image

Սիրիահայ մայրիկը՝ Հայաստանում. «Պատերազմը չլիներ, հայրենիքս չէի տեսնի»

Սիրիահայ մայրիկը՝ Հայաստանում. «Պատերազմը չլիներ, հայրենիքս չէի տեսնի»

90-ամյա սիրիահայ Սիրածին Ավագյանը Երևանում ապրում է իր երկու դստրերի` Զեփյուռի և Արփինեի հետ: Հայաստան են տեղափոխվել 2016 թ.-ի նոյեմբերի 4-ին, մինչ այդ որդու ընտանիքն արդեն Հայաստանում էր: Սիրիայից հեռանալու և Հայաստանում տեղավորվելու հարցում օգնել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը: Այս կազմակերպության շնորհիվ ոչ միայն հնարավորություն են ունեցել Հայաստան տեղափոխվել պատերազմական Սիրիայից, այլև կարողանում են մուծել տան 110000 դրամ վարձի մի մասը` 60000 դրամը:

«Շատ եմ հավանել Հայաստանը. օդն անուշ է, ջուրն անուշ է»,- ասում է Սիրածին մայրիկը:  Ծնողները Սասունից են: 1915 թվականին 7-8 տարեկան հայրն ու մայրը մի կերպ հասել են Հալեպ, այստեղ էլ հանդիպել են, ընտանիք կազմել: Հարյուր հազարավոր հայերի նման նրանք էլ երեխաներ են ունեցել, տուն ստեղծել օտար հողում, երբևէ չմտածելով, որ իրենց զավակներն ու թոռները մի օր նույն ճակատագիրն են կրելու` պատերազմի ու դժվարությունների միջով անցնելով, այս անգամ վերադառնալու են Հայաստան: «Մորս բազմանդամ ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել և այդ պատճառով էլ որոշել էր շատ երեխաներ ունենալ: Ինը երեխա է լույս աշխարհ բերել, բոլորին կրթություն է տվել: Հալեպում քույրերիս, եղբայրներիս հետ Սահակյան վարժարանն ենք գնացել»:

Սիրածին մայրիկը պատմում է Հալեպում իր ապրած կյանքի մասին, երեխաների մասին, հետո մտքերով ինչ-որ տեղ է գնում, մտքի թելը մի պահ կորցնում, հետ վերադառնում ու նորից ուլունքի նման հատիկ-հատիկ շարում  իր պատմությունը` կյանք կոչվող  թելի վրա: «Պատերազմը չլիներ, հայրենիքս չէի տեսնի»,-ասում է Սիրածին մայրիկը:

Սիրածին մայրիկի 65-ամյա դուստրը` Արփինեն սիրով պատմում է իրենց ընտանիքի համար արդեն հարազատ դարձած Նարինե Դավթյանի մասին. վերջինս Ֆեյսբուքում ստեղծելով «Օգնություն սիրիահայ ընտանիքներին» խումբը, կարողանում է իր ավանդը ներդնել սիրիահայերին օգնելու գործում: Արփինե Բասմաճյանի խոսքով, տիկին Նարինեն ու խմբի անդամները ոչ միայն ֆինանսապես են օգնում իրենց` տան վարձի մնացած մասն են մուծում, այլև հոգում են քրոջ` Զեփյուռի առողջական խնդիրների համար անհրաժեշտ ծախսերը: Նաև տիկին Նարինեի շնորհիվ են կարողացել իրենց ձեռագործ աշխատանքներից մի քանի բան վաճառել:

 

 


Տիկին Սիրածինը՝ աղջիկների հետ

 

Ձեռագործությամբ հիմնականում զբաղվում է Արփինեի քույրը` Զեփյուռը: Աստված Զեփյուռին անսահման տաղանդով է շնորհել, ապացույցը Զեփյուռի ասեղնագործ աշխատանքերն են, որոնք կտորի վրա սովորական ասեղի ու թելերի օգնությամբ մի ամբողջ արվեստի գործեր են դառնում: Ասեղնագործությունը Բասմաջյանների ընտանիքին կերակրել է նաև Սիրիայում: Քույրերը Հալեպում հայտնի են եղել իրենց աշխատանքներով: «Հալեպում շատ պատվերներ ունեինք, այդ պատվերների շնորհիվ կարողանում էինք մեր ապրուստը հոգալ: Այստեղ մենք բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպում: Նախ անծանոթ է ամեն ինչ, թելեր և կտորներ ձեռք բերելու համար չենք կողմնորոշվում՝ որտե՞ղ գնանք, ո՞ւմ դիմենք… Իսկ Սիրիայում Լիբանանից էինք պատվիրում անհրաժեշտ հումքը: Նաև նման աշխատանքներ կատարելու համար պատվեր է պետք, իսկ այստեղ կամ մարդիկ չգիտեն նման աշխատանքների մասին, կամ մենք չգիտենք՝ ում դիմենք,- ծիծաղելով պատմում է Արփինեն,-Մինչև այսօր տրանսպորտից օգտվելու հետ կապված խնդիրներ ունեմ, չեմ կողմնորոշվում»:

Արփինեն ընտանիքի կապն է՝ դրսի աշխարհի հետ: 90-ամյա մայրը` Սիրածին Ավագյանը անկողնային հիվանդ է, քույրը` Զեփյուռը հենաշարժողական խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում: Չնայած բավականին շատ խնդիրներին և սոցիալական դժվար պայմաններին, քույրերը չեն կորցրել լավատեսությունը: «Եթե կարողանանք պատվերներ ունենալ, մեր ապրուստի հարցը ինքներս որոշ չափով կհոգանք,- ասում է Արփինեն,-նաև ուտելիքներ կարող եմ պատրաստել, եթե գտնվեն մարդիկ, որ պատվերներով օգնեն մեզ, շատ լավ կլինի»,-հույս է հայտնում Արփինեն, ով նաև արևելյան խոհանոցի գիտակ է, շատ համեղ ուտեստներ է պատրաստում` ֆալաֆել, քյուֆթաների տեսակներ, լահմաջո:

Նրանց հետ զրույցից պարզում եմ, որ կտորի վրա ասեղնագործված ամեն մի աշխատանք իր անունն ունի` Վան, Այնթափ, Մարաշ… Ինձ համար նոր բացահայտում են անում հայկական  ասեղնագործության ավանդական դպրոցների մասին՝ ոգի ու շունչ առնելով սիրիահայ քույրերի շնորհիվ: Դժվար ու քրտնաջան աշխատանք է պահանջվում նման պատկերներ ստանալու համար, ամեն ինչ կարևոր է` կտորի ու թելի որակից սկսած: «Կարծես ասեղով հոր փորես,- ասում է Զեփյուռը,- պատվերներ կան, որ տարիներ են տևել»:


 


 

 

Զեփյուռ Բասմաջյանի ասեղնագործության նախշերի նման հյուսվում է Բասմաջյան ընտանիքի դժվարին պատմությունը հայրենի հողի վրա և թե ի՞նչ գույն կստանան այդ նախշերը՝ ցույց կտա ժամանակը: Բայց ես ուզում եմ համոզված լինել, որ Սիրածին մայրիկի կյանքի վերջին դժվարին տարիներն իր հայրենիքում խաղաղ ու հանգիստ ընթացք կունենան, որովհետև 90-ամյա կնոջ երանությամբ լի խոսքերը դեռ երկար կուղեկցեն ինձ. «Շատ հավնած եմ Հայաստանը, օդն անուշ է, ջուրն անուշ է»:

 

Սահականուշ Արոյան