image
Հրատապ լուրեր:

Եկեղեցու հանդեպ դավաճանական արարքների՝ բարձրաստիճան եկեղեցականներն ընդունակ չեն. Արշակ Սրբազան

Եկեղեցու հանդեպ դավաճանական արարքների՝ բարձրաստիճան եկեղեցականներն ընդունակ չեն. Արշակ Սրբազան

Եկեղեցու նկատմամբ հավատացյալների ներկայացրած պահանջները բնական են ու պարտադիր, դրանք ստեղծում են առողջ դաշտ եկեղեցի-հասարակություն հարաբերություններում, սակայն բոլորովին այլ է, երբ այդ հավատացյալները  Վեհափառ հայրապետի հրաժարականի կտրուկ պահանջ են ներկայացում, կարծում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիկոսպոս Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում նա նշում է, որ նույնիսկ պահանջն էլ կարող էր ընդունելի լինել, եթե չուղեկցվեր անընդունելի գործողություններով, այնինչ օրեր առաջ Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցածը անթույլատրելի է նույնիսկ քաղաքացիական կառույցների հանդեպ, իսկ Աստծո տունը պետք է զերծ մնա նման ոտնձգություններից:

«Ի՞նչ է նշանակում առաջադրված ցանկություները բավարարելու միակ ճանապարհը առաջադրել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Առավել ևս ի՞նչ է նշանակում այս ողջ գործընթացին ուղեկցող թշնամության ու ատելության քարոզը, և եկեղեցում փորձ է արվում ձախողել պատարագը, լարվածություն առաջ բերել հավատացյալների մոտ, փորձել տապալել ձեռնադրության արարողությունը: Ես այլ բառով, քան դատապարտություն, չեմ կարող իմ վերաբերմունքն արտահայտել այդպիսի երևույթների նկատմամբ»,-«Արևելքի» հետ զրույցում ասում է Արշակ եպս. Խաչատրյանը, ավելացնելով, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության որոշ պահանջներ նույնիսկ տրամաբանական են համարում, իրենք ևս արձանագրել են մի շարք խնդիրներ, բայց դրանց լուծման այլ եղանակներ պետք է գտնել:

«Ցանկացած հավատացյալ հնարավորություն ունի, ավելին, պարտավոր է, իր պահանջներն ու առաջարկությունները ներկայացնել եկեղեցու առաջնորդներին: Ես ուրիշ կերպ էլ չեմ պատկերացնում, որ եկեղեցին կարող է պայծառանալ, եթե մեր հավատացյալները նախանձախնդիր չլինեն իրենց առաջարկությունները, պատկերացումները ներկայացնելու, բայց դրանք ներկայացնելու միակ ու անփոխարինելի տարբերակը դա՞ է, ես կարծում եմ՝ ո՛չ: Տիպիկ կապիտալիզմի արտահայտություն է»,-կարծում է Արշակ Սրբազանը:

Կարծիքներ են շրջանառվում, որ բողոքի գործողությունները ոչ թե ինքնաբուխ են, այլ հրահրված են բարձրաստիճան եկեղեցականների կողմից: Ավելին, մամուլի հրապարակումների  համաձայն, այս ամենի հետևում կանգնած են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպ Կճոյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը: Արդյո՞ք նման հայտարարությունների հիմքեր տեսնում է Արշակ Սրբազանը, պատասխանում է. «Ես որևէ հիմք չեմ տեսնում այսօր նման հաստատում կատարելու, առավել ևս երբ իրենք մասնակցել են մեր եպիսկոպոսաց ժողովներին և հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այսպիսի ելույթի անթույլատրելիության և անընդունելիության վերաբերյալ, ավելին, Արարատյան Հայրապետական թեմն այսօր սուտ և հեյրուրանք որակեց այդ հրապարակումը, ինչը վկայություն է իմ ասածին: Ես չեմ կարող ասել՝ ինքնաբո՞ւխ է, թե՞ կազմակերպված է: եթե բարձրաստիճան եկեղեցականներ չկան մեջը, դա միանշանակ չի ենթադրում, որ ինքնաբուխ է, ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ դա ոչ թե ինքնաբուխ է, այլ որոշ մարդկանց կողմից կազմակերպված, առավել ևս եթե այնտեղ եկեղեցական կա»,-ասում է մեր զրուցակիցը: 

Նման եկեղեցականների վերադարձը եկեղեցի ու միասնաբար հարցերի քննարկումը կլինի լավագույն լուծում, համոզված է Արշակ Սրբազանը, հետևաբար հորդորում է առողջ պայմաններում քննարկումները շարունակել, միևնույն է, հիմնական պահանջը՝ Վեհափառի հրաժարականը տեղի չի ունենալու: