image

Միացյալ Երուսաղեմը կարող է բաժանվել. հայկական թաղերը ապահով են

Միացյալ Երուսաղեմը կարող է բաժանվել. հայկական թաղերը ապահով են

Երուսաղեմում    լարված վիճակը օրեցօր նոր զարգացումներ է ունենում. մամուլը հաղորդում է վերջին օրերի  30 վիրավորի եւ 3 զոհի մասին: Այսօր Իսրայելի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում ընդունվի միացյալ Երուսաղեմի բաժանման մասին, «Արեւելքի» հետ զրույցում տեղեկացրեց  Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սերոբ Սահակյանը: Տեղեկություններ փոխանցելով Երուսաղեմի վերջին օրերի դեպքերի մասին` մեր զրուցակիցը նշեց,  որ 1967-ից ի վեր այսօրվա լարված վիճակը համարվում է աննախադեպ, եւ նշված  թվականից հետո առաջին անգամ հնարավոր է`  բաժանվեն Երուսաղեմի արեւմտյան եւ արեւելյան մասերը` ավելի ապահով քաղաք ունենալու համար, որովհետեւ այն, ինչ կատարվում է այսօր Երուսաղեմում,  ինչպես նշեց մեր զրուցակիցը, ահ ու սարսափի մեջ է  պահում թե' հրեաներին,  թե' արաբներին:  

 

«Լարվածությունը սկիզբ առավ այս տարվա օգոստոսի 1-ին, երբ մի խումբ  հրեա ակտիվ աջակողմյաններ մուտք գործեցին «Ալ Աքսա» մզկիթ, ինչը գրգռեց արաբներին:  Այդ ժամանակվանից ի վեր օրական երկու-երեք դեպք է տեղի ունենում:  Արաբները իրավիճակը սրում են` հրեաներին դանակահարելով, վերջիններս ուղղակի  զենք են գործադրում:  Իսկ  այստեղ շատ  լուրջ հարց կա,  այն, որ հրեան  ուղղակի չի խնայում   արաբի կյանքը եւ ատրճանակը վերցրած, անմիջապես    ծայրահեղության է գնում: Բոլոր դեպքերը, ինչպես գիտեք,   արաբներիի կողմից դաշունահարմամբ սկսվել,  հրեաների կողմից սպանությամբ վերջացել են»,-ասաց Սերոբ Սահակյանը:

 

Հայտնի է, որ հրեաների համար  սրբատեղի համարվող  Սողոմոնի տաճարը մուսուլմանների համար  նույնպես սրբավայր է, եւ որտեղ կառուցված է  «Ալ Աքսա» մզկիթը:  Պատմական այս հարցը վերջին շրջանում սպանությունների առիթ է հանդիսանում սուրբ քաղաքում:   

 

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մինչեւ հիմա եղած  տարբեր լարվածությունների  սրման դեպքում կառավարությունն  ուղղակի փակել կամ հսկողության տակ է վերցրել  քաղաքի մեկ կողմը, բայց այսօր արդեն քաղաքում խոսվում է քաղաքի բաժանման մասին.

 

«Չգիտենք` կառավարությունը ինչքան ժամանակով կընդունի այդ որոշումը, հավանաբար, մինչեւ ընդհանուր  եզր գտնվի,  բայց ասեմ, որ  եթե հրեաները հակված են միջին մի եզր գտնելու եւ հաշտության գնալու, ապա արաբները, մանավանդ` երիտասարդությունը, սարսափելի խելակորույս վիճակում է եւ չի ուզում հաշվի նստել ոչ մեկի հետ: Ընդ որում` արաբ երիտասարդության մեջ մեծ է  նաեւ կանանց ու աղջիկների թիվը, ինչը խիստ մտահոգում է հրեաներին, քանի որ վտանգ կա, որ կանայք դեր կստանձնեն: Մտահոգիչն այն է, որ նրանք չեն ենթարկվում ո'չ  Մահհմուդ Աբասին, ոչ էլ` «Համասին»,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց Սերոբ Սահակյանը, նշելով, որ եթե մինչեւ հիմա արեւելյան կողմի երուսաղեմցիները ազատ տեղաշարժվում էին արեւմտյան կողմում, այս դեպքերից հետո  դա   անհնար է դառնում:

 

«Փողոցներում  մարդ չկա, արաբները ապրում են հրեաների, վերջիններս` արաբների վախով»,-ասաց նա:   

 

Մեր այն հարցին, թե լարված իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Երուսաղեմում ապրող հայերի վրա, մեր զրուցակիցն ասաց, որ հայկական թաղերն ընդհանուր առմամբ ապահով են. «Հայերն այս օրերին շատ չեն տեղաշարժվում հրեաների եւ պաղեստինցիների շրջաններում: Հրեաները ազատ գալիս են մեր թաղերը, միայն վախ կա, որոշ առումով մեզ արաբ կարծեն, բայց այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ  հայերը եբրայերեն լավ են խոսում, համարյա հրեաների պես»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հայերը  զգույշ են բոլոր իմաստներով, կուտակումներից հեռու են մնում: Նա ցավով արտահայտվեց հրեաների կողմից երեկ 12  տարեկան տղայի սպանության  մասին, նշելով, որ թողել են մինչեւ արյունաքամ լինի եւ մահանա. «Իսրայելը ներկայանում  է իբրեւ մարդասեր, մարդասիրական գաղափարներից է խոսում,  բայց իրենց արածը  չափազանց անմարդկային էր»,-նշեց Սերոբ Սահակյանը:

 

Նրա խոսքերով, թերեւս միայն Իսրայելի կառավարության որոշումը կարող է մեղմացնել իրավիճակը, որովհետեւ Մահմուդ Աբասն առանձնապես հակված չէ իր կողմից միջամտելու, քանի որ որեւէ միջամտության  եւ սրացման դեպքում թե' Իսրայելը կտուժի,  թե' Աբասը, եւ շահողը, ըստ մեր զրուցակցի, կլինի միայն «Համասը»: