image
Հրատապ լուրեր:

Անահիտ Բախշյանը դիմել է Արամ Ա կաթողիկոսին. «Ներողություն եմ խնդրում համարձակությանս համար»

Անահիտ Բախշյանը դիմել է Արամ Ա կաթողիկոսին. «Ներողություն եմ խնդրում համարձակությանս համար»

«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը  դիմել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նրա ելույթին.


«Գերաշնորհ Վեհափառ Տեր, ասում եք Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ: Ես չեմ համարձակվում Ձեզ հակառակվել, բայց նաև Ձեր ելույթը դրդում է ինձ կիսվել Ձեզ հետ ու հարցնել.

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող նաև զբոսավայր ու բիզնեսի շուկա լինել, եթե կառավարող իշխանությունը, որի կոալիցիոն գործընկերը ՀՅԴ-ն է, իրականացնի միայն հայանպաստ կառավարում:

Ինչո՞ւ Հայաստանի ապագան վտանգող հենց Ձեր նշած պատճառների մասին առանձին-առանձին իրենց չեք ասել կամ այս համաժողովում ուղիղ չեք ասում ՀՅԴ հայաստանյան քաղաքական ուժի ներկայացուցիչներին: Հակառակ դեպքում Ձեր ասած ՝ «քննադատելը հեշտ է» միտքը ուղղում եմ Ձեզ ՝ հետևյալ հարցերով.

ՀՅԴ ներկայացուցիչն է կրթության նախարարը, ով ռուսաց լեզվին հատուկ վերաբերմունքի իր առաջարկությամբ, պարզապես վտանգում է մեր մայրենիի պետական լեզվի կարգավիճակն ու ազգային ինքնությունը, մեր անկախությունը, իսկ սրա նպատակը ես չէ, որ պիտի ներկայացնեմ Գերաշնորհ Վեհափառին, որի ներկայացրած կուսակցությունը մեկ դար շարունակ սփյուռքում մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով է պահպանել մեր ազգային ինքնությունը:
Արամ Վեհափառ, միայն մեկ հարց տվեք գործող ԿԳ նախարարին, ինչո՞ւ են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուները համարվում «օտար» , իսկ ռուսաց լեզուն ինքը «օտար» չի համարում, այլ հատուկ կարգավիճակ ունեցող լեզու:

ՀՅԴ ներկայացուցիչ բնապահպանության նախարարը աներկրբա կատարում է ամենաբարձրից եկող հրամանն ու ոչ մի խոսք չի ասում այն մասին, թե ինչպես է Ամուլսարում ոսկի փնտրելու իրենց մոլուցքը մաշեցնելու մեր բնակչության թիվը՝ աղտոտելով մեր խմելու ջրի ստորգետնյա պաշարները դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով, Լոռին ու Սյունիքը քիչ էին, որտեղ քաղցքեղից մահացության տոկոսն ամենաբարձրն է, հիմա էլ Վայքն է այդ վտանգի առջև կանգնած:

Արամ Վեհափառ, Ձեր ելույթի մտահոգությունների մասին կիսվե՞լ եք ՀՅԴ ներկայացուցիչ տարածքային կառավարման, ԿԳ և բնապահպանության նախարարների հետ: Գուցե իրենք Ձեզ լսեն ու ավելի հայանպաստ գործունեությո՞ւն ծավալեն:

Վեհափառ Տեր, ներողություն եմ խնդրում համարձակությանս համար, սրանք բանավեճի հարցեր չեն, այլ՝ ՀՀ քաղաքացուն չափազանց մտահոգող հարցեր»: