Ապրիլեան պատերազմ, խաղաղապահ զօրքերու հետ Աֆղանիստան ու կրկին Արցախ, որ Դերենիկի վերջին պատերազմը դարձաւ (տեսանիւթ)... Փաշինեան պիտի մեկնի Մոսկուա... Նաւթի գինը կրնայ աճ գրանցել, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնը բարելաւուիլ... Ճերմակ քաղաքը մնաց հեռուն......
Հավերժ «գյավուր» Զմյուռնիան. Սոֆյա Հակոբյան
Հավերժ  «գյավուր» Զմյուռնիան. Սոֆյա Հակոբյան
22 Նոյեմբեր 2015 , 10:01

Ժամանակին գրեթե 60% քրիստոնյա բնակչություն ունեցող ծովափնյա շքեղ քաղաքը`առևտրի, արհեստների ու արվեստների խոշոր կենտրոն հանդիսացող Զմյուռնիան (կամ Սմիռնին) հայտնի էր իր անծայրածիր կանաչ այգիներով, ձիթապտղի պլանտացիաներով, եւրոպական տիպի բազմաթիվ նրբաճաշակ շինություններով:

Ներկայումս, բացառությամբ մի քանի կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների, հին շինությունների մեծ մասին եկել են փոխարինելու մոդեռն երկնաքերերը, իսկ Իզմիր ասելիս մարդիկ ամենից առաջ հիշում են «Իզմիր ռաք»-ը (ոգելից խմիչք)  ու կողքին մատուցվող Էգեյան ծովի ձուկը, որը պատրաստվում է ճիշտ այնպես, ինչպես Հունաստանում և Կիպրոսում:

Քաղաքից դուրս, հին հունական տաճարների ավերակների վրա միլիարդներ վաստակող թուրքերը բավականին «հանդուրժող» են գտնվել հունական մշակույթի նկատմամբ. չափազանցրած չենք լինի եթե ասենք, որ հայտնի Եփեսոսի գլխավորությամբ, պատմական  Հունաստանի (ոչ թե Բյուզանդիայի, այլ հենց` Հունաստանի) տարածքները մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ եկամուտներ են բերում թուրքերին, քան` ամբողջ Արևմտյան Հայաստանը միասին վերցրած:

Բնակչության քանակով Իզմիրը Թուրքիայում երրորդն է` Ստամբուլից և Անկարայից հետո: Այստեղ է  գտնվում  նաև երկրի խոշորագույն նավահանգիստներից երկրորդը: Եթե չհաշվենք վերջին տարիներին ակտիվորեն Իզմիրում հաստատվող քրդերին, քաղաքի բնակչության զգալի հատվածի դիմագծերը մի պահ կարող են շփոթեցնել. hաճախ կարող է թվալ, որ ոչ թե Թուրքիայում, այլ Հունաստանում, կամ Բալկանյան որևէ այլ երկրում ենք գտնվում: Իրենց առաջադեմ հայացքներով Թուրքիայի բնակչության զգալի հատվածից խիստ տարբերվող իզմիրցիներին Թուրքիայում կատակով անվանում են «փարիզեցիներ», իսկ երկրի նախագահը նյարդայնանալիս չի  վարանում կրկնել`«Գյավուր Իզմիր» :

Այո, թեև քաղաքի քրիստոնյա բնակիչները վաղուց արդեն կոտորված, գաղթականացված  կամ թուրքացված են, Իզմիրը մինչ օրս էլ չի կորցնում իր «գյավուր իմիջ»-ը:

1922թ.-ին,  Զմյուռնիայի հույն և հայ բնակչության կոտորածից հետո, թուրք զինվորները կրակի տվեցին քաղաքի քրիստոնեական թաղամասերը: Այս մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել Իզմիրի հայտնի հրդեհի մասին` անշուշտ, կրկին փոփոխված դերերով: Թուրքական դասագրքի մեջ տեղ գտած տողը պիտի մեջբերեմ առանց որևէ մեկնաբանության.  «Թշնամում աջակցող  ոչ մահմեդական բնակչությունը այրել է քաղաքը` մինչ իմպերիալիստների դեմ պայքարող թուրքական զորքի մուտքը Իզմիր: Իզմիրը ազատագրվեց 1922թ.-ի սեպտեմբերի 9-ին»:

Զմյուռնիայի մեծ հրդեհից ու Հունաստանի ու Թուրքիայի միջև բնակչության փոխանակումից հետո տեղի քրիստոնյա բնակչությունը խիստ նվազեց, իսկ մնացածներն էլ հետագա տարիների ընթացքում թուրքացան կամ արտագաղթեցին ինքնակամ:

Պատերազմի ավարտից ու Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Զմյուռնիան լցվեց բալկանյան երկրներից և գլխավորապես Հունաստանից այստեղ հասած թուրք գաղթականներով, որոնք զբաղեցրին տեղի քրիստոնյաների թաղամասերը:

Իսկ քաղաքի ամենամեծ հայկական գերեզմանոցի տեղում այսօր կառուցված է Իզմիրի ամենամեծ զբոսայգին, որը կոչվում է… դե իհարկե,  Աթաթուրքի անվան զբոսայգի:

Եթե Թուրքիայում Աթաթուրքի նկարով պաստառների ու դրոշակների օգտագործման մրցույթ հայտարարվեր, Իզմիրը հավանաբար ռեկորդակիր կդառնար:

Քեմալիզմն ու թուրքական ազգայնականությունն այստեղ բավականին խոր արմատներ են  նետել Հանրապետության հիմնման առաջին իսկ տարիներից: Նույնը չի կարելի ասել կրոնամոլության մասին, մզկիթներն այստեղ կիսադատարկ են, ինչը բնական է և  հատուկ է քեմալիստներին:

Ներկայումս քաղաքի հին հայկական թաղամասերում  որևէ հայկական հետք չի մնացել, առավել ևս` հայկական բնակչություն: Իզմիրի վերջին հայերը նավերով արտագաղթեցին եւրոպական երկրներ և Ամերիկա մայրցամաք: Կոտորածներից հետո դեռևս Զմյուռնիայում մնացած շատ քիչ թվով հայեր  նույնպես այսօր այլևս այստեղ չեն:  Երբեմն միայն կարող ենք հանդիպել Թուրքիայի տարբեր ծայրերից աշխատանքի ու ուսման նպատակով այստեղ ժամանած հայերի, ինչպես նաև` 1930-ականներին քրդական ապստամբությունների շրջանում երկրի արևելքից դեպի Էգեյան հատված արտաքսվածների շարքում որոշ իսլամացած հայերի թոռների:

Իզմիրում քիչ չեն վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածները, սակայն «զմյուռնիացի հայ»  փնտրելն այստեղ նման է խոտի դեզի մեջ շյուղ փնտրելուն:

Այնուամենայնիվ,  երկար ու բարակ փնտրտուքներից հետո մենք ի վերջո գտանք Զմյուռնիայի վերջին հայերից մեկին`   զառամյալ մի տատիկի Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում:

Լոռա տատիկի պատմությունը, որտեղ առկա են մի շարք մանրամասներ  Արևմտյան Հայաստանից դուրս Թուրքիայի մեծ քաղաքներում  Ցեղասպանությունից հետո հայերի վարած կյանքի մասին, ներկայացնում ենք առանց խմբագրման ու կրճատումների:

 

 

 

Լոռա Գ.  82 տարեկան

 

 

Իզմիրը մի ուրիշ հիշողություն է, մի ուրիշ աշխարհ: Մեր տունը փոքր էր, բայց` շատ գեղեցիկ:

Մեր այգում նարինջ, կիտրոն էինք  աճեցնում:  Եկեղեցին էր տվել մեզ այդ տարածքը, հետո պետությունը եկեղեցական գույքն առգրավվեց: Մենք կղզի գնացինք, գյուղում մնացինք մինչև հորս տուն տվեցին քաղաքում, որպես ուսուցիչ նրան մի համեստ բնակարան հասավ: Չնայած այն ինչը ուրիշներին օրենքով ու հեշտությամբ էր հասնում, հայրս մի քանի տարի դռնեդուռ ընկնելով ստացավ, այն էլ տվեցին, որովհետև նրա պես լավ ուսուցիչ չէին ուզում կորցրած լինեին, այդ տարիներին գրագետ մարդ գտնելը դժվար էր: 

 …Եւրոպացի միսիոներներից մեկն է թաքցրել հայրիկիս երիտասարդ ժամանակ, կարծեմ 18 տարեկան է եղել: Եկեղեցում մնաց, սպասավոր դարձավ: Բայց ուսումը չթողեց, Իզմիրում, Էսքիշեհիրում, Աֆյոնում ուսուցչություն արեց:

Իզմիրում այնքան քիչ էին մնացել հայերն ու հույները, բոլորը հեռացան, հիմա ոչ ոք չկա: Մնացածներն էլ թուրքերի հետ ամուսնացան, չեն ուզում իրենց երեխաներն էլ տարբեր երևան, մեկուսի ապրեն, համայնքում պարփակվելը ամեն մեկի խելքի բանը չէ: 

Մայրս Աֆյոնից է, հայրս այնտեղ որպես մաթեմատիկայի ուսուցիչ էր աշխատում , մայրիկիս էլ այնտեղ գտավ: Հայ-հոռոմներ էին ասում նրանց, իմ մոր ընտանիքին…  Հելլենիզմը ավելի շատ են ապրել որպես մշակույթ, բայց հայ էին: Այսինքն այսպես ասեմ. թուրքերի մեջ հույն, հույների մեջ հայ էին: Աֆյոնում շատ-շատ են հայ-հոռոմները: Բայց հիմա թուրքացան արդեն: Քսան տարի առաջ քեռիս կար, ու էլի մի երկու ընտանիք, որ եկեղեցի էին գնում, հիմա չես գտնի այդպիսիններին Աֆյոնում, վերջացավ:

Թուրքերենի բոլոր ուսուցիչները մերոնք էին: 

Ֆրանսիացիների, իտալացիների օգտագործած եկեղեցական շինություններում Աստվածաշնչի դասեր կային մեզ մոտ Իզմիրում, մենք էլ էինք գնում, թուրքեր էլ էին գալիս: Պատերազմից հետո Հունաստանից, կղզիներից, Սերբիայից եկած թուրքերը մեզանից շատ էին ձուլված այդ ժամանակ, քեմալիզմը նրանց թուրք դարձրեց: Իրենց թուրքերենի ուսուցիչները մերոնք էին:

Բոլորը նոր կյանք էին ուզում: Բոլորին համոզում էին, որ հիմա ազատ են իմպերիալիստներից, խալիֆատից, պատերազմներից… Մարդկանց  դուր էր գալիս գիտակցաբար խաբվել, որովհետև նրանք այնքան էին հոգնել այդ ամենից:

Բայց ես գնում եմ դպրոց, ու ինձ ասում են նկարիր քո ընտանիքը ու ես հայրիկիցս, մայրիկիցս, քույրիկիցս ու եղբորիցս բացի ոչ ոքի չգիտեմ ու նկարել չեմ կարող. գրողը տանի ո՞ւր են  իմ տատիկը, պապիկը, հորեղբայրը… Հայրս ինչո՞ւ ոչ ոք չուներ: Ու այդ պահին դու կիսատ ես մնում, քո մանկական ուղեղը մի հուսահատ դիմադրություն է սկսում: Այդ օրվանից ի վեր ոչինչ էլ հոգուդ խաղաղություն չի բերում: Ամեն օր անկայունության մեջ ես, ամեն պահի օրորվում ես, արմատները կտրված ծառի պես ու ամեն պահի պատրաստ ես ընկնել: Բայց գրողը տանի, չես էլ ընկնում…

Հայերն ու հույները իրենց ապրանքները վերագնում էին թուրքերից: 

Շատ քիչ հույներ մնացին քաղաքում, իրենց տարածքներից դուրս չգալու համար թուրքերի հետ ամուսնացողներ կային, կամ փոխված անուններով գաղթավայրերից վերադարձողներ: Բայց նրանց գույքը վաղուց բաժանել էին ուրիշներին:

Մեր տան ետևի փողոցում Բոսնիայից եկած թուրքերը տներ ստացան, բայց դա հրեական թաղամաս էր: Պատերազմից դեռ քսան տարի անց թուրք գաղթականները գալիս ու գալիս էին, դատարանով տներ էին բաժանվում նրանց, էլ չեմ ասում կղզիների դատարկ ամառանոցները… Նրանք Բալկաններում հողե տնակներում ապրողներից էին, երեխայի պես ուրախանում էին:

Իզմիրում, սայլով երբ ապրանք էր մտնում փողոցները, տարբեր վաճառականներ հին ու թանկարժեք ապրանքներ էին բերում վաճառում: Ես նախակրթարան էի գնում, դեռ այդ ժամանակ վաճառվող ապրանքներից շատերը Իզմիրի հրդեհի ժամանակ քրիստոնյայների տներից դուրս բերված ապրանքներն էին: Այսինքն այդ իրադարձություններից հետո երկար տարիներ անց  դեռ բաժանում էին, վաճառում: Հայերից  ու հույներից եղան մարդիկ, որ իրենց իսկ ապրանքները տարիներ անց վերագնեցին թուրքերից: Իմ հայրիկը ճանաչեց իր մոր փետուրներով գլխարկը: Չափից դուրս թանկ գին էին ասում, այսօրվա պես հիշում եմ իր մուշտակը վաճառեց ու գնեց այդ գլխարկը:

Թող ինձ իմ հողում «գյավուր» ասեն, թող դրսում «թուրքի ծնունդ»  չասեն: 

Եղբայրս շատ ճարպիկ, հաջողակ երիտասարդ էր… Բոռնովայում մի հրեա վարպետի մոտ արծաթագործություն սովորեց, Իզմիրում նրանց պես գործ անող չկար: Հրեան «դուքքյան»ը եղբորս էր թողելու, բայց 1944թ.-ին ունեցվածքի հարկի պատճառով ամբողջը կորցրեցին: Եղբայրս հավաքվեց գնաց Ամերիկա, քույրս էլ իր ետևից: Քսան տարուց ավելի չհանդիպեցինք: Մնացի միայնակ:

Եղբայրս ծառայությունից շատ էր վախենում:  Հորս մորաքրոջ ու երեխաների հետ նամակագրական կապի մեջ էինք մի որոշ ժամանակ, գնաց նրանց մոտ Բոստոն եղբայրս: 16 տարեկան երեխա էր:

Մինչ այդ,  հայրս երկրորդ համաշխարհայինին զորակոչվեց բանակ, ես փոքր էի: Երբ ետ վերադարձավ, այլևս երբեք նախկինը չէր: Նրանք ռազմաճակատ չեն էլ գնացել, նա պատերազմը չէր տեսել: Բայց գիշեր-ցերեկ աշխատեցրել են ճանապարհների կառուցման վրա, անընդհատ բեռներ է կրել, ինքը լավ պահած-մեծացրած… Հետո ուսուցչությունից բացի ուրիշ ոչինչ չէր արել իր կյանքում, մոմի պես բարակ մատներ ուներ: Զինվորությունից երբ տուն վերադարձավ…միշտ հիվանդ, հյուծված, հոգին տկարացել էր կարծես:

Մի քանի տարի անց մահացավ: Գնացել էր կղզի, թուրքերի ամառանոցներում ձիթապտղի ծառերն էր մշակում գումարի դիմաց: Ձիթենու տակ ծխախոտ փաթաթելիս քարացավ մնաց ուղղակի, զանգեցին ասացին եկեք տարեք…

Դեռ պատերազմի տարիներից մայրս մտել էր տեքստիլի գործարան , աշխատում էր: Երեք անգամ գնաց, չէին ընդունում, առանց որևէ պատճառաբանության: Մորս անունը Էլենի էր: Գնաց  փոխեց անունը, գրեց Նուրիյե, մահմեդական անուն ստացավ: Առանց խոչընդոտի վերցրեցին աշխատանքի: Մեզ համար ամեն ինչ անում էր… Դպրոցում ամենալավն էինք հագնվում, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ շատ մեծ դժվարությունների միջով ենք անցնում: Թուրքերի համար հաճախ միևնույն էր, եթե անգամ իրենց երեխաները ոտաբոբիկ գնային դպրոց:

Ամուսնությունից ի վեր Ստամբուլում եմ: Ինձ չհարցրեցին, երբ որոշեցին ամուսնացնել: Գտան ամուսնուս ընտանիքին,  ու իրենք իրենց մեջ ամեն ինչ որոշեցին: Մորս համար կարևոր էր, որ իր թոռները հայ լինեն: Ես երջանիկ ամուսնություն չունեցա:

Ստամբուլում այլ է, հայկական համայնքը մեծ է, հայկական դպրոցներ ունեն, ու որևէ մեկ այլ հայություն չեն ընդունում: Ես հայերեն միայն աղոթել գիտեմ: Ինձ միշտ երեսով են տվել դա:

Երկու երեխաներս ուզում են հեռանալ Թուրքիայից: Բայց ես` երբեք: Մի ասեք ինձ Ցեղասպանություն, հալածանք… Դուք ոչինչ չեք տեսել: Ես տեսել եմ սեպտեմբերի 6-ը, ոնց էին քրիստոնյաների տներից հեռուստացույցերն ու աթոռները թռչում, մարդկանց հայացքները  սարսափազդու, ինչ-որ մի այլ աշխարհից կարծես եկած լինեին: Նոր էի հարս գնացել, ընդամենը 22 տարեկան էի: Տան լույսներն անջատեցի, նստեցի: Ամուսնուս եղբոր երեխաներին եկան տարան թուրք հարևանները, տարան իրենց տուն: Ես ու սկսեսուրս մնացինք միայնակ, նա դրոշը կախեց պատուհանից ու մեր տան վրա չգրոհեցին: Այդ օրը ես տեսա մարդկանց անկառավարելի մի ամբոխ, գազազած մարդկանց, որոնք դժոխքից էին եկել: Այլևս չէի հարցնում մորս Ցեղասպանության մասին:

Բայց ես մնալու եմ: Չեմ կարող ասել ինչու: Թող ինձ իմ հողում «գյավուր» ասեն, թող դրսում «թուրքի ծնունդ»  չասեն` ոչ հայերը, ոչ օտարները:

 

 

 

                                                                          Սոֆյա Հակոբյան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture