image

Հրա'նտ, «սիրելի ահպարիկ»

Հրա'նտ, «սիրելի ահպարիկ»

2009 թվականի հունվարի 19-ին, ճիշտ այն ժամին, երբ դավադիր կրակոցով Ստամբուլում, իր խմբագրատան թաղում  ընկավ հայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը, նրա հիմնած «Ակօս» թերթի  խմբագրությունում գրաշարները շարում էին Հրանտի վերջին հոդվածը, որ նա գրել էր թուրքերեն, եւ արդեն հայերենի թարգմանված լույս պիտի տեսներ «Ակօսում»… Հոդվածը Հրանտ Դինքը խորագրել էր՝ «Հոգեվիճակս վախվորված աղավնու է նման»: Այդ հոդվածում Թուրքիայում հայտնի հայ լրագրողը պատմում էր, թե ինչպես իր հրապարակախոսությունն իրեն թիրախ է դարձրել Թուրքիայի արդարադատության համար, որի ղեկավարները, ինչպես Հրանտ Դինքն է նշում հոդվածում, իրենց կարդացածը ճիշտ ըմբռնելու ունակություն չունեն  եւ ժողովրդի մոտ այնպիսի կերպար էին ստեղծել, թե Հրանտ Դինքը նսեմացնում է Թուրքիան: Բայց իրականում, իհարկե, այդպես չէր: Եթե Թուրքիայում քչաթիվ մարդիկ կային, որոնք Թուրքիայի բարգավաճումն ու ժողովրդավարությունն էին ցանկանում,  այդ քչերից մեկը Հրանտ Դինքն էր: Նրա պատկերացմամբ, միայն ուժեղ եւ առաջադեմ Թուրքիան կարող է առերեսվել իր անցյալի հետ եւ նստել քաղաքակիրթ  երկխոսության սեղանի առջեւ: Իր ապրած Թուրքիայում, որի զարգացման համար ամբողջ ուժով պայքարում էր Հրանտը, նա հանգիստ չուներ: Անվերջ հետապնդումներ, սպառնալիքներ  ընտանիքի անդամներին, ճնշում, դատավարություններ, բանտարկություն… Հրանտ Դինքը՝ հսկա արտաքինով, քաջ կեցվածքով այդ մարդը կյանքի վերջին օրերին հայտնվել էր վախվորված աղավնու կարգավիճակում: Նա այդ ամենը, առանց թաքցնելու, հուզմունքով, պատմում է իր վերջին հոդվածում. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս:

Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց եւ անկախ…»:

Այդ խոսքերը գրելուց մեկ օր հետո նա սպանվեց….  

Թերեւս Դինքը կանխազգում էր իր մահը, եւ թերեւս այդ էր պատճառը, որ նա իր վերջին հոդվածում տրվել էր զգացմունքներին, ինչն անսովոր էր միշտ մտքով կշռադատած մարդու համար:

Ժամանակին Հրանտ Դինքը մտածել է նույնիսկ Հայաստան տեղափոխվել՝ հետապնդումներից խուսափելու համար: Նա իր տեղը չէր գտնում ո՛չ Թուրքիայում, ո՛չ Եվրոպայում եւ եկել էր մի պահ, որ հայացքը հառել էր դեպի հայրենիք: Սակայն, ինչպես իր հոդվածում է գրել, անարդարության դեմ պայքարող մարդը   չէր կարող հանդուրժել հայրենիքում տեղի ունեցող անարդարությունները եւ մեծ վախ ուներ, թե գուցե Հայաստանում ավելի մեծ փորձություն կսպասեր իրեն…

2006 թվականի «Հայաստան-Սփյուռք» համաժողովում նա ընդմիջումներին գրեթե միայնակ, մի անկյունում կանգնած խմում էր իր լուծվող սուրճը եւ նայում համաժողովին անորոշ ծրագրերից խոսող մասնակիցներին… Քչաթիվ մարդիկ էին մոտենում Դինքին, քչերն էին ճանաչում նրան, իսկ շատերն էլ կասկածանքով էին վերաբերվում Թուրքիայից եկած այդ մարդուն, որ ծանր ու անհասկանալի թեմաներից  է խոսում իր երկրում… Հայաստանն այդ ժամանակ ուրիշ տեղ էր, թուրքական օրակարգը, Թուրքիայում հայության հարցերը հեռավոր թեմաներ էին…

Ճանաչե՞ց ամբողջ հայությունը Դինքին  նրա մահից հետո, դժվար է ասել… Դժվար է ամբողջությամբ ճանաչել մի մարդու, որ իր հայությունը հայտնաբերել է մեծ տարիքում, հայերեն սովորել է ուշ, բայց խորությամբ հայտնաբերել է իր արմատները եւ բազում մարդկանց ստիպել մտածել իրենց ինքնության մասին:

Ճանաչո՞ւմ է հայությունը Դինքին. ա՛յն Դինքին, որ յոթ տարեկանում Մալաթիայից մանկահասակ եղբայրների հետ  փախչում է Պոլիս, որպեսզի ծնողների ամուսնալուծվելուց հետո իրենք մնան մոր հետ եւ չբաժանվեն նրանից: Նրանք վազում էին իրենց համար անծանոթ Գում Գափույի փողոցներով եւ չգիտեին՝ ինչ է սպասվում իրենց:

Ծանո՞թ է այն Դինքը, որ մոր կարած վերարկուներն ուսերին շալակած տանում էր արդուկ անողի արհեստանոց՝ ընտանիքի օրվա հացը վաստակելու: Այնուհետեւ նրան նկատում են, դպրոց են տանում, իսկ հետո, համալսարանում, իր ընդդիմադիր  գործունեությամբ հայկական համայնքը վտանգի տակ չդնելու համար անունը փոխում է եւ ընտրում Ֆրաթ անունը:

18 տարեկանում նրան խենթ էին անվանում՝ իր համարձակության համար…

Նա ինչ ասես չի արել իր գաղափարները տարածելու համար, գրախանութ է բացել, հատուկ ընտրությամբ գրքեր վաճառել, թերթ հիմնել, խոսել, անվերջ խոսել է ու գրել… Նա չէր լռում:

 

Դինքի պատմությունը շատ մեծ է… Նրա կենսագրությունը հարուստ է այնպիսի դրվագներով, որոնցից մի մասը դեռ բացահայտվում է…  Մի առանձին պատմություն է նրա ու Ռաքելի սիրո պատմությունը:  Դինքը համարձակվում է խնդրել մեկի ձեռքը, որը ցեղապետի աղջիկ էր եւ ըստ ցեղապետական օրենքների, ցեղի երիտասարդների ամուսնությունը միայն ցեղի ներսում էր հնարավոր… Հրանտին չեն մերժում: Նրանց սիրո պատմությունն այնքան հուզիչ էր, որ ընկերները Դինքին «ջութակ» էին անվանում, Ռաքելին՝ «դաշնամուր»… Նա հետո «Ջութակ» անունը իբրեւ կեղծանուն օգտագործելով հոդվածներ էր գրում եւ քչերը գիտեին, որ համարձակ հոդվածների հեղինակը գիշերօթիկի այն տղան է, որ  երեկոները սազ էր նվագում եւ սիրած աղջկա մասին երգեր գրում…  Այսօր Ռաքել Դինքն է իր երեք երեխաների հետ կրում Դինք ազգանունը եւ պահում Թուրքիայում եւ հայաշխարհում իր գործունեությամբ եզակի մարդու՝ Հրանտ Դինքի անունը:

«Այո՛, մահից վախենում եմ…»,- ասել է մահվանը շատ մոտ կանգնած մարդը…

Միայն ուժեղ մարդիկ են խոստովանում այն, ինչ զգում են: Հրանտը ուժեղ էր: Այսօր՝ նրա մահվան օրը հիշում ենք նրան, բայց կան մարդիկ, որ Հրանտին հիշում են ամեն օր: Նա միայն անուն չէ: Նա գործ է, որ շարունակվում է… «Ահպարիկ». ասում էր Հրանտը՝ դիմելով նրան, ում սրտի խոսք էր ուզում ասել:  Այսօր մենք ենք իր բառով դիմում իրեն՝ ահպարիկ, սիրելի ահպարիկ…