image

Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում.Տ. Կոմիտաս Վրդ. Հովնանյան

Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում.Տ. Կոմիտաս Վրդ. Հովնանյան

Մեր զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։

 

-Աստված օգնական, Հայր Սուրբ, կ'ուզեինք իմանալ, արդյոք Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի Տեղապահի ընտրությունից հետո Պատրիարքական ընտրությունների հետ առնչված նոր զարգացումներ կա՞ն։ 

 

Դուք տեղյակ եք հավանաբար, որ Կ. Պոլսի Պատրիարքական Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն արդեն իսկ ստանձնել է իր պարտականությունները, և իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Պատրիարքության եկեղեցական դասի և ազգայինների հետ ձեռնամուխ է եղել Պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Ժամկետների մասին ես տեղեկություն չունեմ։

 

-Վերջին օրերին Կ. Պոլսի «Ժամանակ» հայկական թերթին տրված ընդարձակ հարցազրույցում Կ. Պոլսի Պատրիարքութան շուրջ ծավալված զարգացումներին մասնավոր անդրադարձ է կատարել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ իր մտահոգությունը հայտնելով ստեղծված կացության առնչությամբ և անհրաժեշտ համարելով, որ երկու Վեհափառները միասնաբար դիրքորոշում ընդունեն խնդրի վերաբերյալ, քանզի, իր իսկ խոսքով. ՙՍա ոչ Անթիլիասի, ոչ ալ Էջմիածնի հարց է՚։ Ի՞նչ է այս առնչությամբ Ձեր մոտեցումը։ Ինչու՞ այս հարցի լուծմանը չի ներգրավվում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

 

Ողջ հարգանքովս Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի աստիճանի և իր վաստակի հանդեպ, չեմ կարող չարձանագրել, որ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից առաջին անգամ չէ, որ տրվում են գնահատականներ, կատարվում են դիտարկումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են հարուցում, իսկ շատերի մոտ արդարացի ընդվզում։ Այսպես, վերջին ժամանակներում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պարագային օգտագործվում է Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս արտահայտությունը, որը նաև արձանագրվել է իր կողմից հրատարակված ծիսական որոշ գրքերում։ Այսպիսի դեպքեր արձանագրվեցին նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Իրան այցելության ժամանակ։ Երբ Սեպուհ սրբազանն իր վերոնշյալ հոդվածում օգտագործում է «Կ’ենթադրեմ, որպէս ազգ, որպէս մէկ ամբողջութիւն» դարձվածքը, հարկ է ուրեմն լինել պաշտպանն այն ամենի, ինչը ոչ թե կթուլացնի ազգի ամբողջությունը, այլ` ճիշտ հակառակը։ Անդրադառնալով Սեպուհ արքեպիսկոպոսի հարզազրույցի մեջ Կ. Պոլսի Պատրիարքությանը վերաբերող հատվածին, արձանագրենք, որ ինչպես արդեն Սեպուհ արքեպիսկոպոսն էլ նշում է, Կ. Պոլսի Պատրիարքության խնդիրները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իրավասության շրջանակներում։ Այսինքն, Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ինքն է որոշում, թե ինչ ձևով հետամուտ լինել խնդիրների լուծմանը՝ նկատի ունենալով լուծման եղանակների արդյունավետությունը։

Կուզեինք անդրադառնալ մի կարևոր հանգամանքի ևս։ Հիշյալ հարցազրույցում Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից օգտագործվել է «Երկու Վեհափառներ» արտահայտությունը։ Ուշագրավ է, երբ սրբազանը խոսում է Իրանի, նրա քաղաքականության, Իրանից հայերի արտագաղթի մասին, յուրաքանչյուր բառը հնչում է կշռադատված, տրամաբանության խիստ մաղով անցած, իսկ երբ խոսում է մեր խնդիրների, մեզ վերաբերող հարցերի մասին, հարցերին տրվում է ցանկալին շփոթելով իրականի հետ։ Ստացվում է, որ պատասխաններն այլևս չեն հնչում, իր իսկ խոսքերով, մեր ամբողջության շահերից։ Որով «երկու Վեհափառներ» բնորոշումը, ցավոք, որն օգտագործվում է նաև որոշ լրատվամիջոցներում, ոչ միայն տեղին չէ, այլև հակառակ է մեր եկեղեցու տերմինաբանությանը։ Նման պարագայում հարկ է օգտագործել այլևս նվիրականացված Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս տիտղոսները, որոնք անվանում լինելուց բացի, ամբողջապես արտահայտում են այս երկու հանգամանքների ու դիրքերի առանձնահատկություններն ու կանոնական իրավասությունների ծավալը։ Թեև ներեկեղեցական կյանքում առաջացած ցանկացած խնդիր յուրաքանչյուր հոգևորականի մտահոգությունն է, սակայն, կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ ինչպես Կ. Պոլսո Պատրիարքության, այնպես էլ խնդրահարույց որևէ կացության վերաբերյալ, որևէ անձ, առավել ևս եկեղեցականներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն արտահայտեն՝ հաշվի առնելով հարցի զգայնությունը, տարատեսակ տրամադրությունները։ Քանզի այս օրերին, երբ փոթորկված է, թե Հայոց Սրբազան հողը, թե միջին Արևելքի հայահոծ գաղութների քաղաքական կյանքը և ամեն ուր քայքայվում են ազգային կղզյակները, մեր գռգրիչ հայտարարություններով պատճառ չդառնանք, որ քայքայումն ու պառակտումը տեղափոխվի ազգային դաշտ։ Ճիշտ կլինի, որ մենք՝ սիրո վարդապետության քարոզիչներս, խուսափենք դարձվածքներից, որոնք մեզ կդադարեցնեն մենք լինելուց, այլ ազգային ամբոջականությունը կվերածեն ազգային հատվածականության, «ի վնաս մեզ և յօգուտ մեր թշնամեաց»: