image

Ընդունեք, որ կյանքը դժվար է, և այն կդադարի դժվար լինելուց. հայ օդաչու

Ընդունեք, որ կյանքը դժվար է, և այն կդադարի դժվար լինելուց. հայ օդաչու

Լիբանանահայ մեր հայրենակից,  «Middle East Airlines»  միջազգային ավիաընկերության առաջատար օդաչու Հակոբ Նիկոլյանը 6 տարի է՝ աշխատում է նշանավոր օդանավային ընկերությունում, և ամեն անգամ, օդ բարձրանալիս, հայացքով որոնում է Արարատ լեռը...

Երիտասարդ օդաչուն արհեստավարժ կրթություն է ստացել է Իսպանիայում՝ օդաչու դառնալու մանկության երազանքը երբեք բաց չթողնելով և ամբողջ կյանքում գնալով դրա հետևից: Նրան քաջալերել են ընտանիքի անդամները՝ մայրը, հայրը, եղբայրը, և այսօր ասում է, որ օդաչու դառնալու համար առաջինը պարտական է նրանց, քանի որ կանգնել են իր բոլոր քայլերի կողքին և առաջ մղել: Սովորել է Լիբանանի «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանում, լավագույն դպրոցական կրթությունն է ստացել, սակայն օդաչուական կրթությունը բոլորովին այլ աշխարհ է բացել իր առջև. «Այնպիսի առարկաներ և գիտություններ էինք անցնում, որոնց ծանոթ չէի՝ Օդերևութաբանություն, Թռիչքների հիմնակետ, Ընդհանուր և ռադիո նավարկում և այլն: Դրանից բացի ունեինք պրակտիկ դասընթացներ, որ օդանավում էինք անցկացնում, նույնիսկ քշում էինք»,-ուսումնառության տարիներն է հիշում «Արևելքի» զրուցակիցը: Եթե շատերի համար օդաչու դառնալու առաջին անհրաժեշտ պայմանը քաջությունն է, Հակոբ Նիկոլյանը վստահ  է, որ օդաչու դառնալու ամենակարևոր պայմանը երկինքն ու աշխատանքը սիրելն է: 

 «Օդաչու դառնալը դժվար չէ, առավել դժվար է օդաչուի կյանքով ապրելը: Դրա համար պետք է շատ սիրել այս գործը՝ իր բոլոր դժվարություններով ու վտանգներով  հանդերձ: Արդեն 6 տարի է՝ աշխատում եմ «Middle East Airlines»-ում և մինչև այսօր, ամեն անգամ, երբ թռիչք եմ ունենում, չափազանց մեծ հաճույքով եմ աշխատանքի գնում: Օդաչուների համար շատ եմ կարևորում արագ կողմնորոշվելու և ժամանակը ճիշտ տնօրինելու կարողությունները: Պետք է արագ լինել բոլոր հարցերում»:

Ինչպես նշում է Նիկոլյանը, ինքն առաջին անգամ օդ է բարձրացել Իսպանիայում: Իսկ որպես պրոֆեսիոնալ օդաչու, առաջին ուղևորությունը կատարել է դեպի Աթենք՝ 120 ուղևորներով:

«Երբ առաջին անգամ Airbus-ի օդանավ քշեցի, անհանգստությունս ու վախս շատ էին, որովհետև կյանքում առաջին անգամ նման մեծ պատասխանատվություն էի  ստանձնում, սակայն, միևնույն ժամանակ, ուրախ էի: Վախ էր՝ ուրախությամբ լեցուն: Չեմ կարծում՝ կա այնպիսի բառ, որը կարող է ճիշտ նկարագրել երկնքում սավառնելու զգացողությունները»,- հավելում է Հակոբ Նիկոլյանը:

Օդաչուն անդրադարձավ նաև իր՝ «Middle East Airlines»-ում աշխատանքի ընդունվելու դժվարություններին, նշելով, որ լիբանանցիների համար շատ դժվար է ոչ լիբանանյան ընկերությունում աշխատանքի անցնել՝ առանց որևէ փորձի, ուստի «Middle East Airlines»-ը իր միակ հույսն էր, որտեղ կարող էի աշխատել:  Չնայած ընկերությունը լիբանանյան ազգային ավիաընկերությունն է, բայց այն ճանաչված է ամբողջ աշխարհում,  հնագույն ու բարի համբավով ընկերություն է, որ օրական հարյուրավոր թռիչքներ է իրականացնում աշխարհի բոլոր կողմերը:  Նշանավոր այդ ընկերությունում մոտ 180 օդաչու կա: Հակոբ Նիկոլյանը միակ հայ օդաչուն  է, սակայն նշում է, որ նախկինում եղել են հայեր, որոնց մի մասին գիտի:  Օդաչուի հետ զրույցի ժամանակ անհնար է շրջանցել օդանավային աղետների թեման: Մեր զրուցակիցը, խոսելով օդանավերի աղետներին, ասաց, որ դրանց 70-80%-ը մարդու սխալի հետևանք է: Ցավոք, այսօր մեր ունեցած ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն օդանավերի դարում դեռևս աղետներ են լինում: Եթե ուսումնասիրենք, մոտավորապես 70-80%-ը մարդկային սխալի (human error)  պատճառով է տեղի ունենում: Կարելի է ենթադրել, որ մարդը ամենաթույլ բաժինն է օդանավի թռիչքի մեջ: Ամեն անգամ, որ որևէ երկրում օդանավի վթար է տեղի ունենում, նեղվում եմ: Բայց դա ինձ նաև մղում է, որ «դաս սովորեմ»,  էլ ավելի ուսումնասիրեմ օդանավն ու նրա կառուցվածքը՝ համոզված լինելով, որ միշտ 70-80% սխալվելու  և վթարի պատճառ դառնալու հավանականություն կա»:

Ինչպիսի՞ն կլինի 2017-ը  լիբանանահայերի ու, մասնավորապես, իր համար. Հակոբ Նիկոլյանն ասաց, որ 2017-ի համար կանխատեսում անելը բարդ է, իսկ ինքը  հատուկ ծրագրեր չունի և, առհասարակ, նախընտրում է ծրագրեր չկազմել, այլ սպասել հնարավորությանը՝ փորձելով ձեռքից բաց չթողնել այն:  Իր հետաքրքրությունների մասին խոսելով, նշում է, որ ամենից շատ սիրում է գիրք կարդալ: Ամենասիրելի գրքերից մեկը M. Scott Peck-ի «The road less traveled»աշխատությունն է, որի առաջին նախադասությունը՝ «Life is difficult» («Կյանքը դժվար է»), Նիկոլյանի կարգախոսն է:

«Եթե մարդն իմանա և ընդունի, որ կյանքը դժվար է, կյանքը կդադարի դժվար լինելուց»,- համոզված է օդաչուն, ավելացնելով, որ ինքն ընդունել է, որ կյանքը հեշտ չէ, և ընդունելուց հետո շատ դրական լիցքերով հագեցած ու լավատես կյանքով է ապրում:

 

 

 

Հակոբ Նիկոլյանն անդրադարձավ նաև իր հայկական արմատներին: Հայերը Լիբանանում բավական սիրված ու ճանաչված են, և հայ լինելն այնտեղ առավելություն է դիտվում:

«Մենք՝ հայերս, այս տարածաշրջանում ճանաչվեցինք որպես աշխատասեր ժողովուրդ: Երբ ես աշխատանքի ընդունվեցի, մարդիկ, նախքան ինձ մոտիկից ճանաչելը, ասում էին՝ եթե հայ է, ուրեմն աշխատասեր է և փայլուն կլինի գործում: Հայ լինելն ինձ շատ է օգնում աշխատանքում և կյանքում: Այն մարդիկ, որոնք գիտեն մեր անցյալը, շատ են գնահատում և հարգում մեզ: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ»,-ասում է հայ օդաչուն:

 

 

Տաթևիկ Մուրադյան