image

Ինձ մի փնտրիր, ես այստեղ հանգիստ եմ. Հռիփսիմե Դիսչեքենյանը պատմում է առեւանգված որդու մասին

Ինձ մի փնտրիր, ես այստեղ հանգիստ եմ. Հռիփսիմե Դիսչեքենյանը պատմում է առեւանգված որդու մասին

2012 թվականի հոկտեմբերի 23-ին  Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող մզկիթի մոտից առեւանգված 50-ամյա Մարդո Դիսչեքենյանի մայրը՝ Հռիփսիմե Դիսչեքենյանը շարունակում է փնտրել եւ սպասել որդուն: Նրա որդին մեկն է Սիրիայի պատերազմի օրերին առեւանգված այն բազմաթիվ մարդկանցից, որոնց ճակատագիրը մնում է անհայտ: Տիկին Հռիփսիմեն, որ Սիրիայի պատերազմի պատճառով թոռների հետ հեռացել է Հալեպից եւ այժմ բնակվում է Կանադայում, «Արեւելք»ին մանրամասներ պատմեց որդու առեւանգման եւ իր ունեցած ապրումների մասին.

 


 

«Տղաս   Հալեպի  «Հլլոք»   շրջանում խանութ ուներ: 2012-ի մայիսին խանութը   թալանվեց, եւ  նա անգործ մնաց, հետո սկսեց ոսկի ձուլելու համար անհրաժեշտ կավե ամաններ պատրաստել: Նա երկու անգամ էր ամուսնացել, առաջին ամուսնությունից երկու երեխա ունի՝ Վարդիվառը՝ 25 տարեկան եւ Մեղրին՝ 27 տարեկան: Երկրորդ ամուսնությունից էլ 19 տարեկան  աղջիկ ունի:  Մեղրին եւ Վարդիվառն ինձ հետ են ապրում: Այդ օրերին իր երկրորդ կինը դստեր հետ Հասաքե շրջանն էր գնացել, քանի որ իր քրոջ  տղային էլ էին առեւանգել, եւ առեւանգողները փող էին պահանջում:  Կինն այդ դրամը տարավ:

Ես իմ տղային վերջին անգամ տեսել եմ առեւանգումից երկու օր առաջ: Նա Նոր Գյուղում էր ապրում, իջել էր հաց առնելու եւ առեւանգվել էր... Չգիտենք էլ՝ ովքեր են նրանք...

Մենք հույս ունենք, որ իմ տղան ողջ է, եւ առեւանգողները մի օր կզանգեն եւ մեզնից էլ փրկագին կպահանջեն: Բոլոր կողմերից լուրերի եմ սպասում, բայց՝ ապարդյուն: Երբ որ Հալեպում էի, շատ եմ փնտրել որդուս: Է՛լ դիակների մեջ եմ փնտրել, է՛լ ոստիկանություն եմ դիմել, առաջնորդարան... Ոչ մի արդյունք: Մի անգամ լսեցինք, որ «Սըրեան» շրջանի Ալ Սալամ քրեական գրասենյակը 1400 դիակ է բերել: Արտոնագիր հանեցի եւ եղբորս հետ գնացինք դիակների մեջ փնտրելու: Եղբայրս չդիմացավ այդ տեսարանին, ծնկները ծալվեցին. այնպիսի պատկեր էր... մեկի ոտքերը չկային, մեկի ձեռքերը... Ճանճերը վխտում էին նրանց վրա, փորերը պատռված... Բայց ես փնտրեցի իմ որդուն ու չգտա: Երբ չէի գտնում մեռածների մեջ, սկսում էի հույսեր փայփայել, որ ողջ է, եւ քանի որ լավ արհեստավոր է, ապա սկսում էի հավատալ, որ զինյալները նրան գործ են տվել իբրեւ լավ մասնագետի եւ պահում են...

Երազներ եմ տեսնում: Մի անգամ երազում տեսա իրեն, այգում նստած էր ուրիշ մարդկանց հետ, սպիտակ շորերով: Ինձ տեսավ՝ զարմացավ, ասաց՝ այստեղ ինչ ես անում, ասացի՝ քեզ եմ փնտրում, ասաց մի փնտրի, այստեղ ես հանգիստ եմ...

Մի ուրիշ անգամ երազում ինձ մեղադրում է, որ չեմ փնտրում իրեն, ես էլ ասում եմ՝ ինչպե՞ս, տղաս, ամենուր քեզ եմ փնտրում...

Երեխաներն էլ ծանր են տանում, չեն խոսում այդ մասին. այս վերջերս փոքր աղջիկը, հույսը կտրած ասաց՝  հայրս  չի վերադառնա... Բայց ես հավատում եմ, Աստծո վրա եմ դրել հույսս: Ասում եմ՝ Աստվա՛ծ, եթե ողջ է՝ վերադարձրու նրան, եթե մահացած է, թող խաղաղ ննջի: 

 

...Շատ դժվար ապրումներ եմ ունեցել եւ ունեմ: Թոռնիկներիս համար հեռացա Հալեպից, չուզեցի ուրիշ փորձանքների ենթարկել նրանց պատերազմի պատճառով: Միշտ էլ սիրել ենք Հալեպը, ամուսնուս խանութը, որ Ճեմարանի կողքն էր, երիտասարդական ակումբի էր վերածվել: Բայց հանգամանքների բերումով ստիպված հեռացանք: 

Ամուսինս մահացած է, աղջիկս Հունաստան է, տղաս՝ Գերմանիա, Մարդոյի երկրորդ կինն ու փոքր դուստրը՝ Լիբանան: Գաղթական հայի ճակատագիր եմ ապրում, եւ ինձ պես շատ հալեպահայեր գաղթականության ճամբան բռնած են...»: