Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Հայազգի զինվորները թուրքական բանակում. Սոֆյա Հակոբյան
Հայազգի զինվորները թուրքական բանակում. Սոֆյա Հակոբյան
28 Դեկտեմբեր 2015 , 00:11


Դեկտեմբեր 28 , 2015 , 00:11

«Կյանքիս ընթացքում հայ լինելուս համար բազմաթիվ անգամներ ենթարկվել եմ խտրականության, դրանցից մեկն էլ զինվորական ծառայությունս իրականացնելու ընթացքում վերապրեցի:

Երդմնակալության արարողությունից հետո բոլոր բանակային ընկերներիս ուսադիրներ շնորհվեցին, միայն ինձ առանձնացրեցին և չտվեցին: Երկու երեխա ունեցող հասուն մի տղամարդ էի, գուցե և պետք էր  բնավ «վեջս» էլ չլիներ: Բայց ծանր տարա այդ խտրականությունը: Արարողությունից հետո, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ կիսում էին իրենց երջանկությունը, թիթեղյա տնակի ետևում ժամերով միայնակ լաց եղա:

Ձեռքիս բանալին քայլելիս քսում էի թիթեղին, որպեսզի լացս չլսվի: Մեկ այս կողմ, մեկ այն կողմ քայլեցի, քայլեցի ու արտասվեցի»:


Հրանտ Դինք


Նախկինում մի քանի անգամ խոսել եմ Թուրքիայի հայերի` թուրքական հասարակության մեջ ներգրավվածության, քաղաքացիական իրավունքների, նրանց դեմ կիրառվող բազմապիսի ճնշումների մասին: Երբ, խոսելով Անկարայի պայթյունի ժամանակ զոհված հայազգի Սերդար Բենի մասին, նշեցի, որ Թուրքիայի վարած պատերազմների, այդ երկրում իրականացվող ահաբեկչությունների ու նոր կոտորածների մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ հայերն այնտեղ կարող են լինել և' հալածվողների և' զենքը ձեռքին կանգնած զինվորների շարքում, շատերը մեղմ ասած ցնցվեցին, գրվածն  ընդունեցին, բայց նաև շատ քննադատեցին,  սակայն ուզենք դա,  թե` ոչ, մեր չիմացածները, մեր իմացածների կողքին շատ ավելի բարդ ու ոչ պակաս կարևոր են:

Հիմա Անկարան մի կողմ դնենք: Իսկ ի՞նչ կզգա Սփյուռքի կամ Հայաստանի որևէ հայ, երբ փորձի պատերացնել (միայն փորձի), որ մեր մասնատված հայրենիքի մյուս կողմում` փշալարերից այն կողմ, այդքան երանելի Կարսում, Արդահանում կամ Բայազետում զենքը ձեռքին կանգանծներից թեկուզ մեկը հայ է:

Ես այս անգամ շրջանցեցի այն հարցը , թե ինչ ենք մենք զգում այդ պարագայում, այլ փորձեցի հասկանալ ու պատմել, թե ինչ են զգում նրանք` սահմանի մյուս կողմի թուրքական համազգեստով հայ երիտասարդները:

 

«Ոչ մահմեդականների»  զինվոր դառնալու իրավունքը

Թուրքիայում քրիստոնյա համայնքներից երիտասարդների թուրքական բանակ զորակոչվելը առանձնակի ուշադրության արժանի մի թեմա է, որը մշտապես տարբեր քննարկումների և վեճերի առարկա է եղել:

Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և 20 տարեկանը լրացած ցանկացած երիտասարդ, ով չունի լուրջ առողջական խնդիրներ, պարտավոր է զինվորական ծառայություն անցնել  Թուրքիայի Հանրապետության զինված ուժերում (ծառայությունը տևում է 12 ամիս այն դեպքում, երբ երիտասարդն ունի միջնակարգ կրթություն, և 5 ամիս բարձրագույն կրթություն ստացածների համար` համալսարանն  ավարտելուց հետո): Այս օրենքը տարածվում է բոլորի վրա`  անկախ էթնիկ ու կրոնական պատկանելիությունից: Եւ, չնայած դրան, 78 000 000  բնակչություն ունեցող Թուրքիայում պաշտոնապես գրանցված մոտ 100 000 (60 000 հայ, 2500 հույն, 14 000 ասորի, 21 000 հրեա և մոտ  3000 բողոքական-քրիստոնյա թուրքեր) «ոչ մահմեդականներից» (թրք.- Gayrimüslim) մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր կարողացել են պետական պաշտոն ստանալ, առավել ևս` զինվորական:

Դեռևս Օսմանյան շրջանում քրիստոնյաների ու հրեաների զինվորական ծառայության հարցը հաճախ վերածվում էր լուրջ խնդրի: Ի սկզբանե «երկրի պաշտպանության սուրբ գործը» համարվում էր մահմեդականների մենաշնորհը, և քրիստոնյաներն անգամ իրավունք չունեին զենք կրելու: Թանզիմաթի շրջանի բարեփոխումներից հետո օրենքը փոփոխության ենթարկվեց, թեև այդպես էլ մնաց թղթի վրա: Ավելի ուշ` 1909թ.-ին Մեջլիսն ընդունեց Օսմանյան կայսրության բոլոր տղամարդկանց զինվոր դառնալու իրավունքը:  [1]

 

Առաջին համաշխարհայինի տարիներին Ցեղասպանության ծրագրի շրջանակներում Օսմանյան բանակ զորակոչված հայերի թեման, թերևս, ամենամանրամասն ուսումնասիրվածներից է: Ես միայն կհավելեմ, որ ժամանակակից Թուրքիայում մշտապես վարպետորեն շրջանցում են ոչ միայն Առաջին Համաշխարհայինի տարիներին իրագործած ոճիրները, այլև`  Օսմանյան բանակին անգնահատելի ծառայություններ մատուցած հայ սպաներին, ռազմական բժիշկներին ու շարքային զինվորներին, որոնց ընտանիքներն այդ ընթացքում գտնվում էին կամ Դեր-Զորի անապատներում կամ կոտորվում էին իրենց գյուղերում ու աքսորի ճանապարհներին [2] :

Հայկական տարրը Թուրքիայում մշտապես որակվել է որպես «թիկունքից հարվածող», և թուրքական քարոզչամեքենան ու անգամ թուրքական հասարակությունը չի կարող թույլ տալ, որպեսզի հայը ներկայացվի որպես հերոս, կամ թեկուզ պարզապես զինվոր: Չէ, որ նրանց խորին համոզմամբ «ղազիականությունը» (թրք. gazi- պատերազմող, նվաճող ) թուրք ազգի մենաշնորհն է, ավելին` յուրաքանչյուր թուրք ծնվում է արդեն զինվոր:

Քանի որ Թուրքիայում քրիստոնյաներն ու հատկապես հայերը ազգային անվտանգության տեսակետից պոտենցիալ վտանգ ներկայացնող տարր են համարվում, մի ժողովուրդ, որի մասին պատմելիս դեռ դպրոցի առաջին դասարանից սկսած քարոզվում է նրանց «ներքին դավաճան»  լինելը,  բանակում նրանց սովորաբար չէին վստահվում լուրջ պաշտոններ: Եւ հաճախ քրիստոնյաները թուրքական բանակում կատարել են աննշան ու աչքի չընկնող գործեր, եղել են  ասենք գրագիր, հաշվապահ, վարորդ և այլն:

Թվում է, թե սա ձեռնտու իրավիճակ էր այդքան հարվածներ կրած հայ համայնքից դուրս եկած երիտասարդների համար, որոնք պիտի միայն երջանկանային, որ հաճախ չեն մասնակցում զինված բախումներին ու այլ հարցերին: Սակայն Թուրքիայի որոշ հայերի համար դա այդքան էլ այդպես չէ: Քաջ գիտակցելով, որ սա ոչ թե հայերին խնայելու ու պաշտպանելու, այլ նրանց հանդեպ խտրական, մեկուսացման քաղաքականություն է ու  «դավաճան» պիտակված լինելու ևս մեկ հիշեցում, հաճախ նրանց համար կար խնդիր` ապացուցելու, որ ունակ են և արժանի են զենք կրելու մյուս տղամարդկանց հետ հավասար,  և ի վերջո հայը այդ հողի վրա ունի ավելի մեծ իրավունքներ, քան բանակում «ջրկիր» լինելը: Պարզ է, որ որևէ կարևոր ոլորտում նրանց ներգրավված չլինելը  մեխանիկորեն զրկում էր նրանց այդ ոլորտում հաջողության հասնելու ու լուրջ պաշտոնների հավակնելու հնարավորությունից:

Փաստերն այսօր էլ խոսում են այն մասին, որ Օսմանյան շրջանում սկիզբ առած «Ոչ մահմեդականների զինվորականության խնդիրը» Հանրապետության շրջանում ոչ միայն չի գտել իր վերջնական լուծումը, այլև որոշակի ժամանակաշրջաններում անգամ ավելի սուր բնույթ է ստացել:

 

 «ԱՍԱԼԱ-ի սերմերն» ու «Մակարիուսի ճտերը»

 

Անշուշտ, տարբեր ժամանակաշրջաններում թուրքական բանակում ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կիրառվող ոտնձգությունները տարբեր բնույթի ու չափի կարող էին լինել: Կարևոր է նշել, որ գրեթե մշտապես ներքին քաղաքական տատանումների մեջ գտնվող Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների համար իրավիճակը պարբերաբար սրվում ու համեմատաբար խաղաղվում էր,  սակայն այն երբեք չի եղել նրանց համար ամբողջովին անվտանգ ու բարենպաստ:

Բնականաբար, Հանրապետության շրջանում Թուրքիայի հայերի համար ամենաբարդ ժամանակները եղել են ԱՍԱԼԱ-ի գործողությունների իրականացման շրջանը, հույների համար` Կիպրոսի դեպքերի ժամանակները, քրդերի ու մնացած այլազգիների համար հատկապես ծանր էին զինվորական հեղաշրջման,  նաև` քրդական PKK-ի ակտիվացման ժամանակները և այլն [3]:

Առանձին թեմա է Երկրորդ Համաշխարհայինի տարիներին Թուրքիայում քրիստոնյաների զորակոչն ու բանակում նրանց դեմ կիրառված հատուկ քաղաքականությունը, ինչը շատ ընդհանուր բաներ ուներ Ցեղասպանության տարիներին բանակի ներսում կատարվածներին, ինչին անդրադարձել եմ ամիսներ առաջ:

Սակայն, անգամ երկրի համար խաղաղ համարվող տարիներին հատկապես հայ ընտանիքներում երբևէ վախի ու անապահովության զգացումը չի լքել ոչ ոքի, հատկապես` բանակ զորակոչված որդի ունեցողներին: «ԱՍԱԼԱ-ի սերմեր»  ու «Մակարիուսի ճտեր» (Կիպրոսի առաջին նախագահի բնորոշումը) հայտնի հայհոյանքների ներքո ծեծված հայ և հույն զինվորներ կան նաև այսօր:

Վերլուծելով վերջին մի քանի տասնամյակում եղած իրադարձություններն ու ներկայումս առկա իրավիճակը, կարելի է գրանցել մի փաստ. որ դեռևս երկու-երեք տասնամյակ առաջ  բանակ զորակոչվելիս ոչ մահմեդական երիտասարդներին հաճախ բաժին էին ընկնում հիմնականում այսպես կոչված «կենտրոնական Անատոլիայի» հատվածները. քրիստոնյա հայ երիտասարնդներից շատերն իրենց ծառայությունն անցկացնում էին ավելի շատ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կոնյան, Անկարան, Կայսերին (Կեսարիա), Յոզղատը, նաև` դեպի  ավելի արևմուտք` Քյութահյա, Թեքիրդաղ, Էգեյան հատված և այլն: Առհասարակ, հայազգի քաղաքացիները տեղակայվել են Հայաստանի սահմանից հնարավորինս հեռու, և նախկինում շատ քիչ կարելի էր հանդիպել Արևմտյան Հայաստանի  տարածքում կամ սահմանամերձ շրջաններում զինվորական ծառայություն անցկացնող հայ երիտասարդների: Նախկինում սովորական երևույթ էին նաև այլազգի զինվորների զորամասից զորամաս, նահանգից նահանգ հաճախակի տեղափոխումները: 

Այդ շրջանում շատ տարածված էր հայազգի զինծառայողների հատուկ մեկուսացումը, մյուս զինվորների հետ շփումներից հեռու պահելը և այլն:

Չի կարելի չնշել նաև այն փաստը, որ երբեմն հենց զինվորին պաշտպանելու նպատակով որոշ հրամանատարներ հատուկ էին դա իրականացնում:

 

  «Խաղաղության» շրջանը

 

Եթե նախկինում շատ ավելի ակնհայտ էր թուրքական բանակի ներսում հայերի հանդեպ ընդգծված քաղաքականության առկայությունը, ապա վերջին տասնհինգ տարում և հատկապես ներկայիս իշխող կուսակցության կառավարության ղեկին անցնելուց հետո պատկերը փոքր-ինչ այլ է: Ներկայումս կարելի է հանդիպել բազմաթիվ հայերի, որոնք ծառայել են Կարսում, Դիարբեքիրում, Շըրնաքում, Խարբերդում և անգամ` Հաքքարիում (թուրք-իրաքյան սահմանին գտնվող ամենավտանգավոր շրջաններից մեկը, որտեղ ամենաշատն են իրականացվում քուրդ զինյալների դեմ հատուկ գործողություններն ու քրդական PKK–ի կողմից փոխադարձ հարձակումները: Հենց այստեղից են ամենաշատը թուրք զինվորների մահվան լուրեր գալիս, Հաքքարիի զինվորների մասին լեգենդներ են հյուսվում):

 

Սա կարելի է կապել այն հանգամանքի հետ, որ իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը (AKP), որքան էլ զարմանալի հնչի, իր կառավարման սկզբնական շրջանում հաջողացրել էր իր շուրջը համախմբել ազգային փոքրամասնությունների մի մեծ զանգված, որոնց թվում քիչ չէին նաև հայերը: Ի հակառակ իրենց նախորդող, խիստ ազգայնական գաղափարների վրա հիմնված քաղաքականություն վարող կառավարությանը, որի կառավարման շրջանում հայերն ու այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ  ավելի մեկուսացված էին, նոր իշխանությունները Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների հավասար իրավունքների, քրդական հարցի լուծման ու զինված գործողությունների դադարեցման, աստվածասիրության ու խոսքի ազատության խաբուսիկ կոչերով ու խոստումներով էին սիրաշահում իրենց ընտրողներին:

Թե ինչպես եղավ, որ հենց այս կառավարության օրոք Թուրքիայում սկսվեց խոսել Ցեղասպանության մասին և ինչ գին վճարեց հայ համայնքը դրա դիմաց` մեկ այլ հոդվածի թեմա է: Ինչ վերաբերվում է բանակին, ապա պիտի նշենք, որ այո, հայերն այլևս մյուս բոլոր զինվորների պես երկրի ցանկացած հատվածում բոլորի հետ հավասար մասնակցում էին տարբեր գործողությունների և ավելի քիչ էին մեկուսացվում հենց բանակի ներսում: Թվում էր թե նրանք բոլորի հետ հավասարապես կարող էին արդեն անցկացնել իրենց զինվորական ծառայությունը` օգտվելով այդ երկրի քաղաքացուն տրված բոլոր իրավունքներից: Այո, թվում էր, բայց  միայն թվում էր...

 Այս շրջանում եղած որոշ փոփոխություններ  կարելի է որակել հարաբերական ու խաբուսիկ և, ի վերջո, դրանք հայերի համար անվտանգության տեսակետից քիչ բան փոխեցին:

 Որքան էլ վերջին տարիներին թեման ակտիվորեն լուսաբանող թուրքալեզու մամուլն ու տարբեր թուրք հեղինակներ նման խնդիրներ բարձրաձայնելուն զուգահեռ փորձեն տեղի ունեցած խտրականություններն ու թուրքական բանակում հայերի, հույների, հրեաների կրած դժվարությունները ներկայացնել որպես Թուրքիայի համար ծանր ու խառնաշփոթ ժամանակներում տեղի ունեցած և արդեն անցյալում մնացած հարցեր, այնուամենայնիվ, փաստ է, որ թվացյալ «խաղաղ» շրջանում էլ  բանակում առկա բազմաթիվ երևույթներ շարունակում էին խնդիրներ առաջացնել ոչ մահմեդական զինվորների համար: Գուցե այս շրջանում պակասել էին այլազգի զինվորների անձի հետ կապված հաճախակի հարցաքնություններն ու բացահայտ ոտնձգությունները,  սակայն մի շարք խնդիրներ մինչ օրս առկա են, սկսած ոչ թուրքական անունների պատճառով բանակում խտրական վերաբերմունքից, զինվորների շրջանում մեկուսացումից, որոշ դեպքերում մինչև անգամ ֆիզիկական բռնություններ, որոնք միշտ էլ անպատիժ են մնացել, իսկ երբեմն էլ` խրախուսվել:

 

 Խաղա՞ղ էր արդյոք էրդողանական կառավարության շրջանը հայ զինվորի համար… Հարցին պատասխանելու համար երկար մտածել պետք չէ. հիշենք ընդամենը չորս տարի առաջ սպանված Սևակ Բալըքչըին:

 

Սևակ Բալըքչըն թուրք ազգի նահատա՞կ 

2011թ.-ի ապրիլի  24-ին թուրքական բանակի ժամկետային զինծառայող հայազգի Սևակ Շահին Բալըքչըի մահվան մասին շատ է խոսվել: Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանում (պատմական Սասունի Հազրոյի շրջան) սպանված Սևակի դահիճը, որը մինչ այդ համարվում էր նրա ամենամոտ բանակային ընկերը, դատապարտվեց  ազատազրկման 4 տարի 5 ամիս և 10 օր ժամկետով: Վճիռը մի քանի անգամ բողոքարկած Բալըքչը ընտանիքը դեռ սպասում է արդարացի դատավարության: Այն, որ հենց ապրիլի  24-ին տեղի ունեցած այս սպանության «ոչ դիտավորյալ հանցանք» որակումը մեղմ ասած աբուսրդ էր և, որ աբսուրդ են նաև սպանված հայ զինվորի ընտանիքի` Թուրքիայում արդար դատի սպասումները,  պարզ է բոլորիս: Այս անգամ այլ բանի մասին պիտի խոսեմ:

 

Սևակի թաղման արարողության օրը Թուրքիայում տեղի ունեցավ մինչ այդ նախադեպը չունեցած մի իրադարձություն` ազգային  նահատակի հոգեհանգիստ եկեղեցում: Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում դրվեց Սևակ Բալըքչըի դին` դագաղը թուրքական դրոշով ծածկված, ինչպես  սովորաբար լինում է, երբ զինվորները մահանում են հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարելիս: Եւ այս ամենը ի հեճուկս նրա, որ Սևակը պաշտոնապես այդպես էլ չգրանցվեց որպես նահատակ: Սակայն որքան էլ մեզ համար զարմանալի թվա, նրա ընտանիքը պայքարեց, որպեսզի նրանց տղան նույնպես համարվի նահատակ (թրք. Şehit), ինչպես դա կարվեր անպայման, եթե մեռած զինվորը թուրք լիներ: Մի կողմ դնենք, որ նրանց այդ պայքարն ապարդյուն անցավ, խնդիրն ավելի խորքային է: Երևույթը շատ բարդ է ընկալել Հայաստանի կամ Սփյուռքի որևէ հայի համար,  ավելին` հայի համար գուցե ավելի վատ մղձավանջ լինել չի կարող, քան հայկական եկեղեցում հայ զինվորի դիակը` թուրքական դրոշով փաթաթված: Թուրքիայում հայի ազգային նահատակ համարվելը անգամ կարող է վիրավորել մեզանից շատերի  հայրենասիրական զգացումները:

Սակայն բազմաթիվ հայեր Թուրքիայում դիտավորյալ Սևակ Բալըքչըի անվան դիմաց մեծատառերով գրում էին Şehit  բառը: Որովհետև լինել հայ Թուրքիայում, նշանակում է ամեն օր կռիվ տալ  և  ապացուցել, որ դու այդ երկրի լիիրավ քաղաքացին ես ու նախ և առաջ այդ հողի իսկական զավակը,  մեկը, ում պապերը ոչ մի տեղից  չեն եկել, այլ միշտ այդտեղ են եղել:

Չափազանց բարդ է վերլուծել ու հասկանալ այն ծնողների հոգեկան վիճակը, որոնք շատ լավ գիտակցելով , որ իրենց տղայի սպանությունը կատարվել է էթնիկ ու կրոնական հողի վրա, այդ նույն զավակի անշունչ մարմինը ծածկում են իրենց մարդասպանների դրոշով ու ավելին` դա անում են ի հեճուկս հենց այդ մարդասպանների:

 Մի կողմ դնենք այն հարցը, թե որքանով էր սա ճիշտ կամ խելամիտ (իմ չափազանց սուբյեկտիվ կարծիքն այս հարցում բացասական է), սակայն փաստ է, որ ապրիլի 24-ին սպանված հայ զինվորի` թուրքական դրոշով փաթաթված ու հայկական եկեղեցում դրված մարմինը, նրա շուրջ հավաքված սգավորներով հանդերձ, Ցեղասպանությունից այս կողմ այդ երկրում մեր հանդիպած ամենաողբերգական, ամենահակասական, ամենադաժան պատկերն էր` հայերի մասնակցությամբ: Պատկերը շատ ավելի բազմիմաստ ու դաժան է, քան բուն ողբերգությունը` Սևակի սպանությունը:

 

Պաշտոնական շրջանակները Սևակ Շահին Բալըքչըին նահատակ համարել հրաժարվեցին, բերելով մի քանի պատճառներ. նախ շեշտվում էր այն փաստը, որ վերջինս մահացել է, ոչ թե թշնամու դեմ պայքարում, այլ նրա մահը «դժբախտ պատահար» էր: Թեև զինվորական ծառայության ընթացքում ոչ թշնամու դեմ կռվում մահացած մի շարք թուրք զինվորների` նահատակի կոչում ստանալու դեպքերը հայտնի են, այնուամենայնիվ, Սևակից հետո կրկին առաջ բերվեց այն հարցը, որ «նահատակի» կոչումը ունի նաև կրոնական նշանակություն և գալիս է Ղուրանից:  

Սևակի մորը` Անի Բալըքչըին հատկապես վիրավորել էին այն խոսքերը, թե «նահատակ կոչվելու համար մահմեդական լինելը պարտադիր պայման է» [4] :

Նահատակի կոչումը Թուրքիայում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան թվում է. դա ամենամեծ պատիվն է, որ կարող են ստանալ զինվորն ու նրա ընտանիքը, իսկ ըստ Ղուրանի` թշնամու դեմ պատերազմում նահատակվածը դրախտ է գնում:

 Խոսելով Ս. Բալըքչըի մասին և շարունակելով վերջին տարիներին Թուրքիայում հայերի (այդ թվում և զինվորների) «ավելի ազատ» իրավունքների մասին վերևում սկսված թեման, կարիք եմ զգում շեշտելու հենց սա. մինչ օրս չի հստակեցվել, թե արդյոք թուրքական բանակի շարքում զոհված քրիստոնյաները կարո՞ղ են ստանալ նահատակի կոչում, թե՞ ոչ: Չմոռանանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, որտեղ հասարակ քաղաքացիները դեռ վիճում են, թե արդյոք քրիստոնյաները կարո՞ղ են դրախտում հայտնվել նրանց հետ միասին:

Իսկ եթե ավելի լուրջ շրջանակների մասին խոսենք, այս հարցն իրականում իր մեջ պարունակում է մի շարք նրբություններ. նահատակի ընտանիքը,  բնականաբար, տարբեր հարցերում պետք է ունենա մի շարք արտոնություններ, ստանա համապատասխան թոշակ և այլն: Ավելորդ է ասել, որ Թուրքիայում որևէ հայ ընտանիքի պետության կողմից նման առավելություններ տրամադրելը ֆանտաստիկայի ժանրից է` անգամ երկրին նահատակ  տալուց հետո: Ու թեև Սևակի մահն իսկապես նահատակության հետ կապ չուներ, տրամաբանական են թվում  Ս.Բալըքչըի հոր գլխավորությամբ Թուրքիայի մի շարք հայերի բողոքներն այն հարցում, որ եթե պարգևների, կոչումների ու անգամ մահանալու դեպքում նահատակ համարվելու իրավունքը չունեն և թուրքական պաշտոնական պատմագրության համաձայն երկրի համար վտանգավոր տարր են համարվում, ապա թող նրանց երեխաներն առհասարակ բանակ չզորակոչվեն և ստիպված չլինեն անցնելու այդ ամենի միջով [5]:

 

Իսկ մահմեդականաց(վ)ած հայե՞րը  

 

Վերը նշված 100 000 այլադավանների  ներկայացուցիչների մեջ, բնականաբար, չեն նշվում համշենցիներն ու Թուրքիայի մի շարք շրջաններում ապրող բազմաթիվ այլ մահմեդականաց(վ)ած ու ծպտյալ հայեր, ասորիներ , հույներ և այլն: Որպես կրոնական փոքրամասնություն չեն հաշվառվում նաև ալևիները (հետևաբար նաև ալևիացած հայերը), որոնց փաստաթղթերում կրոնի բաժնում նույնպես նշվում է «իսլամ»:

Անշուշտ, իսլամացած կամ ալևիացած հայերը դուրս չեն մնում պետության ուշադրությունից և կրկին  տարբեր ոլորտներում հանդիպում են խտրականությունների, քանի որ անկախ նրանից, թե անձը հաստատող փաստաթղթում կրոնի բաժնում ինչ է նշված, պետությունը գաղտնի կոդավորում է քաղաքացիների անձնագրերը ըստ նաև էթնիկ պատկանելիության:

Նրանք մշտապես վերահսկվում են ամենուրեք, և քիչ չեն բանակում նրանց հանդեպ կիրառված այնպիսի ոտնձգությունները, ինչպիսիք ընդգծված կողմնակալ վերաբերմունքն է, շահագործումը, ծեծը, անգամ մահափորձերն ու սպանությունները: Այս սպանությունները միշտ էլ որակվել են  «դժբախտ պատահար», որոնք, ի դեպ թուրքական բանակում շատ հաճախ են պատահում: Եվ քանի որ մահմեդական հայերը պաշտոնապես չեն գրանցվում որպես փոքրամասնություն, ընտանիքները շատ հաճախ հնարավորություն չունեն էթնիկ հողի վրա իրականացված հանցանքի մասին բարձրաձայնել, ինչպես դա արեց Սևակ Բալըքչըի ընտանիքը:

Թեև այս հայերի մահմեդական լինելու պատճառով նրանց վերապրածները բանակում սովորաբար չեն դիտվում որպես էթնիկ հողի վրա իրականացված ոտնձգություններ ու հաճախ դուրս են մնում հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունից, սակայն մի շարք վկայություններ փաստում են, որ յուրաքանչյուր մահմեդականաց(վ)ած հայի անցյալը Թուրքիայում այնքան մանրամասն է ուսումնասիրված պետության կողմից, որ հաճախ տվյալ անձն ինքն անգամ իր անցյալից այդքան տեղեկություն չունի: Քիչ չեն այն դեպքերը, երբ բանակում իրենց ազգային պատկանելիության պատճառով վատ վերաբերմունքի արժանացող մահմեդական հայ երիտասարդներն հենց զինվորական ծառայության ընթացքում են պարզել իրենց հայկական ծագումը: Երկար ժամանակ հատուկ վերահսկողության տակ են պահվել նաև այն զինվորները, որոնց ընտանիքը այս կամ այն կերպ հարաբերվել է հայերի հետ և ունեն հայ մայր, տատ և այլն [6]:

 

Վերջում, թեմայի շուրջ մեր ուսումնասիրության ընթացքում հավաքագրված 39 վկայություններից հինգը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

 

Ս. Չ. 48 տարեկան

«Ուղիղ 25 տարի առաջ եմ բանակ զորակոչվել: Կոնյայում եմ ծառայել: Վեց ամիս վանդակում կարծես լինեի: Զենք ընդամենը երկու անգամ եմ բռնել, հավատու՞մ ես: Քրիստոնյան բանակում անգամ սերժանտի կոչման մասին չի կարող երազել: Միշտ կանչվում էի հարցաքննության. ամեն հարցաքննությունից մի սպի ունեմ… էլ Հայաստանի հետ կապեր, էլ ԱՍԱԼԱ, էլ եսիմ ինչ… Ախր Հայաստանի կողքով չեմ անցել անգամ երբևէ:

Ու հանդուրժում ես, որովհետև գիտես,որ այս երկրում մարդկային կյանքը ջրից էժան է… Քեզ որ մի բան եղավ, ոչ ոք տեր չի քեզ, ընտանիքիդ…»:

 

 Շ. Ք. 25 տարեկան

«Իմ բախտն այնքան էլ չբերեց, Հաքքարի Դաղլըջա զորակոչեցին ինձ: Կյանքիս ամենադժվար ժամանակաշրջանն էր:  Հաքքարիից հետո ոմանց պես հոգեկան հիվանդություն վաստակած չվերադարձա, բայց չեմ կարողանում հիվանդ կամ վիրավոր մարդկանց նայել, նման տեսարաններից արդեն երեխայի պես աչքերս փակում եմ, սովին չեմ դիմանում, չոր անկողին տանել չեմ կարողանում: 

Ես երկու շաբաթվա ծառայող էի, երբ Սևակ Բալըքչըի մահվան լուրը եկավ: Հրամանատարը կանչեց իր մոտ, ասաց.  «Ոչ մի բանի չխառնվես»:  Տասն օր անց կանչեց նորից. «Քեզ կարևոր գործեր են սպասում, ուզում եմ, որ հենց դու անես» ասաց:

Հենց սահմանային դիրքերում եմ եղել, հրամանը տալիս էին, մենք ռմբակոծում էինք… քրդական ճամբարները…Սկզբում շատ դժվար էր, հետո սովորեցինք: Ուղեղդ անջատում ես այդ պահին, հանձնարարությունը պիտի լավագույնս կատարես: Քանի որ եթե մյուսները թերանան, նրանց «շան լակոտ» ասելով կապտակեն, բայց քեզ որ ապտակեն «հայի լակոտ» ասելով են անելու, իսկ դու պատաստ ես ամեն ինչի, միայն թե դա չկատարվի»:  

 

Ս. Մ. 25 տարեկան

 «Զինվորական ծառայությունս Կարսում է անցել: Այն ժամանակ տասնհինգ ամիս էր ծառայության ժամկետը: Սովորական շարքային եմ եղել:  Զինվորները ի սկզբանե չեն էլ կասկածել հայ լինելս: Ամենասկզբում, երբ բերեցին մեզ Կարս, դե բոլոր զինվորներին հաշվառելիս էսպես պիտակի պես բան են բաժանում, պահում ես մոտդ: Երբ զինվորը նահատակվում է, դա ամրացնում են մահացածի քթի ներքևի մասից, երկու տեսակի կա` մեկը վրան «Մ» (Müslüman - մահմեդական) գրված, մյուսը  «Հ» ( Hristiyan-քրիստոնյա ): Ինձ առանց հարցնելու «Մ» տառովը տվեցին, ես ինքս գնացի փոխեցի և «Հ»-ն վերցրեցի: Սպան տեսավ, ձայն չհանեց: Մի քանի ամիս անց այդ սպան շարայինի ժամանակ իրենց նախորդ օրվա պարտականությունները լավ չկատարած զիվորներին իբրև թե կատակով ծաղրեց. «Այս ինչ վաշտ է, կարո՞ղ է ձեր մեջ հայ կա»  … «Հայ» որ ասում են, ամենավատ հայհոյանքն է: Բոլորը ծիծաղում են: Ձայն չեմ հանում ես: Երեկոյան զինվորները իրար մեջ չարախնդում են ու անընդհատ կրկնում.  «Տեսնես էտ մեր միջի հայն ո՞վ է, վայ վայ» : Նյարդերս լարված, դուրս եկա: Ինքս ինձ ասացի «Ինչ լինում է` թող լինի… Գրողին, թե բերանս կջարդեն»: Արագ ներս մտա ու ասացի . «Էդ ձեր միջի հայը ես եմ, ինչ խնդիր կա, եկեք դուրս գնանք պարզենք» : Բոլորը շոկի մեջ ինձ են նայում սառած հայացքով: Վերմակները քաշեցին գլխներին քնեցին:

Այդ սպան չէր սպասում, որ նման բան կանեմ: Մեկ շաբաթ անց եկավ . «Կուզես քեզ այս ինչ վաշտը տեղափոխենք, ավելի հանգիստ է» : Ասացի. «Ոչ, շնորհակալ եմ, ես այստեղ էլ եմ հանգիստ»: Ասաց. «Դե տես, խնդիր ունենաս, ինձ ասա» :

 

Դ. Ա. 29 տարեկան

«Ինը տարի առաջ Քյութահիայում եմ ծառայել: Այն ժամանակ գյուղից նոր էինք եկել Ստամբուլ ու դեռ մկրտված չէի, կնունքի թուղթ չունեի, փասթաթղթերիս մեջ «մահմեդական» էին գրանցել: Այդ պատճառով շատ խնդիրներ չունեցա, բայց սպաները, մի խոսքով նրանք, ովքեր պետք է իմանային… Գիտեին ամեն ինչ իմ մասին: Երկու մոտ ընկեր ունեի, ընթացքում նրանք էլ իմացան: Հետո մեկը ծնողների հետ խոսելիս բերանից թռցրել էր: Երբեք չեմ մոռանա, մայրը եկավ տեսակցության, նայեց դեմքիս ու ասաց. «Դու հայերդ նորմալ մա՞րդ եք»: Հենց այդպես էլ ասաց, աչքերիս մեջ նայելով: Ոչինչ չպատասխանեցի: Հետո , երբ արդեն քիչ էր մնացել մեր զորացրվելուն, նորից եկավ, գրկեց ինձ, ասաց.  «Երջանիկ եմ, որ տղայիս կողքին դու ես եղել բանակում» :

 

 

Բ. Դ. 38 տարեկան

«Սկզբում Բիթլիս, հետո Թեքիրդաղ ուղարկեցին ինձ: Կյանքիս ամենաանիմաստ ամիսներն էին:  Հասարակ գործեր են հանձնարարել, դատարանում էի լինում, թղթերն էի տանում բերում: Իմը լավ էր, մյուս հայերը զուգարան են մաքրել միշտ, հատուկ հենց նրանց էին հանձարարում: Անունս թուրքական է, բայց փասթաթղթերիս մեջ նշված է «քրիստոնյա»: Եթե հայ ես, բանակում միշտ վեճերի, բախումների մեջ ես ուզած, չուզած… Մի հիմար անպայման մի ապուշություն բերանից կթռցնի քո անձի վերաբերյալ, ինքնասիրությանդ են կպնում: Չես կարողանում անպատասխան թողնել, անգամ եթե գիտես, որ մեղավոր-անմեղ չեն հարցնելու, քո գլխին է միշտ ջարդվում… Իսկ մեկուսարանում ավելի վատ են ծեծում: Չորս անգամ մեկուսարանում եմ հայտնվել: Մինչև տուն վերադարձա, 80 կիլոյից 56 էի դարձել:

Հիշում եմ մի ալևի տղայի դեմ մահափորձ եղավ մեր զորամասում: Իրականում նա էլ էր հայ: Ես չգիտեի սկզբում: Երբ տանից ինչ-որ բան էր ստանում, իր մայրն ինձ համար էլ գաթաներ էր ուղարկում: Մի օր ասացի. «Եղբայր, բայց ինչու՞ ես», ասաց. «Դու էլ ես մերոնցից»:

 

 

                                                                                         Սոֆյա Հակոբյան 

 

Աղբյուրներ`

1- Osmanlı Devletinde Gayrimüslim Nizamnameleri Murat Bebiroğlu ,KİŞİSEL YAYINLAR, 2008

2- Ermeni Subayın Çanakkale ve Doğu cephesi günlüğü- Avedis Cebeciyan, Aras Yayıncılık,2015

3- Gayrimüslim Mehmetçikler: Hatıralar - Tanıklıklar ,Rıfat N. Bali, Libra yayınevi , 2011

4. http://www.radikal.com.tr/turkiye/er-sevagi-yok-saymak-1083129/

5. http://www.milliyet.com.tr/sehit-sayilmayacaksa-neden-askere-aldilar/gundem/gundemdetay/28.03.2013/1686117/default.htm

6. «Թոռները» - Ֆեթհիյե Չեթին,Այշեգյուլ Ալթընայ, «Մետիս» հրատարակչություն, 2009

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture