գրասենյակային տարածք է, 8 տարի է՝ այնտեղ ենք, աղմուկ չենք հանում, չեմ հասկանում՝ մեկ օրվա մեջ բոլոր փաբերը աղմո՞ւկ են հանել»,- իր զարմանքն է հայտնում երիտասարդ գործարարը:

Ըստ նրա,  իրենք ամեն տարի 75 հազար դրամ են վճարել՝ գործունեություն իրականացնելու համար, սակայն դրա դիմաց փաստաթուղթ չեն ստացել, վերջին շրջանում դադարել են այդ վճարումները կատարել, իսկ քաղաքապետարանը հիմա, երբ նոր իշխանություն է, որոշել է այլ կերպ գործել: Նման եզրահանգման են եկել փոքր ու միջին բիզնես իրականացնողները: Սևակն ասում է.

«Ես կարծում եմ, որ սա  քաղաքապետարանի հետ է կապված, այս խնդիրը մենք նոր իշխանության հետ ոչ մի ձևով չենք կապում, կապում ենք Տարոն Մարգարյանի աշխատաոճի հետ, որը  լիցենզիաներ է տվել, ինքն էլ չգիտի ինչպես: Փորձում են նոր իշխանությանը  մեջտեղ հանել, որ ասեն՝ տե՛ս,  հայտարարել ես, որ փոքր ու միջին բիզնեսներին  պիտի աջակցես, բայց չես անում: Ամենակարևոր ոլորտն է, որ մեկ միլիոնից ավելի տուրիստների է սպասարկում: Կասկադում գնացել են, ասել են ժամը 11-ից հետո բաց չլինի, այսինքն՝ ի՞նչ պետք է անեն փաբի տերերը, այլընտրանքը չեն առաջարկել, կամ էլ երկու փողոց թող տան միայն փաբերի համար, գնանք այնտեղ աշխատենք»,-ասում է Սևակ Դավիդյանը, նշելով, որ դիմելու են քաղաքապետարան, նախ՝ արտոնագրի համար, եթե չընդառաջեն՝ ուրիշ քայլերի են գնալու, շատերն արդեն մտածում են փաբերը փակելու և երկրից գնալու մասին: «Սակայն մենք շատ հայրենասեր մարդիկ ենք, եկել ենք, որ երկիրը զարգացնենք, մեր հնարավորությունների չափով ինչ-որ մի ներդրում անենք»,-ասում է երիտասարդ լիբանանահայը:

Մինչև  վերջնական որոշման հանգելը, ասում է, որ փորձելու ե հայտարարություններով ոչ  միայն հասարակության, այլև նոր իշխանության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա: